Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարել է «Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձեւավորել արհեստական օրակարգ»։
Օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որտեղ ընդունվել է հայտարարություն։
«Խոր ցավ ենք ապրում՝ հետեւելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսեւորած անընդունելի վարքագծին։
Տարակուսելի է, որ հայրենիքի առջեւ ծառացած բազմապիսի մարտահրավերների եւ արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը եւ նոր պառակտումների առջեւ է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում եւ սփյուռքում։
Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու եւ թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» եւ «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաեւ Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման եւ Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» եւ «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։ Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն եւ ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու եւ Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի եւ խղճի ազատության իրավունքը։
Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգեւոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձեւավորել արհեստական օրակարգ։
Կառավարությունը որեւէ լիազորություն եւ Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» եւ պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու եւ պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով եւ նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաեւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգեւոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգեւոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի եւ տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։
Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել եւ առաջնորդվում է հայոց պետության եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի»,- ասվում է հայտարարությունում։
Leave a Reply