Blog

  • Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ֆրանսիայում ավագ դպրոցականների և ուսանողների զանգվածային բողոքի ցույցերն ու դասադուլները հոկտեմբերի սկզբին ստացել են այնպիսի մասշտաբ, որի մասին սկզբում քչերն էին մտածում։ Շարժումը ծնվել է որպես տեղային դժգոհություն Փարիզի մերձակայքի դպրոցներից, որտեղ ուսուցիչների և ուսման գործընթացի հետ կապված խնդիրներ կային։ Մի քանի օրում բողոքը Իլ-դը-Ֆրանսից տարածվեց Լիոնի ու այլ քաղաքների վրա, դպրոցականներին միացան ուսանողները՝ պահանջելով ավելի շատ միջոցներ համալսարանների համար, իսկ հոկտեմբերի 1-ին Օբերվիլիեում և 2-ին Լիոնում երթերը վերաճեցին բախումների ոստիկանության հետ։ Հոկտեմբերի 6-ին և 8-ին անցկացվեցին համազգային մոբիլիզացիայի օրեր, իսկ 13-ին կրթության ոլորտի հիմնական արհմիությունները, կրթական կառույցները կոչ արեցին գործադուլի՝ դպրոցականների շարժումը վերածելով ամբողջ կրթական համակարգի բողոքի։

    Առաջին հայացքից թվում էր, թե շարժումը պետք է ընթանա Ֆրանսիային վաղուց ծանոթ սցենարով. որևէ կոնկրետ հարցի շուրջ բռնկված դժգոհությունը մի քանի շաբաթ աղմկում է, կառավարությունը փոքր զիջումներ է անում, և փողոցն աստիճանաբար դատարկվում է։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ է։ Շարժումն արագորեն քաղաքական երանգ է ստացել, ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձաբար մեղադրել են միմյանց, իսկ խաղաղ հանրահավաքները վերաճել են ավերածությունների, բախումների՝ ընդգրկելով մասնակիցների անհամեմատ մեծ շրջանակ, քան թեմայի շահառուներն են:

    Իրականում այս ամենի պատճառները շատ ավելի խորն են, քան ձախի ու աջի քաղաքական մրցակցությունը կամ ուղղակի դպրոցականների բողոքը։ Այն լավագույնս երևում է երկրի տնտեսական, սոցիալական ու ֆինանսական պատկերում։ Պետության ծախսերը տարիներ շարունակ գերազանցում են հարկային եկամուտները, և հավաքված պարտքն արդեն հասել է աստղաբաշխական չափերի։ Այս տարվա առաջին եռամսյակում այն կազմում էր շուրջ 3,54 տրիլիոն եվրո՝ ՀՆԱ-ի 117,5 %-ը, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ 2026-ի վերջին կհասնի ՀՆԱ-ի 119,3 %-ի, իսկ 2027-ին՝ 121,7%-ի։ Սա Ֆրանսիայի INSEE վիճակագրական ինստիտուտի՝ 1995 թվականից կիրառվող ներկայիս մեթոդաբանությամբ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գրեթե կրկնակի գերազանցում է Եվրամիության սահմանած 60 %-ի ուղենիշը։ Բյուջեի դեֆիցիտը, որ 2025-ին կազմել էր ՀՆԱ-ի 5,1 %-ը, այս տարի կանխատեսվում է 5,4 %, այն դեպքում, երբ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույնը 3 %-ն է, և Ֆրանսիան արդեն երկու տարի գտնվում է Եվրամիության հատուկ հսկողության տակ։ Խնդիրն ավելի է խորանում նրանով, որ պարտքի սպասարկումը թանկանում է. նրա միջին ենթադրյալ տոկոսադրույքը 2020-ի 1,25 %-ից 2025-ին հասել է մոտ 2 %-ի, այսինքն՝ ավելի ու ավելի մեծ գումար է գնում ոչ թե դպրոցներին ու հիվանդանոցներին, այլ վարկատուներին։

    Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է մոտ 54 միլիարդ եվրոյի բյուջետային ջանքերի մասին, որպեսզի 2027-ին դեֆիցիտը իջնի մինչև 5 %, բայց վերլուծաբանների գնահատմամբ՝ դա միայն կդանդաղեցնի վատթարացումը, այլ ոչ թե կկայունացնի պարտքի հարաբերակցությունը։

    Փաստացի Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ պարտքերն աճում են, տնտեսությունը գրեթե չի զարգանում, իսկ աճող ծախսերը ստիպում են կրճատել հենց այն ոլորտները, որոնց վիճակն անմիջականորեն զգում են քաղաքացիները՝ դպրոցը, առողջապահությունը, հանրային ծառայությունները։

    Եվ սա միայն Ֆրանսիայի խնդիրը չէ. այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Իտալիայում, մասնավորաբար՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Բոլոնիայում և Ջենովայում, ցույց է տալիս, որ ալիքը դուրս է գալիս ազգային սահմաններից։ Նորից՝ խաղաղ ցույցերը վերաճեցին խանութների թալանի, բախումների: Ի դեպ, Իտալիայի համար նման բախումները, ըստ էության, նոր չեն։ Գարնանը Հռոմում արհմիությունների կազմակերպմամբ առնվազն 15 հազար մարդ դուրս էր եկել ռազմականացման ու կյանքի թանկացման դեմ։ Այսինքն՝ Իտալիայում թանկությունը, բնակարանային ճգնաժամը, կրթական բարեփոխումները և պատերազմի ու սպառազինության թեման միահյուսվել են մեկ ընդհանուր դժգոհության մեջ։

    Այս շարժումների նոր բնույթն այն է, որ դրանք հաճախ չունեն ղեկավար կենտրոն, ձևավորվում են սոցիալական ցանցերում, բաղկացած են հիմնականում երիտասարդներից ու անչափահասներից և արագ արմատականանում են այնպես, որ դժվար է վերահսկել ոչ միայն կառավարությանը, այլև հենց արհմիություններին ու կուսակցություններին։ Այդպիսի շարժման հետ բանակցելը շատ ավելի բարդ է, քան դասական արհմիության, ուստի այն անկանխատեսելի է իշխանությունների համար։ Ե՛վ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում ձերբակալվածների մեջ շատ են անչափահասները, ինչը խոսում է սերնդային ճեղքվածքի մասին. երիտասարդները, որ ժառանգում են պարտքեր, թանկացած կյանք և խարխլված դպրոցներ, ավելի ու ավելի քիչ են վստահում հին միջնորդներին։

    Այս ամենի հիմքում ընկած են նաև ավելի երկարաժամկետ գործընթացներ, որոնցից առաջինը ժողովրդագրականն է։ Եվրոպական բնակչությունը ծերանում է, և շատ ոլորտներում՝ առողջապահությունից ու շինարարությունից մինչև գյուղատնտեսություն և տեխնոլոգիաներ, մասնագետների ու աշխատուժի ցավագին պակաս կա։ Տարբեր գնահատականներով, մինչև 2050 թվականը ԵՄ երկրների աշխատունակ բնակչությունը կկրճատվի մոտ 20 %-ով, ընդ որում՝ Իտալիան, Իսպանիան և Գերմանիան այդ ազդեցությունն առավել խիստ կզգան։ Ամենացայտուն օրինակը Իսպանիան է։ 2025 թվականին նրա ՀՆԱ-ն աճեց 2,6 %-ով, մինչդեռ Գերմանիայինը՝ ընդամենը 0,4 %-ով, և տարբերությունը բացատրվում է ոչ թե բարձր արտադրողականությամբ, այլ աշխատողների թվի աճով։ Վերջին տարիներին Իսպանիայում ավելացել է շուրջ 2,3 միլիոն աշխատող՝ Գերմանիայի մոտ 500 հազարի դիմաց, ընդ որում՝ ներգաղթը զբաղվածության աճին Իսպանիայում նպաստել է ավելի շատ։ Վերլուծաբանները, սակայն, զգուշացնում են, որ իսպանական այս ընթացքն առանց արտադրողականության աճի դժվար է պահպանել։ Գերմանիայում էլ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ առանց օտարերկրյա աշխատուժի ու մասնագետների ներգրավման տնտեսությունը չի կարող պահպանել իր ներուժը։

    Սակայն տնտեսական անհրաժեշտությունն ինքնին չի լուծում հասարակական հարցը։ Ներգաղթյալներն իրենց հետ բերում են նաև այլ մշակութային ու արժեհամակարգային ավանդույթներ, և երբ ինտեգրումն ուշանում է, իսկ բնակարանի, դպրոցի, աշխատանքի ու անվտանգության շուրջ մրցակցությունը սրվում է, ներքին լարվածությունն անխուսափելիորեն աճում է։ Իրավիճակի պարադոքսն այն է, որ տնտեսությունը կարիք ունի ներգաղթի, իսկ ընտրողների զգալի մասը պահանջում է այն սահմանափակել, և այդ հակասությունը դեռ ոչ մի կառավարություն չի կարողացել հավաստի կերպով լուծել։ Այստեղ պետք է զգույշ լինել՝ հատկապես որ ներգաղթյալների խմբերը միատարր չեն, նրանց ներդրումը աշխատաշուկայում ակնհայտ է, սակայն շատ ժամանակ ներգաղթյալները ոչ թե ուղղակի աշխատողներ են, այլ ապաստան հայցողներ, որոնք ցանկանում են ապրել պետության հաշվին։ Այդ լարվածության պատճառով ներգաղթային քաղաքականությունը խստանում է գրեթե ողջ մայրցամաքում։ Գերմանիան, Իտալ իան, Դանիան և Ֆրանսիան կտրուկ խստացրել են օրենսդրությունը, ԵՄում այս տարվա հունիսին ուժի մեջ է մտել Միգրացիայի և ապաստանի նոր պակտը։

    Երկրորդ խոշոր գործոնը Ուկրաինայի պատերազմն է, որի ազդեցությունը Եվրոպայի վրա խորն է և բազմակողմանի։ Մայրցամաքը զրկվեց էժան ռուսական էներգակիրներից». ԵՄ-ն արգելեց ռուսական ածխի ու նավթի ներմուծումը և կտրուկ կրճատեց գազի ներկրումը, ինչը բարձրացրեց էներգիայի գները և ծանրացրեց թե՛ արդյունաբերությունը, թե՛ ընտանիքների բյուջեն։ Միաժամանակ, Եվրոպան դարձել է Ուկրաինայի հիմնական աջակիցը։ 2026–2027 թվականների համար համաձայնեցվել է 90 միլիարդ եվրոյի վարկ՝ մոտ 60 միլիարդը՝ ռազմական կարիքների, 30 միլիարդը՝ բյուջետային աջակցության համար, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի համատեղ փոխառություններով, ընդ որում՝ Չեխիան, Հունգարիան և Սլովակիան դրանից դուրս են մնացել։ 2022 թվականից ի վեր Միության և անդամ պետությունների աջակցությունն Ուկրաինային անցել է 190 միլիարդ եվրոն, իսկ այս տարվա հունիսի 15-ին ԵՄ-ն սկսեց Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս թվերը, սակայն, պետք է դիտարկել համեմատական հարթության վրա։ Վարկի սպասարկումը ԵՄ-ի բյուջեից կկազմի մոտ 1 միլիարդ եվրո՝ 2027-ին, և մոտ 3 միլիարդ տարեկան՝ 2028-ից, ինչը Ֆրանսիայի դեֆիցիտի մասշտաբի համեմատ փոքր է։ Բայց քաղաքական ընկալման մեջ տրամաբանությունը ուրիշ է, երբ դպրոցում ուսուցիչ չկա, իսկ բենզինը թանկանում է, «ահռելի օգնությունը օտար երկրին» դառնում է հեշտ թիրախ, և դա օգտագործում են հենց այն ուժերը, որոնք ավելի թերահավատ են Ուկրաինայի աջակցության հանդեպ։

    Սրան գումարվում են նաև ՆԱՏՕ-ի 2025 թվականին ընդունված որոշմամբ՝ մինչև 2035 թվականը պաշտպանության և անվտանգության ծախսերը ՀՆԱ-ի 5 %-ի հասցնելու պարտավորությունները, որոնք նույնպես մրցակցում են սոցիալական ծախսերի հետ։

    Այս ամենի քաղաքական հետևանքն այն է, որ ուժեղանում են աջ և ազգայնական ուժերը։ Ֆրանսիայում «Ազգային համախմբումը» առաջատար է 2027 թվականի նախագահական ընտրությունների հարցումներում, Գերմանիայում «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը վերջին տարիներին մի շարք հարցումներում հավասարվել է կամ առաջ անցել Քրիստոնյա-դեմոկրատական դաշինքից, Մեծ Բրիտանիայում վերջին մեկուկես տարվա ընթացքում հարցումներում առաջատար է եղել Նայջել Ֆարաջի «Ռեֆորմ ՅՔ»-ն, իսկ Իտալիայում իշխանության գլուխ է Ջորջա Մելոնիի աջակողմյան կոալիցիան։

    Հարցումները դեռ ընտրություն չեն, և շատ երկրներում կոալիցիոն թվաբանությունը ու մյուս կուսակցությունների «սանիտարական գոտին» դեռ սահմանափակում են այդ ուժերի հնարավորությունները, բայց միտումն անվիճելի է։ Նրանց հաջողությունը բացատրվում է ոչ այնքան գաղափարախոսությամբ, որքան այն հանգամանքով, որ նրանք առաջինը, ամենաբարձր ձայնով և ամենապարզ լեզվով խոսեցին այն թեմաների մասին, որոնց շուրջ հին կենտրոնամետ ուժերը լռում էին կամ խոսում էին ընդամենը տեխնոկրատական լեզվով։ Եվ երբ հիմնական կուսակցությունները ձայներ վերադարձնելու համար իրենք են ընդունում ներգաղթի խստացման աջակողմյան օրակարգը, դա միայն ամրապնդում է այն կարծիքը, որ ճիշտ էին հենց այդ «արմատականները»։

    Այնպես որ, Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներն իրենց մեջ երկարատև խնդիրների արմատներ են կրում։ Եվրոպական համակարգը, որ կառուցվել էր էժան ռուսական էներգիայի, ամերիկյան անվտանգության հովանու, բաց համաշխարհային շուկաների և էժան վարկերի վրա, այսօր միանգամից ճաք է տվել գրեթե բոլոր հենասյուների մակարդակով։ Էներգիան թանկացել է, անվտանգությունը չի կարելի այլևս փոխանցել ուրիշներին, առևտրային աշխարհը մասնատվում է, իսկ փոխառության արժեքը բարձրանում է։ Ժողովրդագրական ծերացումը ճնշում է աշխատաշուկան ու թոշակային համակարգերը, ներգաղթը լուծում է դրա մի մասը, բայց ծնում է նոր քաղաքական հակասություններ, իսկ երիտասարդ սերունդը ավելի ու ավելի պատրաստ է փողոց դուրս գալու։ Ճգնաժամը երկարատև է, նախապատմությունը՝ տարիների, սակայն արագ լուծում չկա։

    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

    Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը:

    Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի պատասխանատու Գագիկ Վանոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

    Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ միջադեպի պատճառը պաշտոնական ելույթի ընթացքում թույլ տրված վրիպակն է եղել։

    Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ։

    Նշվում է, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տեղեկությունը լարվածություն և զարմանք է առաջացրել կառավարության ներսում։ Աղբյուրները Գագիկ Վանոյանին բնութագրում են որպես ակտիվ, պատրաստակամ և իր աշխատանքին պատասխանատու մոտեցող երիտասարդի՝ նշելով, որ նման վրիպակի պատճառով պաշտոնից ազատելու որոշումը բոլորի համար շատ անսպասելի է եղել։

    Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին էր Գագիկ Վանոյանին վերանշանակել այդ պաշտոնում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, նաև այլ բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը չեն այցելել հայության հոգևոր մայրաքաղաք՝ Էջիմածին, չեն եղել Մայր Աթոռում, չեն արժանացել Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը:


    Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս պահին անէական է, թե ինչու է Փաշինյանը պաշտոնից ազատել պետական արարողակարգի ծառայության պետին: Էականն այն է, որ Հայաստանի պետական արարողակարգը արմատապես նենգախեղվել է ու ծամածռվել: Չէ, ոչ ազատված կամ չազատված պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:


    Գրեթե անհնար էր պատկերացնել, որ նախկինում, ասենք՝ 10, 15 կամ 20 տարի առաջ օտարերկրյա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, միջազգային խոշոր կազմակերպության ղեկավար ժամաներ Հայաստան և հանկարծ չայցելեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ, ըստ հնարավորության՝ հանդիպում չունենային Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Իսկ «փաշինյանական Հայաստանում» կամ նրա ասած «իրական Հայաստանում» քպական իշխանություններն, ինչպես երևում է, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ժամանող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը հանկարծ ու հանկարծ չհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, չլինեն Մայր Աթոռում, չտեսնեն Մայր տաճարը:

    Սա այլևս լրացուցիչ անգամ հիմնավորում է, որ փաշինյանական իշխանությունը իրականում պատերազմում է հենց Եկեղեցու դեմ:


    Հանրահայտ է՝ Փաշինյանն ատում է Ամենայն հայոց կաթողիկոսին, բոլոր հնարավոր ու քստմնելի եղանակներով հալածանքների է ենթարկում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականներին, չի շրջանցում նրանց մերձավորներին ու հարազատներին, ուզում է զավթել Հայ առաքելական եկեղեցին ու այն դարձնել կառավարությանն առընթեր ձեռնասուն «հիմնարկ»: Շատ է սրա մասին խոսվել, բազմիցս հիմնավորված ներկայացրել ենք այդ խնդիրները, էլ ավելի բազմիցս դրա մասին խոսել են ոչ իշխանական ու ազգային շրջանակների ներկայացուցիչները: Բայց տվյալ պահին սոսկ դա չէ հարցը:


    Հարցն այն է, որ, օրինակ՝ ընտանիքները, որպես կանոն, երբ հյուր են ունենում, իրենց ներքին խնդիրները չեն փաթաթում այդ հյուրերի վզին, չեն պարտադրում նրանց: Համամիտ ենք, որ համեմատությունը, բոլոր համեմատությունների նման, ոչ լիարժեք է, բայց իրավիճակը որոշակի նմանություններ ունի:

    Տեսեք, զավեշտական, եթե չասենք՝ ծաղրական ու վիրավորական պատկեր է ձևավորվում փաշինյանական իշխանության որդեգրած անընկալելի և անընդունելի մոտեցման հետևանքով: Օրինակ՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելում է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Շատ լավ է անում, շատ ճիշտ է, որ նրան «տարել են» Զվարթնոց: Բայց, միևնույն ժամանակ, աչք է ծակում, որ նա չի այցելում Մայր Աթոռ: Ինչպե՞ս դա հասկանալ:


    Այս առնչությամբ ամենից դիպուկը, կարծում ենք, Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն է արտահայտվել. «Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։


    Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի: Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության: Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»:

    Կամ, օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «տարել են» Մատենադարան, «Թումո»: Շատ լավ է, իհարկե: Բայց ո՞ւմ, այդ ո՞ր ազգային կառույցի շնորհիվ գոյություն ունի Մատենադարանը, այդ ի՞նչ մատյաններ են այնտեղ պահվում, ովքե՞ր են եղել այդ մատյանների ճնշող մեծամասնության գրիչները, ծաղկողները: Առաջին հերթին հենց հայոց Եկեղեցին է եղել պահողը, պահպանողը և փայփայողը այդ ահռելի մշակութային ու քաղաքակրթական ժառանգության: Մայր Աթոռի մատյանները նվիրաբերելու շնորհիվ է, որ Մատենադարանը բովանդակություն է ստացել: Լավ, բա ոչ մեկի մտքով չի անցե՞լ, որ ասի՝ ախր, եթե մարդուն տանում ենք Մատենադարան, միգուցե արժե՞, որ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էլ այցելի:


    Ավելին, խիստ զարմանալի ու վրդովեցուցիչ է, որ նման բան չի անցել նաև օտարերկրյա բարձրաստիճանների ու նրանց աշխատակազմերի մտքով: Ոչ մեկի մտքով չի անցել, որ գալ Հայաստան ու չայցելել Մայր Աթոռ, չլինել Մայր Տաճարում, էլ չենք ասում՝ չհանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է դրսևորել մեծագույն անքաղաքավարություն, նշանակում է ցույց տալ արմատական անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ:


    Դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը, որպես պաշտոնական ընդունող կողմ, իր բարձրաստիճան հյուրերին պարզորոշ հասկացրած կամ ակնարկած լինի, որ անցանկալի են դիտում նրանց հնարավոր այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կամ հնարավոր հանդիպումը հայության հոգևոր առաջնորդի հետ: Հնարավոր է: Բայց նրանք էլ, ըստ երևույթին, մեծ ցանկություն չեն դրսևորել, հակառակ դեպքում՝ կհասկանային, որ գալ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիր ու չայցելել Մայր Տաճար, ամենից առաջ կնշանակի ի ցույց դնել սեփական անգիտությունը կամ արհամարհանքը:

    Ի դեպ, խոսքը միայն COP17-ի մասնակիցների մասին չէ: Նախքան ընտրությունները նույն Փաշինյանի համար Մակրոնի «Եվրոպական քաղաքական համայնքի» տասնյակ մասնակիցներն էլ միահամուռ դրսևորեցին իրենց խորին արհամարհանքը Հայաստանի ու հայության հանդեպ, քանի որ նրանցից ոչ մեկը չայցելեց Մայր Աթոռ ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելու շնորհք չունեցավ: Հնարավոր է՝ նրանք անհավատնե՞ր են:


    Բայց սա հավատքի ու կրոնական պատկերացումների հարց չէ: Սա պետականության, ազգի, երկրի, ժողովրդի պատմական ու մշակութային խորքի ընկալման հարց է:


    Պետական իշխանության մարմիններն ու Եկեղեցին կարող են տարամետ մոտեցումներ ունենալ: Չնայած մեր կոնկրետ պարագայում դա պետական իշխանության ժամանակավոր կրողներն են հարձակվել Հայոց եկեղեցու վրա, բայց առժամանակ անգամ այդ անընդունելի հանգամանքը մի կողմ դնենք:

