Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից օտարերկրյա դիվանագետների համար Արցախում կազմակերպված այցին և հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերին։
Սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակված գրառումներում Սնելը նշել է, որ 58 երկրների տասնյակ դիվանագետներ համաձայնել են մասնակցել Հաջիևի կազմակերպած այցին դեպի Գանձասարի ու Դադիվանքի վանական համալիրներ, որտեղ հայկական սրբավայրերը ներկայացվել են որպես «աղվանական»։ Ըստ լրագրողի՝ դիվանագետների ներկայությամբ Հաջիևը ցուցադրել է դատարկ մակետի էջերը՝ փորձելով դա մատուցել որպես «ապացույց», թե իբր հայկական պատմությունը կեղծված է։
Լինդսի Սնելը խստորեն քննադատել է ինչպես ադրբեջանական կողմի գործողությունները, այնպես էլ ներկա գտնվող դիվանագետների կեցվածքը, որոնք, տեսանյութի համաձայն, քծնանքով արձագանքել են այդ բեմականացմանը։
«Ուրեմն տասնյակ օտարերկրյա դիվանագետներ համաձայնել են այցելել հայկական եկեղեցիներ, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես «աղվանական»՝ հայկական մշակույթը ջնջելու իրենց ընթացիկ ջանքերի շրջանակնե՞րում։ Սա բավականին մռայլ իրականություն է։
Սա ուղղակի հակադիվանագիտական քայլ չէ, սա ամոթալի է։ Ադրբեջանի պնդումները վաղուց հերքված են։ Սա մշակութային ջնջում է։ Եվրոմիության պաշտոնյաները պետք է դատապարտեն նման փորձերը, այլ ոչ թե հայտնվեն հայկական վանքերից արված տեսանյութերում՝ Հիքմեթ Հաջիևի կողքին քծնալով», – ընդգծել է Լինդսի Սնելը։
Ամերիկացի լրագրողը նաև արձագանքել է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառմանը՝ շեշտելով, որ հայկական հուշարձանների «աղվանացման» ադրբեջանական թեզերն ունեն հստակ հերքումներ, և անթույլատրելի է մշակութային կեղծարարությունն ու ժառանգության յուրացումը ներկայացնել որպես սովորական «տարբերվող տեսակետներ»։
Leave a Reply