Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է TRIPP նախագիծը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած լուսանկարները վկայում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ TRIPP+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը:
«Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը նշում է, որ Մոնտանա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը 2025 թվականի հուլիսի վերջում The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում մանրամասներ էր ներկայացրել այն մասին, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ առաջընթաց գրանցել:
Նա, մասնավորապես, գրել էր.
«Այս տարի ես այցելել եմ երկու երկրները պարոն Թրամփի թիմի անդամների հետ: Մենք ուսումնասիրել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը եւ նպաստել ենք խաղաղության բանակցությունների ամենաբարդ հարցերի քննարկմանը:
Ես հանդիպել եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ե՛ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մենք քննարկել ենք գործնական լուծումները: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են պահի հրատապությունը եւ բացվող լուրջ հնարավորությունները»:
Leave a Reply