Ցուցադրանքում ֆրանսահայ երկու արվեստագետի գործերն էին

Written by

in

Կապանի արվեստի թանգարանում հոկտեմբերի 1-ին բացվեց «Ֆրանսահայ գրաֆիկայի մեծագույն վարպետները» խորագրով ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանինն էր։

«Երևանը մարզերում» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Ցուցադրության մեջ ներկայացված էին ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) մոտ 50 գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրությունն ուղեկցվեց ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների՝ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժորժ Գարվարենցի և այլոց ստեղծագործություններով։

Ցուցահանդեսի շրջանակում Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արվեստագետ–նկարիչ Լուսինե Նաղդալյանն անցկացրեց «Մենատիպ և խառը տեխնիկա․ ստեղծագործենք միասին» խորագրով աշխատարաններ։

Սփյուռքահայ երկու ականավոր արվեստագետի ստեղծագործություններին հնարավոր կլինի հաղորդակից լինել մինչև հոկտեմբերի 14-ը։

«Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Գյումրիում և Վանաձորում, և նկատեցինք, որ նման ցուցահանդեսների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Ուստի որոշեցինք այս տարի ևս ծրագիրն իրականացնել մարզերում և հուսով ենք, որ այն կլինի շարունակական՝ այլ գործերով ու ստեղծագործություններով», – «Սյունյաց երկրին» փոխանցեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը։

 

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *