Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Ռուսաստանի հետ «մեր հարաբերությունները առողջացման եւ շահերի փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու կարիք ունեն»։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է.
«Մենք կարծում ենք, որ ռուս գործընկերները պետք է ավելի մեծ հետաքրքրությամբ վերաբերվեն սեփական որոշումներ կայացնելու մեր իրավունքին»։
«Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը եւ շարունակում ենք հավատալ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կապված են բարեկամական կապերով»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի կառավարության ծրագրում Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր չի հիշատակվում, նախարարը նկատել է.
«Մենք ունենք այնպիսի պայմանավորվածություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, իսկ դա ավելին է, քան ռազմավարական գործընկեր լինելը»:
Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը ապասառեցնելու հեռանկար չի տեսնում: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ «մենք ունենք երկկողմ պայմանագրեր եւ պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաեւ պաշտպանական ոլորտում»։
Leave a Reply