ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ այս պահին բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին նույնպես հայտարարել էր Պուտինի հետ հանդիպելու հնարավորության մասին։ Միաժամանակ, ըստ APA-ի, քիչ հավանական է, որ այդ հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում։
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը նոյեմբերին Չինաստանում անցկացվելիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի վաղ Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը նաև չէր բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը։
Ավելի ուշ Պեսկովը նշել էր, որ նման հանդիպում առայժմ չի ծրագրվում, սակայն տեսականորեն դրա հնարավորությունը չի կարելի բացառել։
Leave a Reply