Սեպտեմբերից կարոտի հոտ է գալիս

Written by

in

Արդեն մի քանի տարի է սեպտեմբեր ամիսն այլ կերպ է ընկալվում, սեպտեմբերյան սառն առավոտներից մարմնի սարսուռը ցրտի հետ քիչ կապ ունի, օդի փոփոխությունը ոչ թե եղանակի, այլ հիշողությունների մասին է՝ 2020-ի պատերազմի ու դրա շարունակության ծանր շղթայի մասին: Արդեն մի քանի տարի է սեպտեմբեր ամսից կարոտի հոտ է գալիս:

 

«Պետք է զգույշ լինենք մարդկանց հետ շփումներում, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն փոխենք, մենք չգիտենք նրանց պատմությունը»,- 2020-ի պատերազմից հետո ասում էր վավերագրող լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, ում լուսանկարները, երբեմն, վերջինն էին հերոսների պատմություններում:

2021-ի ամռանը, փշալարված Շուշիի կողքով Ստեփանակերտ գալուց, այնուհետեւ Շուշիի բարձունքից վերահսկվող ճանապարհով Սարուշեն գյուղին կից դիրքեր հասնելուց հետո «ծակ պալատկայում» սերժանտ Մաթեւոսյանը պատմում էր Ամարասի բնագիծը զինադադարին նախորդած օրերին պահելու մասին, որ չդադարի IV-րդ դարից հնչող աղոթքը: Հետո թշնամու՝ արդեն իսկ ամրաշինված դիրքի ներքո պետք է ուտեինք ամենահամեղ տապակած կարտոֆիլը՝ ասես ոչինչ չի եղել, ասես ոչինչ չի լինելու:

2020-ի սեպտեմբերը նորովի ծանրացավ 2022-ի սեպտեմբերով՝ կորստի նոր ալիքներ: Բայց երբ թվում էր՝ էլ ուժ չկա, մեր սրտերը զինելու եկավ հայ զինվորի տեսանյութը, որն արհամարհանքով մերժեց հանձնվելու առաջարկը ու մինչեւ կյանքի վերջին ակնթարթը պայքարեց։ Այդ զինվորը Տարոն Անդրեասյանն էր։

2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախի խաղաղ բնակչությանը, որը փաստացի ցեղասպանություն էր:

 

Թերսնուցում, մշտական սթրես, ներքին տեղաշարժի անհնարինություն, անհրաժեշտ բուժօգնության հասանելիության խնդիր, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ու գազի իսպառ բացակայության հետեւանքով կենցաղային ծանր պայմաններ. 9-ամսյա բլոկադայի բերումով այդպես էլ չծնված երեխաների մասին շատերը նախընտրեցին լռել։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակված բնակչության վրա ու իրականացրեց հայկական բնակչության ամբողջական էթնիկ զտում։

 

«Հենց երեխաներին պառկեցրինք, պատերազմը սկսվեց: Չէինք նայում, թե ինչ ձեւով էինք երեխաներին իջեցնում նկուղ, քանի երեխա էինք գրկում, դնում նկուղի հատակին ու արագ բարձրանում՝ մյուս երեխաներին իջեցնելու: Երեխաների դողը, խուճապը երբեք չեմ մոռանա»․ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրն այսպես էր հիշում Ստեփանակերտի մանկապարտեզում դաստիարակ աշխատող Անուշը։

Պատերազմի ու տեղահանության միջեւ եղան նաեւ երջանիկ օրեր. սեպտեմբերի 22-ին ծնվեց Մարիամի ու Արսենի դուստրը: Փոքրիկ Ալվինան դիրքերից ծննդատուն շտապող հայրիկին առաջին անգամ տեսավ ոչ թե զինվորական համազգեստով, այլ «ուրիշի շորերով». համազգեստ կրելն արդեն անվտանգ չէր: Դուրս գրվելուց հետո՝ սեպտեմբերի 24-ին մեկ երջանիկ օր ունեցան երեքով։ Սեպտեմբերի 25-ին ողբերգական պայթյունն էր, որը խլեց 200-ից ավելի կյանքեր։ Այդտեղ էր նաեւ Արսենը՝ ընտանիքին ապահով տեղափոխելու համար գնացել էր բենզինի հետեւից, ինչպես շատերը։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց բռնի տեղահանության դժոխային ճանապարհը, որի երկարուձիգ ժամերը հայրենի լեռներին ծանր հրաժեշտից բացի, նաեւ վերջին մնացած հացը կիսելու մասին էին:

 

Սեդա բաբոն միայն իր թարմ թխած հացերն էր վերցրել, ուրիշ ոչինչ: Օգնում էր բոլորին, որ երեխաներին կարողանան կերակրել, անցնեն բարդ ճանապարհը:

 

«Էս մինին՝ հաց, էն մինին՝ ջուր … ես ինչ եմ իմանում, որ իմ տղեն էլ չկա, 200-300 թուրք էնքան ավտոմատով թխալ են, անճանաչելի ա դարձել լրիվ»: Սեդա բաբոյի որդին՝ Անդրեյ Իսրայելյանը, զոհվել է Սարուշեն գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ եւ թաղված է Եռաբլուրում:

Արցախի էթնիկ զտման մասին աշխարհին պատմած ամենաազդեցիկ լուսանկարներից մեկում փոքրիկ աղջնակը նայում է հայրենիքից հեռացող մեքենաների շարասյանը. այդ ճանապարհն անցել է ինքը, իր նման ավելի քան 30 000 երեխաներ, 120 000 արցախցիներ:

 

