Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր գնահատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հոգևոր ու ազգապահպան առաքելությունը և պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին բերած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերն ընդգծեցին, որ Հայաստանի և Հայոց Եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից` պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Վերջիններս ներկայացրեցին նաև հայ գերիների իրավունքների խախտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները նաև հավաստիացրեցին Նորին Սրբությանը, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը Միացյալ Նահանգների պետական կառույցներում և միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի և հավատքի զորացման, ինչպես նաև ատելության ու թշնամանքի հաղթահարման և ժողովուրդների միջև արդարության հաստաման շուրջ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայցելով Աստծո օրհնությունն ու զորակցությունն իրենց առաքելության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply