Տեղի ունեցավ Անդրանիկ Հարությունյանի դերասանական ստուդիա թատրոնի բացումը, որին ներկա էին ճանաչված դերասաններ, մշակութային գործիչներ բազմաթիվ հյուրեր:
Hayacq.com–ի հետ զրույցում կինոի և թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ դերասանական ստուդիա ունենալու մտահղացում վաղուց է ունեցել․
«Շրջապատում շատերն էին ինձ ասում, թե ինչու չեմ բացում թատրոն, սկզբում մտահոգություն ունեի, բայց երբ արդեն երեխաների ծնողները խոսեցին այդ մասին, ավելի վճռական սկսեցի մոտենալ դրան։ Կարող եմ ասել, որ ճամբարում երեխաների հետ շփումից հետո որոշումս ավելի հստակեցվեց, քանի որ իրոք ունենք շատ տաղանդավոր երեխաներ։ Շատ կուզենամ, որ այս բեմից դուրս եկած յուրաքանչյուր անձ դառնա սիրված ու ճանաչված ու դրա համար անելու եմ ամեն ինչ։ Շուրջս հավաքել եմ հրաշալի մասնագետներ, լավագույն դերասաններ, որոնք դասավանդելու են երեխաներին։ Ես էլ թիկունքներին կանգնած այս նորաստեղծ փոքրիկ ընտանիքը շատ կարճ ժամանակում վերածելու ենք մի մեծ ընտանիքի»,– ասաց Անդրանիկ Հարությունյանը, հավելելով, որ բացի դերասանական ստուդիա լինելուց, տարածքը հնարավորություն է տալիս նաև ներկայացումներ խաղալ։
Դերասանական ստուդիայում այս պահին կան արդեն գրանցված 20 սաներ, դասընթացները կսկսվեն հոկտեմբերի 1–ից։ Թատրոնը գտնվում է Հալաբյան 22/1 հասցեում:
Leave a Reply