«Նայում էի, թե ոնց են ավտոմեքենաները հեռանում, երբ քեռիս նկարեց այդ նկարը: Տեսա նկարն ու մտածեցի, որ մենք էլ չենք տեսնելու Արցախը»,- ասում է նկարի հերոսուհին՝ 10-ամյա Գոհարիկն ու չի կարողանում զսպել արցունքները:

Այդ օրերին Գորիսի բարձրադիր շրջաններից դեպի քաղաքի սիրտ նայող տեսարանն անհնար է ջնջել հիշողությունից: Արցախ տանող մեր հանգույցը, որտեղ անցնում էին երջանիկ կանգառները՝ վեհակերտ լեռներից դեպի եղբայր վեհակերտ լեռներ, այլեւս նույնը չէր. այլև հակառակ ուղղությամբ չէինք գնալու։ Քաղաքում խցանումներ էին, բազում մարդիկ կանգնած էին փողոցներում, որովհետեւ չգիտեին՝ ինչ անել, ուր գնալ։

Մեր շատ հայրենակիցներ հանդիպեցին իրենց հարազատներին, թեկուզ նեղվածքով, բայց տեղավորվեցին փոքր բնակարանների ջերմության մեջ, իրար թիկունք դարձած սկսեցին առաջ նայել: Բայց կային նաեւ հայրենակիցներ, որոնք դեռ պետք է գտնեին ու ճանաչեին իրենց հարազատների դիակները:

 

«Եկանք այստեղ, պարզվեց՝ կորցրել են դիակը: Մի շաբաթ մորգից մորգ ման էի գալիս՝ չկար: Ասում էի՝ ես ձեզանից ո՞ղջ եմ ուզում, որ չեք տալիս, մեռած երեխուս տվեք էլի». այսպես էր Ալլան փնտրում կրտսեր որդուն՝ Արսենին, որ ավագի՝ Սամվելի հետ միասին հուղարկավորի Եռաբլուրում:

Ողբերգության կողքին կյանքը չդադարեց. Երեւանում վերաբացվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Տավուշի Գետահովիտ գյուղում շարունակվեց Մհերի՝ Հադրութում ընդհատված մեղրի արտադրությունը՝ նոր կյանք տալով նաեւ կնոջ՝ Սոֆիայի Սասունից, իսկ հետո Գանձակից գաղթած ընտանիքի մեղվապահության ավանդույթին:

Պատերազմում ծանր վիրավորում ստացած Սուրենը չհանձնվելու անկոտրում որոշում կայացրեց, հաղթահարեց, հետո նորից հաղթահարեց, ու նորից. հիմա իր երազանքի ոլորտում է՝ ֆուտբոլի դաշտում սովորեցնում է երեխաներին մասնագիտական, ու էլ ավելի կարեւոր՝ մարդկային հմտություններ:

Սիրելիներին կորցնելուց հետո ոմանք նրանց գտան նոր այս աշխարհ եղած երեխաների աչքերում:

 

«Իրեն միշտ Ալբերտի դիմագծերով եմ պատկերացրել, իսկ հիմա նայում եմ ու տեսնում՝ իմ պատկերացրածից էլ ավելի շատ է նման հայրիկին»,- նորածին Ալբերտինային նայելիս ասում է Լուսինեն, որի ամուսինը 2023թ. սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անհայտ բացակայող է ճանաչվել: 

Ամուսիններին կորցնելուց ու տունը թողելուց հետո կանայք չթուլացան, իրավունք էլ չունեին՝ մայրեր են: Նորից զրոյից սկսելու դժվար ճանապարհին նրանք միայնակ չէին:

 

«Շուրջդ լավ մարդկանց առկայությունը մի փոքր մեղմացնում է կորստի ցավը, քանի որ ասում ես՝ մենակ չես, ամուսնուդ արածը գնահատող կա, ուրեմն հենց այնպես չի զոհվել»,– ասում է Հրազդանում բնակարան ձեռք բերած, երեք երեխաների մայր Անուշը։ 

Արդեն մի քանի ամառ է Մեդիամաքսը լինում է «Հայորդի» ճամբարում, որտեղ ծնող կորցրած երեխաներն ու նրանց ցավը կիսող մեծահասակները փորձում են միասին ապաքինվել ու առաջ գնալ՝ առանց ավելորդ խղճահարության, առանց ավելորդ զրույցների, պարզապես ներկայությամբ։

 

Երեխաների հետ զրույցները լրագրողի հետ սկսվում են «դեսից դենից», բայց ավարտվում սիրելի մարդկանց միշտ սրտում պահելու մասին մտքերով. չէ՞ որ չկա ժամանակ ու տարածություն, երբ սերը սահմաններ չի ճանաչում: Բայց մյուս կողմից մենք՝ որպես հանրություն, պետք է միշտ ձգտենք տալ այն պակասող ջերմությունը, որից զրկվել են այս երեխաները մեր բոլորիս ապահով կյանքի համար, պետք է վերադարձնենք այն գողացված մանկությունը, որի ծիծաղը խլեցվել է արկերի պայթյունների ձայնով, բայց նորից՝ մեր բոլորիս հողի համար, թեկուզ հիմա կորսված, բայց միեւնույն է թանկագին:

Ժամանակները ծանր են. ծանր են ոչ միայն կորուստների բերումով, այլեւ դրանց արժեզրկման անբարոյական արշավի դեռեւս չդադարող հոսքով: Բայց դա միայն մակերեսն է, անցողիկը, փոշին … Իսկ սրտի խորքում մենք նույնն ենք՝ մի քիչ ծանրացած հույզերով, մի քիչ տխուր աչքերով, մի քիչ ծանր գլխով, բայց սրտով նույնն ենք, ուստի սրտներս լայն պահենք:

 

Գայանե Ենոքյան

 

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *