Այս հոդվածաշարում անդրադառնում եմ ՀՀ Ազգային ժողովի ընդունած երկու օրինագծերին, որոնցով ԱԺ ընտրություններում ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքը սահմանափակվեց փաստացի ՀՀ մշտական բնակիչ քաղաքացիներին։
Հոդվածի առաջին մասում անդրադարձա դրանց չնախատեսած հետեւանքներին եւ առաջարկեցի միջազգային փորձի կամ շրջահայաց մտածողության վրա հիմնված մի շարք այլընտրանքներ։
Այս մասում անդրադառնում եմ այս օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությանը, Սահմանադրության փոփոխության հարցում քաղաքացու մասնակցության իրավունքի բացարձակ բնույթին եւ թե, ըստ իս, ինչու նման շտապողականությամբ գործեց օրենսդիրը։
ՀՀ Սահմանադրությունը քաղաքացու ընտրելու իրավունքի հարցում հստակ է
Անկյունաքարային է օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցը։ Եթե դրանք հակասահմանադրական են, ապա մնացյալ բոլոր փաստարկները դառնում են երկրորդական։
Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի առաջին մասն արձանագրում է, որ ԱԺ ընտրության կամ հանրաքվեի օրը չափահաս ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք: Այս իրավունքի միակ բացառությունները տրված են նույն հոդվածի չորրորդ մասում, ըստ որի այս իրավունքից զրկված են անգործունակ կամ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար պատիժը կրող անձինք։
ՀՀ Սահմանադրությունը որեւէ այլ բացառություն չի նախատեսում չափահաս ՀՀ քաղաքացու ընտրելու կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի հարցում։ Սահմանադրության մեջ առկա չէ նաեւ որեւէ վերապահում (ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ «կարող են օրենքով սահմանվել ընտրելու կամ հանրաքվեին մասնակցելու այլ սահմանափակումներ» ձեւակերպումը), որն օրենսդրին կտա իրավազորություն այլ բացառություններ սահմանելու։
Ուշագրավ է, որ օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցը բարձրաձայնվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության մեջ, սակայն ըստ երեւույթի անտեսվել է։ Հարցը բարձրաձայնվել է նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց վերլուծությանը կարելի է ծանոթանալ այստեղ, այստեղ եւ այստեղ։
Այսպիսով, ի հեճուկս օրենսդրական փոփոխությունների հակասահմանադրական բնույթի, խորհրդարանն ընդունել է խնդրահարույց օրենքները։ Իր հերթին Հանրապետության նախագահը ստորագրել է այդ օրենքները փոխարենն օգտվի իրեն վերապահված բացառիկ լիազորություններից մեկից՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։
Խոսեցինք ԱԺ ընտրություններից։ Իսկ հանրաքվենե՞րը
Հոդվածի առաջին մասում խոսեցինք ԱԺ ընտրություններում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցության այլընտրանքային լուծումների մասին։ Այդուհանդերձ, օրինագծերով սահմանափակվում է նաեւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքը։
Նախ՝ ի՞նչ է հանրաքվեն։ Հանրաքվեն հանրային քվեարկության տեսակ է, որի միջոցով մասնակիցներն իրենց դիրքորոշումն են արտահայտում որոշակի հարցի շուրջ։ Պատկերավոր ասած՝ հանրաքվեի միջոցով հանրությունը դառնում է «խորհրդարան», եւ ուղղակիորեն որոշում է այս կամ այն ակտը՝ «օրենքը» ընդունել կամ ոչ։ Հանրաքվեի ամենատարածված օրինակներից է Սահմանադրության փոփոխության հանրաքվեն։
Առաջին մասում ներկայացված այլընտրանքներից շատերը հանրաքվեների հարցում նույնպես կիրառելի են։ Օրինակ, երկպալատ խորհրդարանի տրամաբանությամբ՝ հանրաքվեի դրվող ակտը կարելի է դասակարգել որպես համազգային կամ, փոխարենը, համապետական կամ ներպետական նշանակության հարցին առնչվող ակտ. նախորդի դեպքում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները կունենան մասնակցության իրավունք, իսկ վերջինների դեպքում՝ ոչ։
ՀՀ Սահմանադրությունը վերաբերում է բոլոր ՀՀ քաղաքացիներին
Նմանատիպ ճկունությամբ հանդերձ՝ հանրաքվեի դրվող մի կոնկրետ ակտի պարագայում դիրքորոշումս բացարձակ է։ Խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին է։ Բոլոր ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, պետք է իրավունք ունենան մասնակցելու ՀՀ Սահմանադրության ճակատագիրը որոշող հանրաքվեում։
Սահմանադրությունը տվյալ պետության օրենսդրության մեջ հիմնարար դեր ունի։ Որպես «Մայր օրենք»՝ այն հիմքն է տվյալ պետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների համար։ Այլ կերպ ասած՝ այն ինչ գրված է ՀՀ Սահմանադրության մեջ ուղիղ վերաբերում է բոլոր ՀՀ քաղաքացիների շահերին, ուղղակի հետեւանքներ է ստեղծում բոլոր ՀՀ քաղաքացիների համար։
Որպես օրինակ, Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք ունի, եւ որ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ Ամրագրում է նաեւ, որ քաղաքացիները Հայաստանի սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: Եթե այս հոդվածները փոփոխվեն կամ, ավելին, հեռացվեն Սահմանադրությունից, դրա ազդեցությունը կրելու է ցանկացած ՀՀ քաղաքացի։
Ելնելով սրանից՝ որքանո՞վ է իրավաչափ կամ ողջամիտ, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը զրկվի ձայնի իրավունքից այնպիսի անկյունաքարային փաստաթղթի հարցում, որն ուղիղ կպնում է իր իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին։
Պատկերավոր ասած՝ դա նման է նրան, որ ձեր բանկը միակողմանիորեն փոխի ձեր հիպոտեքի պայմանագրի պայմանները, երբ նման իրավասություն վերապահված չէ պայմանագրով։ Կամ որ ձեր վարձատուն արգելի ձեզ մուտք գործել ձեր վարձակալած բնակարան, երբ դուք պարտաճանաչորեն կատարել եք վարձակալության պայմանները։
Այո՛, Սահմանադրությունը պայմանագիր է պետության եւ քաղաքացու միջեւ, Լուսավորականության շրջանի ներկայացուցիչների ասած՝ «սոցիալական պայմանագիր»։ Սոցիալական պայմանագիրը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները հոժարակամ ենթարկվում են դրան, իսկ նման ենթակայության պայմաններից մեկը նույն այդ պայմանագրի հարցում քաղաքացու ձայնի իրավունքի առկայությունն է։
Երբ զրկում են քաղաքացուն այդ իրավունքից, հոժարակամությունը փոխարինվում է հարկադրանքով, եւ սկիզբ է դրվում սոցիալական պայմանագրի քայքայմանը։
Զրկել քվեարկելու իրավունքից՝ հանուն քաղաքական օրակարգի՞
Նմանատիպ նուրբ ու հիմնարար հարցում խորհրդարանի շտապողականությունը կասկած է առաջացնում, որ օրինագծերի թիրախն ի սկզբանե հենց ՀՀ Սահմանադրության փոփոխության մոտալուտ հանրաքվեն է եղել։ Այս առումով 2026 թվականի ԱԺ ընտրություններում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների «դեպքը» գուցե դարձավ առիթ, իսկ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունքի սահմանափակումը՝ հարմար շղարշ, հանրաքվեների նմատմամբ այս սահմանափակումը նույնպես տարածելու համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ այսպես շտապել, եթե հաջորդ ԱԺ ընտրությունները կես տասնամյակ անց են լինելու։
Շտապողականության մյուս բացատրությունն այն է, որ իններորդ գումարման Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժն այլեւս չէր ունենալու անհրաժեշտ մեծամասնությունը սահմանադրական օրենքում ինքնուրույն փոփոխություններ կատարելու համար (ինչպիսիք «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներն են) եւ շտապեց գործել, քանի դեռ այդ հնարավորությունն ունի։ Այդ առումով թեպետ իշխող քաղաքական ուժի գործողությունը օրինական՝ լեգալ էր, այն քաղաքականապես լեգիտիմ չէր, չէր բխում հասարակության արտահայտած քաղաքական կամքից, քանի որ հունիսի 7-ի դրությամբ հասարակության քաղաքական «ջերմաչափն» արդեն այլ պատկեր էր արտացոլել։
Վերադառնալով Սահմանադրության փոփոխության հանրաքվեին. բանալին պարզ թաքնված է ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածում, ըստ որի հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե կողմ են քվեարկում մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Այս օրենսդրական փոփոխությունը փոքրացնում է հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը (բանաձեւի հայտարարը)՝ դրանով նվազեցնելով այն շեմը, որը պետք է քաղաքական իշխանությունը հաղթահարի ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու համար։ Այլ կերպ ասած՝ եթե այս փոփոխության արդյունքում, ասենք, 200,000 ՀՀ քաղաքացի այլեւս հանրաքվեին մասնակցելու իրավունք չունի, ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու համար այդ թվի մեկ քառորդի՝ 50,000 չափով ավելի քիչ «կողմ» ձայն է հարկավոր։ Իրականում կարծում եմ մասնակցության իրավունքից զրկվող ՀՀ քաղաքացիների թիվը գտնվում է 500,000-ից 700.000-ի տիրույթում։
Այդ 50,000 (առավել եւս՝ 150,000) քվեն կարող է վճռորոշ լինել այնպիսի վիճահարույց հարցում, ինչպիսին ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման հեռացումն է (ինչը պաշտոնապես հաստատվեց)։ Քաղաքական իշխանության առջեւ դժվար խնդիր է դրված, որն ուղղակիորեն հեշտացվում է այս փոփոխությամբ։
Ողջամի՞տ է այս հետեւությունը, թե՞ պարզապես զուգադիպություն՝ թողնում եմ ընթերցողիս դատին։
***
Երեք շաբաթվա ընթացքում, առանց խորքային քննարկման, խորհրդարանն ընդունեց եւ Հանրապետության նախագահը ստորագրեց երկու հակասահմանադրական օրենք, որոնց ազդեցությունը զգալու ենք տասնամյակներ շարունակ։ Դրանք այլեւս պաշտոնապես արձանագրում են, որ Հայաստանը Հայաստանում բնակվող հայերի երկիրն է, եւ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներն ասելիք չունեն։
Կտրուկ լուծումներ տալու փոխարեն՝ ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներին եւ Հայաստանի էությանը վերաբերող նման սերնդային հարցերում անհրաժեշտ է լայնախոհություն ցուցաբերել, որի համար օգտակար աղբյուր կարող են լինել միջազգային փորձը եւ մեր սեփական մտքի շրջահայացությունը։
Հակառակ դեպքում, կտրում ենք Հայաստանի կապը մեր ժողովրդի զգալի հատվածի հետ՝ նրանց ասելով «սա մեր Հայաստանն է, դուք ձերը գտեք»։
Ստեփան Խզրթյանը փաստաբան է ՀՀ-ում եւ ԱՄՆ-ում, հանդիսանում է հատուկ հարցերով իրավախորհրդատու։ «Կարգապահների տունը» վեպի հեղինակն է:
Հոդվածն ի սկզբանե հրապարակվել է հեղինակի անձնական կայքում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Leave a Reply