Միքայել Համբարձումյան․ «Հավատացել եմ 2018-ին, համոզված եմ եղել, որ փոփոխություններ են պետք մեր Հայրենիքին, դրա համար էլ նվիրումով աշխատել եմ»

Written by

in

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Ambion.news-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում արած հայտարարություններին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի հետ։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործին, նշել էր, որ քրեական գործը չի կարող 8 տարի ձգվել՝ միաժամանակ Համբարձումյանին ուղղելով հետևյալ հարցադրումը․ «Գուցե փողե՞ր եք վերցրել, կամ մտածում եք՝ ձեր հետևից չե՞նք գա»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է համարում իր նկատմամբ ևս քրեական հետապնդման հարուցումը, Համբարձումյանը նշել է․

«Հարյուր տոկոսով համակարծիք եմ վարչապետի հետ՝ քրեական գործերը, որպես կանոն, չեն կարող քննվել ութ տարի անընդմեջ, հատկապես՝ տնտեսական, գույքային բնույթի գործերը, երբ առկա են փաստաթղթային հիմքեր։

Քրեական գործերի նախաքննության ժամկետները սահմանված են օրենքով, և դրանք չեն կարող երկարաձգվել՝ անհիմն ու կամայական։

Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել՝ քննիչի մոտ գործը քննելիս կալանքը տրվում է դատավորի կողմից, և որևէ մեկը չպետք է կալանավորվի, եթե 8 տարի շարունակ բարեխիղճ ձևով մասնակցել է նախաքննությանը, այսինքն՝ չկան կալանքի նոր հիմքեր։ Սա աքսիոմ է՝ առանց լրացուցիչ մեկնաբանության։

Ի վերջո, մենք կարծել ենք, որ ապրում ենք ազատ ու իրավական երկրում, հակառակ պարագայում՝ որն էր «2018 թվականի» իմաստը»։

Համբարձումյանը նաև անդրադարձել է 2018 թվականից հետո իր ծառայության գործունեությանը։

«Հավելեմ, որ 2018 թվականի հոկտեմբերից ես տեղափոխվել եմ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանում, որն, ըստ իս, քննչականների հետ համագործակցել է արդյունավետ և ապահովել է էֆեկտիվ օպերատիվ ուղեկցում»,– ասել է նա։

ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ չի մտահոգվում իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման հեռանկարով՝ ընդգծելով իր վերաբերմունքը 2018 թվականի քաղաքական փոփոխությունների նկատմամբ։

«Ինչ վերաբերում է իմ նկատմամբ հնարավոր քրեական հետապնդմանը․ ես հավատացել եմ «2018 թվականին», համոզված եմ եղել, որ իսկապես փոփոխություններ պետք են մեր Հայրենիքին, դրա համար էլ նվիրումով աշխատել եմ։

Իմ գնահատմամբ՝ առնչվելով տասնյակ միլիարդավոր դրամի վերականգնման գործարքների հետ՝ թույլ չեմ տվել կոռուպցիոն ռիսկեր։ Նույնը վերաբերելի է նաև մինչ այդ ծառայությանս, հետևաբար՝ մտահոգվելու առիթ չունեմ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *