Այվազովսկու անսպառ ակունքը․ երբ մարդուն գիրք չէ, այլ կյանքն է խոսում – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Նկարիչ Այվազովսկին գրքեր չէր կարդում։

Ընդհանրապես չէր կարդում։ Դե հա, գուցե գիմնազիայում կարդացել էր դասագրքերը, բայց հետագայում թողել էր այդ գործը։ Նա ընկերություն էր անում Պուշկինի հետ, բայց նրա ստեղծագործությունները նույնպես չէր կարդում. «Ինչի՞ համար գրքեր կարդամ, — ասում էր Այվազովսկին, — Ես առանց այդ էլ իմ կարծիքն ունեմ»։

 

Բոլորն ապշած էին նկարչի նման պահվածքից։ Եվ ժամանակակիցներից մեկը նսեմորեն Այվազովսկուն անվանել էր. «բարեհոգի հայի(կի) և քահանայապետի խառնուրդ», գանգատվելով, որ նկարիչը խոսում է դանդաղ, օտարոտի շեշտադրությամբ և ոչ այնքան հետաքրքիր բաներից։ Եվ դա այն պատճառով, որ նա գրքեր չի կարդում։ Իբր առանց այդ էլ, նա իր կարծիքն ունի։

 

Այվազովսկին ակունք ուներ։ Ահա թե խնդիրն ինչում էր։ Իրենը, իր անձնական հանքային աղբյուրը` Թեոդոսիայի մոտակայքում գտնվող կալվածքում։ Նկարիչն այդ կալվածքը ձեռք էր բերել իր նկարներով, զարմանահրաշ ու հիասքանչ ծովային բնապատկերներով։ Նա այնպես էր նկարում ծովը, որ այն կենդանի էր թվում։ Ի դեպ, նա ծովին չէր նայում, կենդանի բնապատկերից չէր նկարում։ Պարզապես ծովի պատկերը գլխում էր։ Չնայած, իհարկե, նա սիրում էր ծովը։

 

Եվ ահա Թեոդոսիայում սարսափելի երաշտ սկսվեց։ Այվազովսկին վերցրեց ու իր անձնական աղբյուրը նվիրեց քաղաքին, որը տոչորվում էր տապից ու ծարավից։ Իր միջոցներով խողովակաշար անցկացրեց, 25 վերստ խողովակներ։ Ու խմեցրեց ողջ քաղաքին։ Հագեցրեց քաղաքի ծարավը։ Անվճար։

Ամեն օր հիսուն հազար դույլ ջուր էին ստանում քաղաքի բնակիչները` Այվազովսկու սեփական ակունքից։ Նա ագահ չէր։ Քանի որ նա աղբյուր ուներ, թող բոլորն էլ խմեն հանքային ջուր։

Խնդրեմ …

Նա քաղաքում գիմնազիա կառուցեց իր միջոցներով։ Թատրոն։ Եվ էլի շատ տարբեր մշակութային հաստատություններ։ Եվ բոլորին ջուր էր մատակարարում իր աղբյուրից։ Իսկ իր հիասքանչ նկարները հաճախ պարզապես նվիրում էր։

 

Երբ մարդն ակունք ունի, նա այնքան էլ կարիք չունի գիրք կարդալու։ Նա կարող է իրեն թույլ տալ` չկարդալու, դա նրա անձնական իրավունքն է։ Նա զարմանահրաշ նկարներ էր նկարում, հանճարեղ նկարներ։

75 տարեկանում մեկնել էր Ամերիկա և նկարել էր Նիագարայի ջրվեժը։ Էլ ե՞րբ կարդար։

 

Թող ամեն մեկն իր գործով զբաղվի։ Իր ակունքից սնվի, եթե իհարկե, Աստված նրան տվել է։ Իսկ եթե նման մարդը նաև շռայլորեն կիսվում է ուրիշների հետ, ուրեմն պետք չէ նրան քննադատել ու գրքերը նրա ձեռքերի մեջ խոթել։ Առավել ևս նրա մասին տհաճ բաներ գրել։

 

Ամեն մեկին` իրենը։ Իսկ նրա ակունքն անսպառ էր։ Այնտեղ ամեն ինչ կար. և ծով, և լեռներ, և հող, և երկինք, և ամառ, և ձմեռ, և մարդիկ, և թռչուններ, և ձկներ, և խեղդվողների փրկություն … Ամեն ինչ կար աղբյուրի ակունքում։ Սկզբնաղբյուրում։ Իսկ գրքերն ու նկարներն ընդամենը չարախոսություն են։

Դույլերով ջուր, որոնցով հագեցնում են ծարավներին …

Աննա Կիրյանովա

Թարգմանեց Խորեն Կասյանը

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *