Սուրենյանցի «Լքյալը» Հայաստանում կցուցադրվի 130 տարվա դադարից հետո

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894 թ.) կտավը ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» եւ հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը: 

 

«Ղազախստանի Աբիլխան Կաստեեւի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկող «Լքյալը» ստեղծագործությունը ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։ 

 

Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, կմիավորվեն Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային եւ մոնումենտալ երեք կտավները՝ «Լքյալը» (1894 թ.), «Ոտնահարված սրբություն» (1895 թ.), «Ջարդից հետո» (1898 թ.)։ 

 

Ցուցահանդեսում ներկայացվում են նաեւ Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի եւ այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաեւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն եւ Սբ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։

 

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» եւ հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է», – ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *