Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ TRIPP նախագծի շրջանակներում աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։
Ըստ Trend-ի, նախարարը նշել է, որ հիմնական բանակցությունները վարում են ԱՄՆ-ը եւ Հայաստանը։
«Միջանցքին վերաբերող TRIPP նախագծի հատվածը գտնվում է Հայաստանի տարածքում։ Ուստի բանակցությունների հիմնական կողմերն ԱՄՆ-ն ու Հայաստանն են»,- ճշտել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ ամերիկացի գործընկերները կանոնավոր կերպով տեղեկացնում են ադրբեջանական կողմին բանակցությունների եւ աշխատանքների ընթացքի մասին։
«Դա միանգամայն բնական է, քանի որ նախագծի մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի սահմաններին։ Այս նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի անմիջական մասնակցության հնարավոր չէ»,- ընդգծել է նախարարը։
Բայրամովը հայտարարել է, որ նախագծի ֆինանսավորման մեխանիզմի ձեւավորումը եւ մյուս պայմանավորվածությունների իրականացումը որոշակի ժամանակ են պահանջում։
«Մեզ հասած տեղեկությունները վկայում են, որ աշխատանքներն հաջողությամբ շարունակվում են։ Նախորդիվ խոսվում էր ֆիզիկական աշխատանքների ավելի վաղ մեկնարկի հավանականության մասին։ Ներկայում ակնկալվում է, որ աշխատանքների սկիզբը կտեղափոխվի 2027 թվականի»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի TRIPP նախագիծն իրականացվի հնարավորինս շուտ.
«Այն բազմաթիվ օգուտներ կբերի ինչպես Ադրբեջանին ու Հայաստանին, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներին»։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կատարել աշխատանքները երկրի հիմնական տարածքում՝ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ, ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմայրուղու դեպքում։ «Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027 թվականին»,- ասել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովը խոսել է նաեւ հայ գործընկերոջ հետ մոտ ապագայում հանդիպում ունենալու հնարավորության մասին։
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ եւ հանդիպումներ ենք անցկացնում։ Բացառված չէ, որ նման հանդիպում տեղի ունենա նաեւ մոտ ապագայում»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայացված կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը, որտեղ նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ։
Leave a Reply