«TRIPP-ը եւ ԵՄ-ին անդամակցելը փոխկապակցված բաղադրիչներ են»

Written by

in

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան եւ արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի Armenia is turning westward — the West should take it seriously հոդվածի թարգմանությունը։

 

Գրիգոր Հովհաննիսյան

 

Հայաստանը, որը տասնամյակներ շարունակ Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից էր հետխորհրդային տարածքում, պատրաստվում է Եվրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնել։

 

Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունում նրա գործընկերները համառորեն պահանջում են, որ Հայաստանն ընտրություն կատարի երկու դաշինքների միջեւ։ Մոսկվան զգուշացրել է տնտեսական հետեւանքների մասին։ 

 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ զգուշացնելով «խորը առեւտրային հակասությունների մասին, որոնք առաջին հերթին վնաս կհասցնեն Հայաստանին»։ Ազդանշանը միանգամայն պարզ է. Ռուսաստանն ունի բավարար լծակներ՝ դեպի Եվրոպա Հայաստանի ուղին ցավոտ դարձնելու համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Կա նաեւ այլ ռիսկ։ Հայաստանը կարող է առերեսվել Ռուսաստանի ուղեծրից դուրս գալու հետեւանքներին՝ Արեւմուտքում հաստատուն կերպով չամրապնդվելով։ Սա հին խնդիր է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության համար։ Հայաստանն իր պատմության մեծ մասն անցկացրել է ավելի մեծ տերությունների միջեւ մանեւրելով՝ Հռոմից ու Պարսկաստանից մինչեւ Ռուսաստան ու Արեւմուտք։

 

1991 թվականից հետո Հայաստանը բախվեց Ադրբեջանի, փակ թուրքական սահմանի եւ Արեւմուտքի կողմից համադրելի անվտանգային երաշխիքների բացակայությանը։ Այս իրավիճակում նա ընդունեց ռազմավարական կախվածությունը Մոսկվայից՝ պաշտպանության դիմաց։

 

Սակայն 2020 թվականի պատերազմը Ադրբեջանի հետ լրջորեն խարխլեց հայերի վստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Դրան հաջորդած ճգնաժամերն ավելի խորացրին ճեղքվածքը՝ գագաթնակետին հասնելով 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավմամբ եւ տարածաշրջանի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչության փախուստով։ Ռուսաստանը ձեւականորեն մնում էր Հայաստանի դաշնակիցը, սակայն հայերն ավելի հաճախ էին եզրակացնում, որ այս դաշինքը չկարողացավ ապահովել այն պաշտպանությունը, որի դիմաց նրանք զոհաբերել էին ռազմավարական ազատությունը։

 

Ամենից հեշտ կլիներ հետագա իրադարձությունները մեկնաբանել որպես Հայաստանի կողմից նոր հովանավորի փնտրտուք։ Սակայն նախորդ աշխարհաքաղաքական շրջադարձերը հիմնականում գոյատեւման փորձեր էին։ Այսօր տեղաշարժն ավելի խորքային բնույթ ունի։ Արեւմուտքը դառնում այն վայրը, որտեղ հայերը տեսնում են իրենց երկրի ապագան։ Հայաստանի տեխնոլոգիական հատվածը ինտեգրված է համաշխարհային շուկաներին։ Երիտասարդ հայերն ավելի շատ են հայացքն ուղղում դեպի Եվրոպա եւ ԱՄՆ՝ մասնագիտական, կրթական եւ մշակութային հնարավորությունների համար։

 

Կա նաեւ սփյուռքի գործոնը։ ԱՄՆ-ում է գտնվում հետխորհրդային տարածքից դուրս աշխարհի ամենամեծ հայկական համայնքը։ Ամերիկա-հայկական հարաբերությունների խորացումը կարող է այս համայնքը Հայաստանի շահերի պաշտպանից վերածել կապիտալի, փորձագիտության, տեխնոլոգիաների եւ ինստիտուցիոնալ կապերի հոսք ապահովող ալիքի։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Այդ պատճառով Փաշինյանի հայտարարությունը ԵՄ-ի մասին սոսկ եվրոպական պատմություն չէ։ Հայաստանի շարժումը դեպի Եվրոպա տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ վերափոխող հարաբերությունների ֆոնին, որոնք առավել ակնհայտորեն դրսեւորվում են «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղու» (TRIPP) միջոցով։

 

Այս նախագիծը, որն իրականացվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ, նախատեսում է հարավային Հայաստանով անցնող 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը Նախիջեւանի ու Թուրքիայի հետ։ Հեռանկարում այն կարող է կապել Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով տարածաշրջանային կախվածությունը Ռուսաստանից ու Իրանից, ինչպես նաեւ հնարավորություններ ստեղծելով ամերիկա-հայկական համագործակցության համար ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում։

 

Համատեղ ամերիկա-հայկական ընկերության ստեղծման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, ինչը հեռանկար է բացում Հայաստանի ենթակառուցվածքներում, տեխնոլոգիաներում եւ առեւտրում ԱՄՆ-ի կայուն մասնակցության համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Այսպիսով, TRIPP-ը եւ ԵՄ-ին անդամակցելը միեւնույն աշխարհաքաղաքական պատմության բաղադրիչներ են։ Եվրոպան Հայաստանին առաջարկում է ինստիտուցիոնալ նպատակակետ։ ԱՄՆ-ը կարող է առաջարկել ռազմավարական կապակցվածություն, տեխնոլոգիաներ եւ ներդրումներ։

 

Եթե այս հարաբերությունները խորանան, Հայաստանի արեւմտյան կողմնորոշումն այլեւս կախված չի լինի առանձին կառավարության կամ վարչապետի նախապատվություններից։ Սա չի նշանակում, որ Հայաստանը պարզապես Մոսկվան փոխարինում է Վաշինգտոնով։ Նա ձգտում է բովանդակալից հարաբերությունների ինչպես Եվրոպայի ու ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ։

 

Մի երկրի համար, որի պատմությունն անընդհատ նրան կախյալ էր դարձնում մեկ արտաքին հովանավորից, դիվերսիֆիկացումն ինքնին ինքնիշխանության մի ձեւ է։ Սակայն ԵՄ-ին անդամակցելը որակապես այլ քայլ կլինի։ Ժամանակի ընթացքում այն Հայաստանը կտեղավորի արեւմտյան քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ համակարգի ներսում։ Զուգակցված ԱՄՆ-ի հետ ընդլայնվող հարաբերությունների հետ՝ սա իսկական աշխարհաքաղաքական վերադասավորում կնշանակի։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Հայաստանն արդեն մեկ անգամ փորձել է դեպի Արեւմուտք շրջադարձ կատարել Ռուսաստանի թուլացման պայմաններում։ Երբ 1917 թվականին փլուզվեց Ռուսական կայսրությունը, անկախ Հայաստանը հայացքն ուղղեց դեպի Արեւմուտք։ Վուդրո Վիլսոնը դարձավ արտաքին երաշխիքների հանդեպ հայկական հույսերի խորհրդանիշը, սակայն արեւմտյան համակրանքն այդպես էլ իրական պաշտպանության չվերածվեց։ Հայոց ցեղասպանությունից հետո, հայտնվելով թուրքական ուժերի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի արանքում, Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 1920 թվականին։

 

Մեկ դար անց հայերն օգտագործում են նոր հնարավորությունը։ Արեւմուտքն այս անգամ կարող է ամեն ինչ ճիշտ անել։

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *