«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ֆորմուլա-1»-ն ավտոսպորտի ամենաբարձր մակարդակի միջազգային առաջնություններից է։ Այն պաշտոնապես ձևավորվել է 1950 թվականին, երբ FIA-ն (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) ստեղծել է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը։ Աշխարհի առաջին առաջնության մրցարշավը տեղի է ունեցել 1950 թվականի մայիսի 13-ին՝ Անգլիայի Սիլվերսթոուն ավտոդրոմում։ Հաղթող է դարձել իտալացի Նինո Ֆարինան Alfa Romeo-ով, և նույն տարում էլ նա նաև դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը։
Սակայն «Ֆորմուլա-1»-ի նախապատմությունն իրականում սկսվել էր ավելի վաղ։ Եվրոպայում բարձրակարգ ավտոմրցարշավները զարգանում էին դեռևս XX դարի սկզբից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էին միասնական տեխնիկական և սպորտային կանոններ, որոնք էլ հիմք են դարձել նոր առաջնության համար։
Իսկ ինչո՞ւ է այդ ավտոարշավը կոչվում «Ֆորմուլա-1»: «Formula» բառը վերաբերում է այն կանոնների ամբողջությանը, որոնց պետք է համապատասխանեն մրցարշավային մեքենաները, իսկ «1»-ը ցույց է տալիս, որ խոսքը FIA-ի կողմից սահմանված ամենաբարձր դասի մեկտեղանոց մրցարշավային մեքենաների մասին է։
«Ֆորմուլա-1»-ը սկզբում զգալիորեն տարբերվում էր այսօրվա առաջնությունից, մեքենաները շատ ավելի քիչ էին տեխնոլոգիական, իսկ անվտանգության համակարգերը սահմանափակ էին։ Ժամանակի ընթացքում «Ֆորմուլա-1»-ը վերածվել է ոչ միայն սպորտային, այլ նաև տեխնոլոգիական լաբորատորիայի. մրցարշավներում փորձարկված լուծումների որոշ մասը հետագայում հայտնվել է սովորական ավտոմեքենաներում։ Ընդ որում, մրցարշավի ընթացքում մեքենաները կարող են հասնել շատ բարձր արագությունների, իսկ վարորդները՝ ենթարկվել զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության։
Ferrari-ն է «Ֆորմուլա-1»-ի ամենահայտնի և պատմականորեն ամենաերկարակյաց թիմը։ «Ֆորմուլա-1»-ի մրցաշարերը ժամանակի ընթացքում ավելացել են. նշենք, որ 2026 թվականի առաջնությունը ներառում է 24 «Գրան Պրի» 21 երկրում և 5 մայրցամաքում։
Հայաստանը երբևէ չի ունեցել «Ֆորմուլա1»-ի պաշտոնական «Գրան Պրի», և հիմա էլ «Ֆորմուլա-1»-ի օրացույցում հայկական հետք չկա։ Հայաստանում «Ֆորմուլա-1»-ի նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում արտահայտվում է հեռարձակումների, սոցիալական ցանցերի և ավտոսպորտի երկրպագուների համայնքների միջոցով։ Տեսականորեն կարող է լինել այնպես, որ լինի նաև հայկական «Ֆորմուլա-1»-ի պաշտոնական «Գրան Պրի», բայց դրա համար անհրաժեշտ կլիներ ստեղծել FIA-ի համապատասխան բարձրակարգ սերտիֆիկացում ունեցող ավտոդրոմ, զարգացնել ենթակառուցվածքներ, անվտանգության համակարգեր, տրիբունաներ, թիմերի սպասարկման ենթակառուցվածքներ և ապահովել առաջնության կազմակերպիչների հետ երկարաժամկետ պայմանագրեր։ Ո՞վ գիտի, գուցե մի օր էլ «մեր բակում հարսանիք լինի», չէ՞ որ «Ֆորմուլա-1»-ը ներկայում շարունակում է ընդլայնվել տարբեր տարածաշրջաններում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply