44-օրյա պատերազմից շուրջ վեց տարի անց պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը կրկին հայտնվել է հանրային քննարկման կենտրոնում։ Այս անգամ առիթը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Պրահայում հնչեցրած սխալ թիվն էր և դրան հաջորդած՝ նախագահի աշխատակազմի ոչ ամբողջական պարզաբանումը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ վերջին տարիներին հրապարակված պաշտոնական տվյալներն ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված շրջանառվող տարբեր թվերը, ինչ է ներառում դրանցից յուրաքանչյուրը։
4800 զոհի մասին սխալ հայտարարությունը
Պրահայում CEVRO համալսարան կատարած այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, հայտարարել է, որ հայկական կողմն ունեցել է 4800 զոհ։
Սեպտեմբերի 5-ին նախագահի աշխատակազմը «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ընդունել է, որ նախագահի խոսքում վրիպակ է եղել։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը նշել է․ «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»։
Սակայն պարզաբանման մեջ նշված 3755-ը, ըստ նախկինում հրապարակված պաշտոնական տվյալների, ոչ թե պատերազմի հետևանքով զոհված անձանց ընդհանուր, այլ զոհված զինծառայողների թիվն է։
3833 զոհ, որից 3755-ը՝ զինծառայող
Դեռևս 2025 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը՝ միաժամանակ ներկայացնելով դրա կառուցվածքը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել էր Սիմոնյանը։
Նա նաև ընդգծել էր, որ 3833-ը նոր թիվ չէ և նախկինում արդեն հրապարակվել է Քննչական կոմիտեի կողմից։ «2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,- ավելի ուշ հայտարարել էր ԱԺ նախագահը։
Այս տվյալների համաձայն, պատերազմի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի ընդհանուր թիվը 3833 է՝
3755 զինծառայող + 78 քաղաքացիական անձ = 3833 զոհ։
Թիվն ուղղվեց, բայց կատեգորիաները չտարանջատվեցին
Նախագահի աշխատակազմը, ընդունելով նախագահի հնչեցրած 4800 թվի սխալ լինելը, որպես պատերազմի զոհերի թիվ ներկայացրել է 3755-ը։ Սակայն պաշտոնական ավելի վաղ հրապարակված տվյալներում այդ թիվը վերաբերում է միայն զոհված զինծառայողներին։
Համեմատության համար՝ Ալեն Սիմոնյանը խոսում է «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված 3833 անձի» մասին և հստակեցնում, որ նրանցից 3755-ը զինծառայողներ են, իսկ 78-ը՝ քաղաքացիական անձինք։
Մինչդեռ, նախագահի աշխատակազմը 3755-ը ներկայացրել է որպես պատերազմի զոհերի ընդհանուր թիվ՝ չհիշատակելով քաղաքացիական զոհերին։
Կարդացեք նաև՝ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը
Այսպիսով, խնդիրը պաշտոնական թվերի հակասությունը չէ, այլ դրանց ոչ ճշգրիտ ձևակերպումը․ նախագահի աշխատակազմը զոհված զինծառայողների թիվը ներկայացրել է որպես պատերազմի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվ։ Հենց կատեգորիաների չտարբերակումն էլ կարող է տպավորություն ստեղծել, թե պետական տարբեր պաշտոնյաներ պատերազմի զոհերի վերաբերյալ հակասող տվյալներ են հրապարակում։
Կարդացեք նաև՝ 160, 191, 195, 197․ ինչո՞ւ են տարբերվում անհայտ կորածների պաշտոնական թվերը
Եզրակացություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած 4800 թիվը նախագահի աշխատակազմը ճանաչել է որպես վրիպակ։ Սակայն ուղղումը նույնպես ամբողջական չէ․ որպես 44-օրյա պատերազմի զոհերի թիվ նշված 3755-ը, ըստ նախկինում հրապարակված պաշտոնական տվյալների, վերաբերում է միայն զոհված զինծառայողներին։
Պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ պատերազմի հետևանքով հաստատված զոհերի ընդհանուր թիվը 3833 է՝ 3755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ։ Հետևաբար, նախագահի աշխատակազմի պարզաբանման մեջ չեն տարանջատվել զոհերի ընդհանուր և զոհված զինծառայողների թվերը, ինչի հետևանքով սխալը շտկելու համար հրապարակված հաղորդագրությունն ինքն է նոր թյուրըմբռնման հիմք ստեղծել։
Արեն Նահապետյան
Leave a Reply