    Խնդիրը պետականության դիրքավորումն ու աշխարհին ներկայանալու կարողունակությունն է:


    Հաջորդ հարցը. Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը COP-17-ի ժողովատեղիից շատ հեռու չէ: Քանի՞սը գնաց: Ավելի ճիշտ՝ քանիսի՞ն «տարան»: «Եվրոհամայնքի» ժամանակ էլ ընդամենը մի քանի «եվրոհյուր» դա արեց: Դե, երևի այն պատճառով, որ Փաշինյանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ:


    Բայց մյուս կողմից՝ եթե Փաշինյանի ու իր կառավարության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ, եթե Արցախը բեռ էր, եթե Հայոց եկեղեցին իրենց համար թշնամի է, եթե Հայոց պատմությունն իրենց համար մոռանալի է, եթե Արարատն ուրանալի է, ապա… ո՞վ են իրենք և ի՞նչ կապ ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի հետ…

    ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գայանե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը յուրահատուկ հանդիպում էր արվեստի մի աշխարհի հետ, որտեղ հրեշտակները պարզապես պատկերված չեն, այլ կարծես շնչում են՝ փոխանցելով բարություն, խորհրդավորություն և հոգու խորքից ծնված զգացմունքներ։ Հիացած եմ նրա արվեստի ինքնատիպ լեզվով, գույների արտահայտչականությամբ և կերպարներին հոգի ու խորիմաստություն հաղորդելու բացառիկ շնորհով։ Գայանեն ոչ միայն գեղեցկադեմ ու խարիզմատիկ անհատականություն է, այլև բազմատաղանդ արվեստագետ՝ հաղորդավարուհի, դերասանուհի և նկարչուհի, ում ստեղծագործություններն ունեն անկրկնելի ձեռագիր։ Սիրով մաղթում եմ նոր բարձունքներ, անսահման ներշնչանք և մեծագույն հաջողություններ։ Թող նրա արվեստի լույսը հասնի բազմաթիվ սրտերի, իսկ առաջիկայում սպասվող՝ առավել լայնածավալ մշակութային կենտրոնի բացումը նոր հնարավորություններ ստեղծի արվեստի ու գեղեցկության սիրահարների համար…

     

    Gayane Aslamazyan’s solo exhibition was a unique encounter with a world of art where angels are not merely depicted, but seem to breathe, conveying kindness, mystery, and emotions born deep within the soul. I was truly impressed by the distinctive language of her art, the expressive use of colors, and her exceptional ability to give life, soul, and profound meaning to her figures. Gayane is not only a beautiful and charismatic personality, but also a multitalented artist—a television host, actress, and painter whose creations bear an unmistakable artistic signature. I sincerely wish her continued inspiration, new creative heights, and tremendous success. May the light of her art touch countless hearts, and may the upcoming opening of a larger cultural center create new opportunities for art lovers and admirers of beauty.

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 20-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 20-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 359,25 դրամ է, վաճառքը՝ 363,68 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 399,61 դրամ, վաճառքի դեպքում՝ 410,94 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.20 դրամ, վաճառքինը՝ 4.46 դրամ:

  • Orer.am | Դժգոհություն… ձոներով. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Մոտ 20 օր առաջ հայտնի դարձավ, որ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Դեռևս այն ժամանակ մենք ստանում էինք տեղեկություններ, որ այս ոլորտում ոչ միայն բավական խորքային խնդիրներ են կուտակվել, այլև՝ խուլ խմորումներ կան:


    Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել նաև ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը: Ճիշտ է, իր գրառման մեջ նա շնորհակալությունների տարափ է տեղում ԿԳՄՍՆ նախկին նախարարներին, կառավարությանը, սիրաշահում է Նիկոլ Փաշինյանին, թե՝ «ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել եք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում»: Նաև «շառից, փորձանքից հեռու»՝ իր պարտքն է համարում կոչ անել «սուտի ընդդիմադիրներին՝ չառիթավորվել», այդուամենայնիվ, նույն այդ գրառումից ակնհայտ է դառնում, թե ինչքան խորքային խնդիրներ կան այս ոլորտում:


    Մասնավորաբար, որպես աշխատանքից ազատվելու հիմնական պատճառ նշվում է այն, որ «մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին»: Ի հավելումն՝ Մովսիսյանը գրել է. «Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ. այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի»:

    Հրաժարականագրության ժանրում սա, ըստ երևույթին, նոր ոճ է, որը կդժվարանանք անգամ բնորոշել, թերևս՝ «քծնաքննադատություն»: Չէ, լուրջ, դուք միայն պատկերացրեք, թե ինչ կարգի կաշկանդիչ քաղցրախմորի մեջ են ընկղմված իշխանությունն ու իրեն առնչվող շրջանակները, որ նույնիսկ հրաժարական տվող պաշտոնյան իր այդ քայլի պատճառները ներկայացնելիս դիֆերամբներ է ձոնում արդեն նախկին վերադասին ու նրա վերադասին:


    Խնդիրը նույնիսկ այս կամ այն պաշտոնյան չէ: Խնդիրն այն է, որ պարզ հարց է ծագում. եթե ամեն ինչ այդքան շնորհակալարժան է ու երախտագիտալի, հապա էլ ո՞րն է ծրագրերի կիսատ մնալու, թերի ֆինանսավորման ու մնացյալ խնդիրների ու հրաժարական տալու խորքային պատճառը: Ցավալի է այս պաշտոնյաների վիճակը, բայց ավելի ցավալի է կոնկրետ այս դեպքում գիտության վիճակը. պատկերացնո՞ւմ եք ինչքան տխուր է ամեն ինչ, որ այսքան շնորհակալության հետ մեկտեղ, միևնույնն է, անհնար է եղել գոնե մի քիչ «չքննադատելը»…


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․«Ժողովուրդ»

    Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․«Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին նշվում էր Հայ մամուլի օրը։

    «Ժողովուրդ» օրաթերթը ցավով արձանագրում է, որ նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու տարիներին հայկական տպագիր մամուլը, այդ թվում՝ պետական թերթերը, փակվել են։ Բոլոր տիպի խնայողությունները սկսեցին արվել տպագիր մամուլի հաշվին։

    Ժամանակին Հայաստանում պետական գրեթե յուրաքանչյուր կարևոր կառույց ուներ իր պարբերականը, որը պարբերաբար լույս էր տեսնում և լուսաբանում տվյալ ոլորտի աշխատանքը։ Այսօր այդ թերթերից շատերը չկան։

    Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում լույս էր տեսնում «Հայ զինվոր» թերթը, կրթության ոլորտում՝ «Կրթություն» թերթը, ՆԳՆ համակարգում՝ «02» («Ոստիկանություն») թերթը, արտակարգ իրավիճակների ոլորտում՝ «Արտակարգ» թերթը, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական պարբերականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էր։

    Այսօր այդ պարբերականների տպագիր հրատարակությունների ճակատագիրը տարբեր է․ մի մասը դադարեցրել է լույսընծայումը, մյուսները վերակազմակերպվել կամ փոխել են իրենց գործունեության ձևաչափը։ Օրինակ՝ «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարվել է 2025 թվականին, իսկ «Հայ զինվոր»-ը 2018 թվականին վերակազմակերպվել է «Զինուժ» մեդիայի կազմում։

    Խնդիրը միայն պետական թերթերի ճակատագիրը չէ։ Տպագիր մամուլի շուկան ընդհանուր առմամբ նեղացել է, և այսօր թերթերի տպագրությունն ու տարածումը նախկինի համեմատ շատ ավելի սահմանափակ են։ «Ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերը և մի շարք այլ պարբերականներ շարունակում են տպագիր գործունեությունը, սակայն ոլորտի ընդհանուր վիճակը մտահոգիչ է։

    Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի իշխանության օրոք, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախկինում լրագրող է եղել և աշխատել է տպագիր մամուլում։ Սա ինքնին հարց է առաջացնում՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում տպագիր մամուլի պահպանման, զարգացման և ընթերցողների համար հասանելիության ապահովման ուղղությամբ։

    Իհարկե, թերթերի տպագրության նվազումը միայն մեկ գործոնով բացատրել հնարավոր չէ․ իր ազդեցությունն ունեն նաև թվայնացումը, ընթերցողների նախասիրությունների փոփոխությունը և տնտեսական դժվարությունները։ Բայց դա չի վերացնում պետության ու հասարակության առջև ծառացած հարցը՝ ինչպե՞ս պահպանել տպագիր մամուլը՝ որպես հանրային վերահսկողության, բազմակարծության և պատմական հիշողության կարևոր միջոց։

    Հայ մամուլի օրը շնորհավորական խոսքերից բացի նաև հաշվետվության ու հարցադրումների օր է։

    Ի՞նչ է արվում, որպեսզի ավանդական մամուլը չկորցնի իր տեղը հասարակական կյանքում։

    Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մամուլի օրը մի շնորհավորանք անգամ չի հնչեցրել։ ՔՊ մյուս պաշտոնյաները ևս»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ամենատարբեր քաղաքական, սոցիալական, օրախնդիր հարցերի շուրջ քննարկումների ընթացքում դժվար չէ նկատել, որ անպայման հայտնվում են որոշակի խումբ անձինք, որոնք իրենց պարտքն են համարում հընթացս «քլնգել» ընդդիմությանը՝ վերջիններիս մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերում, հատկապես, որ «այս վիճակում ենք»:


    Ընդդիմությունն, իհարկե, անքննադատելի չէ: Ընդդիմադիր ուժերին, իհարկե, կարելի է զանազան դիտողություններ անել: Միանգամայն բնական է, որ որոշակի պահանջներ պետք է ներկայացնել ընդդիմադիր հիմնական ուժերին: Այդ ամեն ինչը հասկանալի է:


    Բայց մյուս կողմից՝ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի են ունեցել ընտրություններ: Այո, իշխող ուժի կողմից եղել են խայտառակ խախտումներ: Այո, եղել է վարչական ռեսուրսի գերչարաշահում: Բայց գնացել են, չէ՞, մի քանի հարյուր հազար մարդ ու փաշինյանական ՔՊ-ին ձայն տվել: Երկրորդը. ընդդիմությանը, այսինքն՝ խորհրդարան անցած, չանցած իրական ընդդիմադիր ուժերին համախառն մոտ 550 հազար մարդ է քվեարկել:

    Բոլորս տեսանք, ի դեպ, թե ինչպես կուսակցություններից մեկի ձայները բացահայտ գողացան՝ չթողնելով, որ անցնի խորհրդարան: Իսկ եթե, օրինակ՝ այդ կուսակցությանն այնքան քվե տայինք, այդ թվում՝ «քլնգողները», ապա միգուցե հնարավոր չլինե՞ր այդ մանդատագողությունն ու ձայնափոշիացումը: Ու իրավիճակն էլ, բնականաբար, այլ կլիներ: Իսկ եթե խորհրդարան անցած երկու ուժերին ավելի շատ քվե տրվեր, իրավիճակն ընդհանրապես այլ կլիներ, արմատապես այլ…


    Սակայն չընկնենք «եթե, ապա..»-ի այդ մածուցիկ գայթակղության մեջ: Պարզապես պետք է նկատել, որ եղած հնարավորության սահմաններում մարդիկ ինչ կարողանում՝ անում են: Ի վերջո, ընդդիմության հնարավորություններն անսահմանափակ չեն:


    Այդուհանդերձ, «քլնգելն» ու պահանջելը դյուրին է, իհարկե: Հատկապես՝ ընդդիմությանը «քլնգելը». ի վերջո, դրա համար իրավապահները դիմակավորներով չեն հարձակվում, չեն կալանավորում, դրա համար սեփականություն չեն խլում: Բայց ընդդիմությանը շարունակ «կպնելու» փոխարեն միգուցե ամեն մեկը ինքն իրեն հարցնի, թե ինքը գոնե իր ուզած նպատակին հասնելու համար «մի մոմ» վառե՞լ է…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և արհեստականորեն բարձր գները տարիներ շարունակ ծանր ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար, որոնք ստիպված են կանգնել կենսական երկընտրանքի առաջ՝ գնել դեղորայք, թե սննդամթերք։


    Այս հրատապ խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերի շրջանակում Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է։ Օրենսդրական այս նոր նախաձեռնության հիմքում ընկած է ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում պարզեցված գրանցման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով և վերացնել բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնց պատճառով հարյուրավոր որակյալ դեղեր պարզապես չեն գրանցվում երկրում։


    Խնդրի խորությունը պարզ է դառնում հարևան Վրաստանի հետ գների կոպիտ համեմատականներից։ Շաքարային դիաբետի «Մետֆորմինը» Վրաստանում արժե 920 դրամ (կամ «Մետֆորմին Դենկը»՝ 1590 դրամ), իսկ Հայաստանում՝ 1700-4260 դրամ։ «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, մեզ մոտ՝ 5600 դրամ։ «Ամոքսիկլավը» Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ։ «Օմեպրազոլի» միջին գինը հարևան երկրում 1141 դրամ է, այն դեպքում, երբ մեզ մոտ այն հասնում է 5360 դրամի։

    Այս իրավիճակը շտկելու նպատակով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ՝ քննարկելով գների նվազեցման և ավելի քան 1,3-1,8 միլիոն հայաստանցու համար հարյուր հազարավոր դրամներ խնայելու հնարավորությունները, այնուհետև նույն հարցերը քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։


    Այս նախաձեռնությանն ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել հրապարակային տեսաուղերձով՝ փորձելով արդարացնել գործող համակարգը և կասկածի տակ դնել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում որպես հիմնական հակափաստարկ վկայակոչում է 2018 թվականից հետո առողջապահական բյուջեի աճը։


    Սակայն սա զուտ մակերեսային թվաբանություն է, քանի որ միջազգային փորձը վաղուց ապացուցել է, որ պետական բյուջեի մեխանիկական ուռճացումը որևէ դրական ազդեցություն չունի, եթե իրականում չի կրճատվում այն ծանր բեռը, որը քաղաքացին ստիպված է վճարել սեփական գրպանից։ Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանն ու դեղորայքային ապահովմանը՝ նախարարը հայտարարում է, թե իբր 1,8 միլիոն քաղաքացի 1200 քիմիական անվանումով դեղորայքի համար գրեթե ոչինչ չի վճարում, իսկ 8 ամիսների ընթացքում դրանց հատկացվել է 25 միլիարդ դրամ՝ գումարած 7 միլիարդի կենտրոնացված գնումները։

    Սակայն նախարարի բերած թվերը բնավ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը չափազանց սահմանափակ է։


    Առողջապահական համակարգում այսօր առկա է լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։ Մարդիկ ստիպված են ամիսներով հերթագրվել պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, որպեսզի հասնեն նեղ մասնագետների մոտ կոնսուլտացիաների կամ ստանան իրենց հասանելիք բուժսպասարկումը։ Այդ սպասումն ու հերթերն այնքան են ձգձգվում, որ պացիենտի համար բուժումն ու դեղորայքի նշանակումը դառնում են անհետաձգելի, և նա չի կարող ամիսներով սպասել պետական հերթին։


    Հիվանդության խորացման վտանգի առաջ կանգնած՝ քաղաքացիները զրկված են անվճար համակարգից ժամանակին օգտվելու հնարավորությունից։ Արդյունքում, հերթերում չմնալու և ժամանակ չկորցնելու համար մարդիկ ստիպված են լինում վճարել սեփական գրպանից և դեղերը ձեռք բերել կամ դիմել մասնավոր կլինիկաներ։

    Ավելին, նախարարն իր հրապարակային խոսքում շրջանցում է այն փաստը, որ համակարգում սկսել են լայնորեն կիրառվել համավճարներ՝ ընդգրկելով բոլորին՝ սկսած անչափահաս երեխաներից մինչև տարեցները, մինչդեռ նախկինում հայտարարվում էր, թե համակարգը պետք է լինի բացարձակ անվճար։


    Քաղաքացիները բժշկական հաստատություններում ամեն քայլափոխի բախվում են լրացուցիչ վճարումներ կատարելու պահանջին, ինչն իրականում ցույց է տալիս, որ իշխանությունների նկարագրած այդ հեքիաթային իրավիճակը պարզապես աբսուրդ է, և առողջապահական համակարգը խորը ճգնաժամի ու կոլապսի մեջ է։


    Արդարանալով և նշելով, թե նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել գրանցման մեխանիզմների պարզեցման որոշում և սպասվում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, նախարարը փորձում է մեղմել հանրային դժգոհությունը։ Սակայն այս կիսատ ու ուշացած քայլերը կոսմետիկ բնույթ են կրում, մինչդեռ հարևան երկրներում նույն դեղերը հասանելի են 2-3 անգամ էժան գներով։

    Ներկայացված նախագիծն ու արմատական լուծումներն այլընտրանք չունեն. եվրոպական չափանիշների անհապաղ ներդրումն ու դեղերի շուկայի մոնոպոլիաների վերացումը կենսական անհրաժեշտություն են։ Հակառակ դեպքում, իշխանությունների թղթային ու վիճակագրական ձեռքբերումները շարունակելու են մնալ իրականությունից կտրված, իսկ հայաստանյան քաղաքացին շարունակելու է շատ թանկ վճարել սեփական առողջության և կյանքի համար։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է արտահանման ու ՀՆԱ-ի աճի զգալի մասը, սակայն, միևնույն ժամանակ, գտնվում է հանրային ու բնապահպանական մշտական ուշադրության կենտրոնում։ Ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները՝ բնապահպանական ռիսկերի կառավարումից մինչև տեղական համայնքների հետ վստահության ձևավորում և ներդրումային միջավայրի բարելավում, պահանջում են բաց, թափանցիկ ու մասնագիտական երկխոսություն։ Հենց այս խնդիրների, ESG չափանիշների ներդրման և պատասխանատու հանքարդյունաբերության ապագայի շուրջ էր համախմբվել ոլորտի մասնագիտական հանրույթը։


    Ծաղկաձորում արդեն երրորդ անգամ անցկացվող «Mining Armenia Forum 2026»-ը մեկտեղել է ոլորտի միջազգային առաջատարներին, ներդրողներին, պետական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներին՝ դառնալով կարևոր հարթակ փորձի, ներդրումների և նոր գաղափարների փոխանակման համար։ Համաժողովի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, իսկ ռազմավարական հովանավորներից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ)։


    Այս տարվա ֆորումն առանձնացել է նաև նորարարական լուծումներով։ Մասնավորապես, առաջին անգամ արհեստական բանականության միջոցով ստեղծված «Մինաս» անունով «փորձագետը», որի գաղափարի հեղինակն է ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը, լսել, վերլուծել և ամփոփել է միջոցառման առաջին օրվա քննարկումները՝ ցույց տալով մարդկային փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման կարևորությունը։

    Ֆորումի առանցքային թեմաներից էր «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը, որին մասնակցել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նա պարզաբանել է պատասխանատու և անպատասխանատու հանքարդյունահանողների տարբերությունները՝ շեշտելով. «Լավ և վատ հանքարդյունաբերողները առաջին հերթին որոշվում են պոչամբարների անվտանգության նկատմամբ իրենց վերաբերմունքով։ Լավ հանքարդյունաբերողները մեծ ջանքեր և ռեսուրսներ են ծախսում այդ ուղղությամբ»:


    Ստեփանյանի խոսքով՝ կարևոր ցուցիչ են նաև ջրային ռեսուրսների պաշտպանությունը, համայնքների նկատմամբ հոգատարությունը և «լրացուցիչ մղոն» սկզբունքով աշխատելը, այսինքն՝ օրենքով պահանջվածից ավելին անելը շրջակա միջավայրի և հասարակության համար։


    Միջոցառմանն անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված հարաբերություններին։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկար ժամանակ գրեթե ուշադրության չէր արժանանում։ Միայն վերջին տարիներին ենք սկսում զգալ, որ կառավարությունն ու պետությունը մեզ բոլորովին այլ կերպ են վերաբերվում, սկսել են լսել մեզ»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ եթե չլի նեն ներդրող նե րին պաշտպան ո ղ օրենքներ, ոլորտը կշարունակի դոփել նույն տեղում։

    ԶՊՄԿ արտաքին կապերի և արդյունաբերական ինտեգրման գծով տնօրեն Աննա Սաղբալ յանը, անդրադառնալով համայնքների հետ հարաբերություններին, ընդգծել է. «Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ այնքան խաղացողներ, շահագրգիռ կողմեր կան՝ անկեղծ ու ոչ այնքան անկեղծ, ներգրավված կամ ոչ այդքան ներգրավված, որոնցից նաև մեծապես կախված է համայնքի ու ընկերության հարաբերությունների զարգացման տեսակը»: Նա նկատել է, որ եթե 15 տարի առաջ հաճախակի էին խոսակցություններն ընդերքի թալանի և կոպեկներ վճարելու մասին, այժմ այդ խոսակցությունները պակասել են, և քննարկումները հիմնականում վերաբերում են եկամուտների արդար բաշխմանն ու բարիքների բավարարությանը։


    Համաժողովի շրջանակներում միջազգային փորձագետները ևս դրական գնահատականներ են տվել։ «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրեն Էնդրյու Թեյքը հայտարարել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է, և երկրում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրերին, վկայում է հանքարդյունաբերությունը զարգացնելու հայ ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Եթե հանքարդյունաբերական ծրագրերին հաջողվում է շահել տեղի բնակչության ու համայնքների վստահությունը, ապա այդ նախագծերը հաջողությամբ են իրականացվում»,- ընդգծել է նա։


    Իր հերթին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է, որ ոլորտում առկա է ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման խնդիր։ Այս մարտահրավերը հասցեագրելու նպատակով նախաձեռնվել է վերահսկողության թվային համակարգի ստեղծում, որտեղ առցանց եղանակով կհավաքագրվեն մշտադիտարկման բոլոր տվյալները։ Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2029 թվականի հունվարից՝ նպաստելով ոլորտում թափանցիկության և արդյունավետ կառավարման ապահովմանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում