«Վաշինգտոնը պետք է ներգրավի Ռուսաստանը TRIPP նախագծում»

Written by

in

Ներկայացնում են «միջանկյալ» պետությունների նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերանայմանը նվիրված Քուինսի ինստիտուտի զեկույցի «Հայաստան եւ Ադրբեջան» գլխի թարգմանությունը։

 

Արտին ԴերՍիմոնյան եւ Մարկ Էպիսկոպոս

 

2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, առ այսօր Վաշինգտոնի ամենամեծ հաջողությունն է «միջանկյալ» պետությունների հետ հարաբերություններում։

 

TRIPP երթուղին (Trump Route for International Peace and Prosperity – «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման») կարող է տնտեսական խթանների միջոցով խաղաղ գործընթացները առաջ մղելու հարմար մոդել դառնալ Վաշինգտոնի համար։

 

Ակնկալվում է, որ TRIPP-ը կդառնա երթուղի, որը Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Կասպից ավազանի հանքային ու էներգետիկ ռեսուրսներով հարուստ տարածաշրջանները կկապի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շուկաների հետ, որոնք շահագրգռված են մատակարարումների հուսալի շղթաներով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ աճող մրցակցության պայմաններում։ 

 

Բացի այդ, TRIPP-ը կներառվի «Միջին միջանցք» ավելի լայն նախագծում, որը բազմամոդալ տարանցիկ նախաձեռնություն եւ կապում է Արեւելքն ու Արեւմուտքը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի եւ Հարավային Կովկասի միջոցով։

 

Վաշինգտոնի համար հիմա առանցքային խնդիրն է ապահովել, որ իր մասնակցությունն այս գործընթացին նպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղմանը մինչեւ այն կետը, երբ կողմերը կստորագրեն եւ կվավերացնեն «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան սույն թվականի փետրվարին եւ պետքարտուղար Ռուբիոյի այցը Երեւան մայիսի վերջին բարձր մակարդակի կարեւոր ազդանշաններ էին, որոնք հաստատում են Վաշինգտոնի նվիրվածությունը խաղաղ գործընթացին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին։

 

Վաշինգտոնին արժե ընդլայնել դիվանագիտական փոխգործակցությունը TRIPP-ի հարցով՝ դրանում ներգրավելով ոչ միայն Երեւանին ու Բաքվին, այլեւ Անկարային, Մոսկվային եւ Թբիլիսիին։

 

Հաշվի առնելով Իրանի սահմանին TRIPP-ի մոտ լինելը, կարեւոր է այս հարցի շուրջ առնվազն անուղղակի երկխոսություն պահպանել նաեւ Թեհրանի հետ։

 

Ռուսաստանին տեղեկացնելն այն մասին, թե հատկապես ինչով են զբաղվում Միացյալ Նահանգները, եւ որոնք են տարածաշրջանում նրանց հետաքրքրությունների սահմանները, վճռորոշ նշանակություն կունենա Մոսկվայի մտահոգությունները փարատելու եւ թույլ չտալու համար, որ նա սաբոտաժի ենթարկի TRIPP-ը։ Ավելի բարդ, բայց, թերեւս, արդարացված մոտեցում է ուսումնասիրել Ռուսաստանի սահմանափակ մասնակցության հնարավորությունները TRIPP-ի այն տարրերում, որտեղ կա փոխադարձ օգուտի տեղ՝ առանց Մոսկվային գերիշխող լծակներ տրամադրելու։

 

Բացի այդ, Սպիտակ տանը հարկ է ապահովել դրական ճնշում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջմղման, ինչպես նաեւ սահմանային անցակետերի բացման ու շահագործման համար, ինչն ավելի լայն տարածաշրջանային փոխկապակցվածության անհրաժեշտ տարր է։ Եթե հաջողվի այս գործընթացը տարաանջատել Սահմանադրությունը վերանայելու վերաբերյալ Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի շարունակական պահանջներից, Վաշինգտոնը պետք է ձգտի դրան։

 

Չպետք է աչքաթող անել նաեւ Հայաստանի ընտրությունը՝ որպես ԱՄՆ-ի կողմից աջակցվող արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում սուպերհամակարգչային կարողությունների ստեղծման մեգանախագծի հարթակներից մեկի։ Հայաստանը կարեւոր տեխնոլոգիական ու առեւտրային հանգույցի վերածելուն եւ նրա առանց այն էլ տպավորիչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը նպաստելուց բացի, կենտրոնի հաշվարկային կարողությունների 80 տոկոսը հատկացվելու է ամերիկյան ընկերություններին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում էներգետիկ, հանքահումքային եւ տրանսպորտային նախագծերում ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցության ներուժը կարեւոր ուղղություն է, որն արժե դիտարկել Կենտրոնական Ասիայում եւ նրա սահմաններից դուրս կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում ավելի լայն նախաձեռնություններին զուգահեռ, քանի որ Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Պեկինի հետ շարունակվող մրցակցության պայմաններում։

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղությունը չի հաստատվի առանց երկու հասարակությունների ներգրավվածության եւ մասնակցության։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական գործիչների ազատ արձակման հարցում առաջընթացը բարի կամքի կարեւոր ժեստ կլիներ, որը դրական արձագանք կստանար հայ հասարակության շրջանում։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *