Blog

  • Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

    Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների շարքում գազի ներմուծման արժեքի շուրջ 69 տոկոս աճն է լինելու։ Իսկ գազի գնի այդքան շեշտակի աճը կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գազի հնարավոր թանկացումը չէ։ Մտահոգիչ են նաև այն հարցերը, թե ինչ տնտեսական գին կարող է ունենալ Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշման փոփոխությունը, որքանով է կառավարությունը պատրաստ նման սցենարներին, և վերջապես՝ ով է վճարելու հնարավոր թանկացումների համար։

    Հոկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում դիտարկվում է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6 տոկոսով, գնաճը՝ աճել 14,9 տոկոսային կետով, իսկ սպառումը՝ կրճատվել 14,6 տոկոսով։

    Սակայն ամենազգայուն կետերից մեկը բնական գազի հարցն է։ Զեկույցում նշվում է, որ Հայաստան մատակարարվող գազի հաշվարկային գինը կարող է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնել 300 դոլարի։ Սա շուրջ 69 տոկոս աճ է։

    Փաստաթղթի հեղինակների հաշվարկով՝ գազի ներմուծման արժեքը տարեկան կարող է 389 միլիոն դոլարից հասնել 657,5 միլիոն դոլարի՝ ավելանալով 268,5 միլիոն դոլարով։ Ընդ որում՝ զեկույցում նշված 300 դոլարը գնահատականային ցուցանիշ է, և իրական պայմանագրային գինը կարող է կախված լինել նաև միջազգային շուկայի իրավիճակից։

    Կարևոր է ընդգծել՝ խոսքը հնարավոր սցենարի մասին է, ոչ թե արդեն ընդունված որոշման կամ սպառողների համար հաստատված նոր սակագնի։ Բայց նույնիսկ որպես սցենար՝ այս հաշվարկը լուրջ հարցեր է առաջացնում։

    Եթե գազի ներմուծման արժեքը զգալիորեն աճի, դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն էներգետիկ ոլորտով։

    Գազը Հայաստանի տնտեսության համար կարևոր ռեսուրս է։ Դրա գնի բարձրացումը կարող է ավելացնել արտադրողների ծախսերը, բարձրացնել ջեռուցման և էներգիայի արտադրության ինքնարժեքը, իսկ հետագայում ճնշում գործադրել ապրանքների ու ծառայությունների գների վրա։

    Այսինքն՝ վտանգը միայն գազի ամսական վճարի հնարավոր ավելացումը չէ։ Խնդիրն այն է, որ թանկ էներգակիրները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև սննդամթերքի, արտադրական ապրանքների, տրանսպորտի և այլ ծառայությունների գների վրա։

    Ամենախոցելի վիճակում կարող են հայտնվել սոցիալապես անապահով ընտանիքները, թոշակառուները և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց համար նույնիսկ փոքր գնաճը կարող է լուրջ բեռ դառնալ։

    Երեկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ գազի գնի փոփոխությունը, տարբեր սցենարներից կախված, կարող է 5–7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

    Նախարարը հնարավոր թանկացումն անցանկալի է համարել, բայց միաժամանակ նշել, որ այն Հայաստանի համար անելանելի իրավիճակ չի ստեղծի։ Նրա խոսքով՝ Կառավարությունը դիտարկում է տարբեր տնտեսական սցենարներ և պետք է աստիճանաբար հարմարվի շուկայական գներին։

    Պապոյանի հայտարարությունը, իհարկե, կոնկրետ թվեր է պարունակում, բայց ակնհայտ է, որ չի կարող գազի գնի այդքան բարձրացումը ՀՀ տնտեսության վրա 5–7 տոկոս ազդեցություն ունենալ։ Նախարարն էլի մաթեմատիկական թվեր է իրար խառնել։

    Հենց այստեղ է անհրաժեշտ հստակություն. իշխանությունը պետք է հանրությանը բացատրի՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի տնտեսական ապագան, ինչպե՞ս է գնահատում արտաքին տնտեսական հնարավոր ռիսկերը և ի՞նչ քայլեր է նախատեսում դրանք նվազեցնելու համար։

    Ամենամտահոգիչն այն է, որ ցանկացած մեծ տնտեսական փոփոխության վերջնական հետևանքները կարող են հասնել քաղաքացիներին՝ նույնիսկ եթե դրա սկզբնական պատճառը միջազգային կամ քաղաքական կամակորության պատճառ են։

    Եթե գազի ներմուծման արժեքն աճի, Կառավարությունը պետք է հստակ ներկայացնի՝ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ներքին սակագների, արտադրության, գնաճի և բնակչության ծախսերի վրա։

    Պետք է նաև հասկանալ՝ արդյոք Հայաստանը կարող է կարճ ժամանակում գտնել այլընտրանքային էներգետիկ լուծումներ, նվազեցնել կախվածությունը գազից և պաշտպանել սպառողներին հնարավոր գնային ցնցումներից։

    Եվ այստեղ հարցը միայն ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության ընտրությունը չէ։ Խոսքը Հայաստանի տնտեսական դիմադրողականության, էներգետիկ անվտանգության և քաղաքացիների կենսամակարդակի մասին է»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին հեռացնել կուսակցությունից։

    «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ կուսակցության ներսում Արթուր Ստեփանյանի հարցը քննարկվել է ավելի վաղ, և նրա հեռացման հետևում ոչ միայն կուսակցական կարգապահության, այլև քաղաքական հավատարմության հետ կապված խնդիրներ են։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Ստեփանյանի վարքագիծը լուրջ քննարկման առարկա է դարձել նաև ՔՊ վերահսկող հանձնաժողովում։

    Իշխանական շրջանակներում կասկածներ են առաջացել, որ ՔՊ-ական համայնքապետը փորձել է քաղաքական «խաղեր տալ» իշխանության և ընդդիմության միջև՝ միաժամանակ պահպանելով իր դիրքերը իշխող կուսակցության ներսում։

    Մասնավորապես, նախընտրական շրջանում Ստեփանյանը աջակցություն է ցուցաբերել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին, որ խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցի ընդդիմությունը։ Ահա և դրա համար էլ պատժվեց։

    Համայնքապետը թերևս կարծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կգա «Ուժեղ Հայաստանը», և փորձել է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ մնալով ՔՊ-ի կազմում։

    Մեր տեղեկություններով՝ այս հանգամանքները քննարկվել են կուսակցության վերահսկող հանձնաժողովում, որտեղ համայնքապետին նկատողություն է արվել՝ նման վարքագիծ դրսևորելու անթույլատրելիության վերաբերյալ։

    ՔՊ-ից մեզ փոխանցեցին, որ Ստեփանյանն իր բացատրություններում պնդել է, որ տեղի ունեցածը թյուրիմացության հետևանք է, իրեն սխալ տեղեկություններ են փոխանցել, և ինքը որևէ կերպ չի աջակցել ընդդիմադիր ուժին։ Սակայն կուսակցության ներսում հավաքված տեղեկությունները չեն փարատել կասկածները, և համոզմունք է ձևավորվել, որ համայնքապետը համագործակցել է ընդդիմադիր շրջանակների հետ։

    Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանը Եղեգիս համայնքի ղեկավարն է, որը համայնքային կառավարման համակարգում երկար տարիների փորձ ունի։ Նա նախկինում ղեկավարել է Քարագլուխ համայնքը, իսկ 2017 թվականին դարձել է խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավար։ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով։ Նրա քաղաքական անցյալը կապվել է նաև ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ։

    Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ դժգոհելով համայնքում աշխատանքների բացակայությունից, այդ թվում՝ ոռոգման ջրի խնդիրներից։ Բնակիչները շաբաթներ շարունակ փակել էին համայնքապետարանի մուտքը։

    Ավելի ուշ՝ 2024 թվականին, Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ գործով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ քննվող ծրագիրը մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ոռոգման համակարգի կառուցման մասին էր, իսկ համայնքին պատճառված ենթադրյալ վնասը գնահատվել էր շուրջ 25 միլիոն դրամ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել են, որպես պատճառ նշվել է դատարանի ծանրաբեռնվածությունը: Սրան դեռ առանձին կանդրադառնանք:


    Ինչ վերաբերում է բուն իրողությանը, ապա հազիվ թե կա որևէ մեկը, ով կասկած ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է (վերջին 8 տարվա մեջ՝ 4-րդ անգամ) բացառապես իր քաղաքական հայացքների և գործունեության, նաև՝ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Իսկ նրա ավագ որդին, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից պատանդառվել է միայն նրա համար, որ Քոչարյանի որդին է:


    Ամեն պարագայում, ի՞նչ են ասում փաշինյանական իշխանության Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատախազությունը նախագահ Քոչարյանի նկատմամբ անպայման կալանք կիրառելու իրենց կամայական մոտեցումը հիմնավորելու համար: Նրանք ասում են, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ: Կամ թե՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Դե, հազիվ թե իրենք էլ իրենց ասածին հավատան, բայց, ինչպես ասում են, այդպես է պետք: Լավ, հավատալ-չհավատալը՝ մի կողմ, բայց չոր փաստերը այսպիսինն են. արդեն նշեցինք, որ սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է, և նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ, ներկայացել է դատական նիստերին, որևէ կերպ որևէ բանից չի խուսափել, չի թաքնվել: Ավելին, երկրորդ նախագահը դեռ 2018-ին Հայաստան վերադարձավ, չնայած հստակ զգուշացված էր, որ փաշինյանական ռեժիմն ուզում է իրեն կալանավորել: Հաջորդը՝ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո: Չնայած, այսպես թե այնպես, գործնականում առանց այդ էլ հսկողության տակ է: Մի խոսքով, հակակոռուպցիոնի ու դատախազության «փաստարկները» ոչ մի քննադատության չեն դիմանում:

    Եվ հետո, ինչի՞ն խոչընդոտի Քոչարյանը, եթե նրան ներկայացված ամբողջ մեղադրանքն այն է, որ նա… կատարել է նախագահի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունները, կոնկրետ՝ ստորագրել է կառավարության որոշումները: Ինչպե՞ս է խոչընդոտելու, էլի: 20 կամ 25 տարի առաջ ստորագրված որոշումները չեղարկելո՞ւ է:


    Պաշտպանական կողմն էլ նշում է, որ կիրառված կալանքը զուրկ է քրեադատավարական հիմքերից և անհամաչափ է, քանի որ իսպառ բացակայում են փախուստի դիմելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը: Պաշտպանական կողմը պնդում է, որ գործով անցնող հիմնական մեղադրանքների մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն լրացել են։


    Բացի այդ, մեղսագրվող արարքները ոչ թե քրեորեն պատժելի հանցագործություններ են, այլ եղել են Քոչարյանի՝ որպես պետության ղեկավարի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնական լիազորությունների և գործառույթների իրականացումը:

    Մի խոսքով, այս բոլոր իրավական, իրավաբանական դիտարկումներն ու դիտողությունները լրացուցիչ անգամ հաստատում են. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է բացառապես ու միմիայն քաղաքական պատճառներով, նրա դեմ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, իսկ նրա որդին էլ ուղղակիորեն քաղաքական պատանդ է…


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հայաստանի հանրային-քաղաքական միջավայրում ակնհայտ է դառնում, որ հասարակությունը աստիճանաբար դուրս է գալիս իշխանական քարոզչական թմբիրից։ Մարդիկ պարզապես հոգնել են։ Սա առավել ցայտուն է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների օրինակով. բազմաթիվ համայնքներում թեկնածուների առաջադրումներ գրեթե չեն լինում, քանի որ տեղական գործիչները, գիտակցելով իշխանական լծակների ճնշումը, ուղղակի խուսափում են գործ ունենալ պետական համակարգի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Շատերը գերադասում են ընդհանրապես չմասնակցել քաղաքական գործընթացներին, քան ընկնել պետական-վարչական մամլիչի տակ։


    Իրավիճակն այնքան է խորացել, որ հասել է անգամ արևմտյան գործընկերների դժգոհությանն ու զայրույթին։ Արևմուտքում, ըստ ամենայնի, սկսել են հրապարակային ու բաց արտահայտվել իրենց տեղական խոսափողների միջոցով։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում, ի մասնավորի, վերջին օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեին հնչած կոշտ քննադատությունը։ Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր գրառմամբ ԿԸՀ-ին կոչ էր արել չունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ, ընտրություններին չթողնել մասսայական ընտրակաշառք բաժանողներին և դադարել վախենալ քաղաքական ուժերի ֆինանսավորման վերահսկողությունից։ Նա հանձնաժողովին հորդորել էր ամեն առավոտ կարդալ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի վերջին 6 բառերը, չսպանել ընտրությունների լավ կազմակերպման ավանդույթը, հասկանալ, թե ինչու առողջ ու անառողջ ընդդիմադիր ուժերը համարյա չեն մասնակցում ընտրություններին և ինչպես խրախուսել քաղաքական բազմազանությունը ՏԻՄ-երում, ինչպես նաև չնախաձեռնել ընտրախախտումների հնարավորություն բացող օրենսդրական փոփոխություններ ու չանել անլուրջ կոչեր։


    Կարևոր է նկատել, որ սա շարքային ՀԿ-ի ղեկավարի կամ փոքր դրամաշնորհային ծրագիր իրականացնողի հայտարարություն չէ։ Դանիել Իոաննիսյանն այն ֆիգուրներից մեկն է, որի միջոցով Արևմուտքը Հայաստանում իրականացնում և վերահսկում է համակարգային ու գլոբալ ռեֆորմներ, այդ թվում՝ ոստիկանության բարեփոխումների առանցքային ծրագրերը։ Հետևաբար, նրա և պետական ինստիտուտի միջև ծավալված այս հրապարակային «փոխհրաձգությունը» սովորական տեղական վեճ չէ, այլ արտացոլում է Արևմուտքի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Արևմտյան կենտրոնները հենց իրենց առանցքային ծրագրերն իրականացնողների միջոցով են ուղիղ մեսիջներ հղում Փաշինյանի թիմին։

    Այս հրապարակային հակադրության խորքային պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին արձանագրել երկու առանցքային գործոն:


    Առաջին՝ արևմտյան մայրաքաղաքներում վերջնականապես ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահպանելու և քաղաքական գոյատևումն ապահովելու նպատակով փորձում է ռևերանսներ անել դեպի Մոսկվա և վերագտնել Ռուսաստանի հետ երբեմնի հարաբերությունները։ Այս երկդիմի քաղաքականությունն ու արտաքին վեկտորների միջև տատանումները այլևս չեն վրիպում արևմտյան գործընկերների աչքից։ Արդյունքում՝ Փաշինյանն արագորեն կորցնում է վստահության այն պաշարը, որն ուներ 2018 թվականից ի վեր։ Առանցքային ծրագրեր իրականացնող գործիչների միջոցով հնչող կոշտ քննադատությունը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ հանրային ազդանշան առ այն, որ քաղաքական «երկու աթոռի վրա նստելու» և ժողովրդավարական ռեֆորմների անվան տակ աշխարհաքաղաքական առևտուր անելու ժամանակն ավարտված է։


    Երկրորդ՝ երկրի ներքին քաղաքական կյանքում Փաշինյանի հակաժողովրդավարական վարքագիծը, վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառումը, ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներն ու բռնաճնշումների ալիքը հասել են մի կրիտիկական կետի, որն այլևս հնարավոր չէ քողարկել «ժողովրդավարության բաստիոնի» մասին թեզերով։ Երկար տարիներ արևմտյան համայնքը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, աչք էր փակում իշխանությունների ապօրինությունների, ընտրական համակարգի խաթարումների և ինստիտուտների յուրացման վրա։ Սակայն այսօր համբերության բաժակը լցվել է։ Վարչապետի այն արդարացումները, թե՝ «մի՛ քվեարկեք վարչական ռեսուրս կիրառողների օգտին» կամ «կոնկրետ դեպքեր ասեք, որ զբաղվեմ», արդեն ընկալվում են որպես անլուրջ ու պատասխանատվությունից խուսափելու փորձեր։

    Այսպիսով, ԿԸՀ-ի և քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների միջև ծավալված հրապարակային հակադրությունը ոչ թե մասնավոր միջադեպ է, այլ Արևմուտքի և Փաշինյանի վարչախմբի միջև խզման ակնհայտ ու խորացող դրսևորում։ Արևմուտքն անցնում է ուղղակի քայլերի՝ հստակ ցույց տալով, որ այլևս պատրաստ չէ լինել Հայաստանում ավտորիտար հակումների և ընտրական խախտումների լռել յայն հովանավորը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Գորիսի նախընտրական կուլիսային զարգացումներին, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարդ ու լարված փոխհարաբերություններին։ Նշել էինք, որ Առուշանյանը, գիտակցելով իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով սեփական էլեկտորատի կորուստը, փորձում է քարոզարշավը կառուցել ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա՝ նախընտրական ցուցակի առաջին քառյակում չընդգրկելով քպականների և առաջին 20-յակում նրանց թիվը հասցնելով նվազագույնի։ Անդրադարձել էինք նաև նրան, որ այս ցուցադրական հեռավորությունը լարվածություն էր առաջացրել ՔՊ տեղի կառույցներում, որտեղ «օրերն էին հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։


    Այս հրապարակումից հետո, սակայն, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ուղղակի ստիպել էր Առուշ Առուշանյանին հանդես գալ հարցազրույցով, որտեղ նրա արտահայտած մտքերն ավելի են խճճել ու խորացրել առկա ճգնաժամը։ Հրապարակային նման խոսքից ու դրսևորումներից հետո Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական հետագիծն ու վերջին շրջադարձերը դարձել են քաղաքական անսկզբունքայնության, դիրքորոշումների տրամագծորեն փոփոխման և արագ վերափոխման ամենացայտուն օրինակը:


    Թեև նա երբեք դուրս չի եկել տեղական հեղինակության շրջանակներից, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի կողմից սատարվող, անզիջում ու «պայքարող տղու» կերպարի մեջ ընկալվող դեմք էր: Դեռևս 2020-2021 թվականների ամենածանր հետպատերազմյան պայմաններում, անցնելով կալանավորումների ու քրեական հետապնդումների միջով, նա ՏԻՄ ընտրություններում կարողանում էր հաղթել օրվա իշխանություններին՝ վայելելով գորիսեցիների լուրջ աջակցությունը:

    Այդ կերպարը, սակայն, հաշված ամիսների ընթացքում աստիճանաբար փոշիացվեց: Գործընթացը սկսվեց անորոշ ու երկակի հայտարարություններով, երբ նա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր իշխանությունների հետ սերտաճման մասին լուրերը: Այնուհետև նախկին սուր քննադատություններին փոխարինելու եկան իշխանական նախագծերն ու քայլերը գովաբանող, «համերաշխության» մասին հայտարարությունները, ինչն, ի վերջո, հանգուցալուծվեց ՔՊ-ի «թևի տակ» մտնելով և իշխանական պատմուճանը հագնելով: Սկզբունքային դիրքորոշումները ստորադասվեցին պաշտոնական դիրքի պահպանմանն ու իրավական հետապնդումներից խուսափելու հաշվարկներին:


    Այդ հարցազրույցից և նման ճամբարափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Առուշ Առուշանյանի համար, այսօր խորապես հիասթափված են։ Գորիսն ինքնին հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, և համայնքի բնակչության մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ ունի։ Ժամանակին հենց Արցախի համար մղվող պայքարի շնորհիվ էր, որ գորիսեցիները համախմբվել էին Առուշանյանի շուրջ, իսկ այսօր նրանք չափազանց հիասթափված ու վիրավորված են, որ նա գնաց, այսպես ասած, Արցախի դահիճների հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու ճանապարհով։


    Համացանցային քննարկումներում հատկապես ցավոտ են արձագանքում նրա ընտանիքի անցյալին ու հոր պայքարին: Լրագրող Սյուզի Բադոյանն իր գրառման մեջ կոշտ և ուղիղ հանդիմանությամբ դիմել էր Առուշանյանին՝ հիշեցնելով, որ հայրը տարիներ առաջ ընկերների հետ վրան էր խփել Ռոդենի արձանի մոտ և գիշերել հրապարակում՝ երկրում փոփոխություններ անելու համար, և կոչ արել առնվազն խղճալ հորն ու նրա պատիվը, այլ ոչ թե իջնել այդ մակարդակին։

    Գորիսի համայնքապետի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հարմարվողականությունն ու սկզբունքներից հրաժարումը վայրկենական զրկում քաղաքական գործչին տարիներով վաստակած հանրային վստահությունից:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ժողովրդավարական բարձր գիտակցության դրսևորում, սակայն քաղաքական վերլուծության տեսանկյունից մենք գործ ունենք իշխանական տեխնոլոգիաների դասական, մանիպուլ յատիվ մանևրի հետ։ Փաշինյանը, գիտակցելով տեղերում կուտակված հանրային դժգոհությունն ու վարչական լծակների բացահայտ չարաշահումները, փորձում է կիրառել պատասխանատվության օտարման հին տակտիկան. ստեղծել «բարի, անաչառ ղեկավարի և վատ, օրենք խախտող տեղական կատարողների» կեղծ թեզը։


    Սա մի կողմից՝ արտաքին դիտորդների աչքին «ժողովրդավարական ֆասադ» ցույց տալու փորձ է, մյուս կողմից՝ պատասխանատվությունը սեփական անձից ու քաղաքական թիմից քաղաքացու վրա բարդելու ճիգ. իբր թե՝ «ես ձեզ զգուշացրել էի, դուք ինքներդ ընտրեցիք»: Առավել ևս, որ նաև կոչ է անում իրեն «նամակ գրել»:


    Մինչդեռ, այս ձևական հայտարարությունների փոխարեն, իշխանությունը պետք է պատասխաներ գլխավոր ու ամենաէական հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ երկրում ձևավորվեց վախի, ատելության ու քաղաքական հետապնդումների այնպիսի խեղդող մթնոլորտ, որտեղ մարդիկ ուղղակի հրաժարվում են մասնակցել ընտրական գործընթացներին։ Իշխանական հռետորաբանությունը լիովին կտրված է այն իրականությունից, որտեղ սովորական ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց կալանավորում են, իսկ ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառվում է բացահայտ իրավական տեռոր։

    Բավական է հիշել խորհրդարանական ընտրությունների ընթացքը. իշխանությունը կալանքի տակ պահեց ընդդիմադիր խոշոր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին, ապա ակնհայտ ու շինծու մեղադրանքներով մեկուսացրեց հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների և կուսակցության համակիրների։ Իհարկե, նմանատիպ պրակտիկա կիրառվել է նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ՝ պիտակավորումներով, հրապարակային սպառնալիքներով, անազնիվ ու լկտի քարոզչությամբ, անձնական վիրավորանքներով և այլն։


    Լիովին իջեցնելով ու կաթվածահար անելով ընտրական ողջ պրոցեսը՝ ընտրություններից հետո իշխանությունն անմեղ դեմքով, առանց որևէ ապաշխարանքի կամ մեղայականի, սկսեց հայտարարություններ անել բարձր ժողովրդավարության մասին։ Երևի հենց այդ ներքին ամոթն էլ նրանց տանջում է, որ այժմ ստիպված են դիմել նմանատիպ «բարեպաշտ» լեքսիկոնի։


    Այս ամենի հետևանքով համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական ուժեղ դեմքերը նախընտրում են ընդհանրապես չառաջադրվել՝ պարզապես «շառից ու փորձանքից» հեռու մնալու համար։ Երբ տեղական լիդերները դուրս են մնում պայքարից, քաղաքական կուսակցությունները կանգնում են ավագանու՝ անգամ տարրական ցուցակներ կազմելու լուրջ ճգնաժամի առաջ։ Մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանքով իրենց հացի փողն են վաստակում, քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր ցուցակում հայտնվելն անմիջապես նշանակում է աշխատանքի կորուստ։ Եվ որքան էլ իշխանությունը հերքի սա, տեղերում բոլորը գիտեն, թե ինչպես են իրականացվում աշխատանքից ազատումներն ու ճնշումները. համակարգն այն աստիճան է վախեցրել հանրությանը, որ մարդիկ անգամ շշուկով են վախենում խոսել սեփական իրավունքների մասին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

    Այս ամենին զուգահեռ՝ լրիվ ծավալով գործում են երկակի ստանդարտները և ընտրովի արդարադատությունը։ Եթե ընդդիմության հաղթանակից կամ ակտիվացումից անմիջապես հետո իրավապահ ապարատը վայրկենական գործի է անցնում ու ձերբակալություններ իրականացնում (ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, Գորիսում, Բերդում), ապա իշխանական թեկնածուների բացահայտ ապօրինությունները, մամուլում հայտնված ձայնագրությունները, աշխատակիցներին հավաքներին պարտադրված տանելու փաստերը կա՛մ անտեսվում են, կա՛մ արժանանում ձևական, անհետևանք «քննությունների»։


    Ի վերջո, Փաշինյանի վերջին տեսանյութերն ու կոչերը ոչ թե ժողովրդավարության, այլ համակարգային խոր ճգնաժամի վկայություն են։ Երբ պետական ապարատը, իրավապահ համակարգն ու վարչական ռեսուրսն ամբողջությամբ ծառայեցված են ընդդիմադիր դաշտը լիովին չեզոքացնելուն, «ապօրինությունների դեմ քվեարկելու» կոչեր անելը դառնում է ընդամենը քաղաքական ֆարս, որով իշխանությունը փորձում է սեփական պատասխանատվությունը մեղմել իր իսկ կողմից ստեղծված վախի ու ճնշումների մթնոլորտում։


    Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ երեկ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե «խուզարկություններն ու վարույթային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում» Այնուհետ հայտարարվեց, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ու 14 համակիր։ Եթե որևէ մեկի համար իշխանությունների նման վարքագիծն անսպասելի էր, ապա այդ մեկը կատարյալ միամիտ է: Սա այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, այս ընտրություններն էլ բացառություն չեն: Բա թե՝ նամակ գրեք ինձ… Տեսնես՝ այդ ո՞ւմ հրահանգով են կատարվում բոլոր այս քաղաքական «գործողությունները»՝ իրավականի արհեստական շղարշի ներքո…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ կոչ էր արել քաղաքացիներին տեղեկացնել ընտրությունների պատճառով ճնշումների ենթարկվելու կամ աշխատանքից ազատվելու դեպքերի մասին՝ ուղարկելով համապատասխան փաստերն ու հիմնավորումները: Հետագայում իր տեսաուղերձում նա տեղեկացրել էր, որ արդեն իսկ ստացել է առաջին արձագանքները, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից է և ներկայում ուսումնասիրվում է:


    «Փաստի» տեղեկություններով, խոսքը պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի մասին է: Վերջինս իր տեսաուղերձում պնդել է, որ Ստեփանավանում և այլ համայնքներում մի շարք քաղաքացիներ աշխատանքից ազատվել են կամ ենթարկվել վարչական ճնշումների բացառապես քաղաքական պատճառներով: Որպես կոնկրետ օրինակ՝ պատգամավորը նշել է Ստեփանավանի Ամալ յա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանի դեպքը, որին, ըստ նրա, աշխատանքից հեռացրել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու պատճառով՝ պատճառաբանելով, թե ում հետ նկարվել է, թող նա էլ աշխատանք տա:


    Բացի այդ, Գևորգյանը բարձրաձայնել է Ստեփանավանի պոլիկլինիկայի երկարամյա աշխատակիցներ, բուժքույրեր Մանուշակ Լալազարյանի և Օլգա Սահակյանի մասին, որոնք նույնպես դուրս են մնացել աշխատանքից քաղաքական հայացքների կամ ղեկավարության ճնշումների հետևանքով: Պատգամավորի խոսքով, նման դեպքերը բազմաթիվ են, և աշխատանքից ազատվել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես արմատներով Տաշիրից են: Նա նաև հիշատակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շուրջ 20 տարի աշխատած Կարինե Մուրադյանի դեպքը՝ առաջարկելով մանրամասների համար դիմել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Այն օրերին, երբ Երևանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում են բնապահպանական պաթոսով լեցուն ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում իրականությունը ողբերգականորեն այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը։ 1958 թվականին հիմնադրված, ավելի քան 12 հազար հեկտար տարածք ընդգրկող և շուրջ 94 տոկոսով անտառապատ այս արգելոցը, որտեղ աճում է 1100 տեսակի բույս (որոնցից 70-ը՝ Կարմիր գրքում գրանցված) և բնակվում են հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են կովկասյան հովազը, բեզոարյան այծը, գորշ արջը և հայկական իժը, այսօր փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու։


    Լրատվամիջոցների փաստագրական հետազոտությունների և Planet ու Google Earth արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն, ադրբեջանական կողմը Շիկահողի արգելոցի տարածքում իրականացրել է լայնամասշտաբ ապօրինի աշխատանքներ։


    Հայ-ադրբեջանական սահմանի հարավարևել յան և հարավարևմտյան հատվածներում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ, թշնամին հատել է անտառները, փորել 7-8 մետր լայնությամբ ճանապարհներ և կառուցել ամրաշինական դիրքեր։ Մասնագիտական գնահատականներով, հողային աշխատանքներ են ծավալվել շուրջ 90 հեկտարի վրա, որից 60 հեկտարը բուն անտառային տարածքներ են։

    Այս ավերածությունների հետևանքով կորսվել է առնվազն 14000-16000 խորանարդ մետր փայտանյութ, իսկ կաղնու և հաճարենու եզակի պուրակները ենթարկվել են դաժան հատումների։ Հատկանշական է, որ Global Forest Watch միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021-2023 թվականներին Հայաստանը կորցրել է շուրջ 100 հեկտար բնական անտառ, որից 88 հեկտարը՝ միայն 2023 թվականին, ինչը ուղղակիորեն համընկնում է սահմանային այս հատվածում ադրբեջանական ներխուժումների ու անտառահատումների ակտիվ փուլի հետ։


    Սակայն ամենացավալին այն է, որ պետական կառույցներն ու պատասխանատու մարմինները նախընտրում են լռել կամ խուսափողական պատասխաններ տալ։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինությունը հրաժարվում է պարզաբանումներից, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից պաշտոնապես հայտնում են, թե տարածքները թշնամու ուղիղ նշանառության տակ լինելու պատճառով հնարավոր չէ հստակ տվյալներ տրամադրել կամ վնասի չափը գնահատել։


    Սա սովորական բնապահպանական խնդիր չէ, այլ նպատակաուղղված էկոցիդ, որի հետևանքները կրելու են գալիք սերունդները։ Բնապահպանությունը չի կարող սահմանափակվել միայն փակ դահլիճներում հնչող հայտարարություններով ու «կանաչ» օրակարգերի ձևական քննարկումներով։ Եթե COP17-ի շրջանակներում միջազգային հանրության, բնապահպանական կազմակերպությունների և որոշում կայացնողների ուշադրությունը չհրավիրվի Ադրբեջանի կողմից իրականացվող բնապահպանական հանցագործությունների վրա, ապա ցանկացած գլոբալ համաժողով կորցնում է իր բուն իմաստն ու արժեքը։ Հայաստանի բնաշխարհի աղաղակող խնդիրները, Շիկահողի վիրավոր էկոհամակարգն ու կենսաբազմազանության կորուստը պետք է դառնան Երևանում ընթացող գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը, քանզի եթե այսօր լռենք ու թույլ տանք մեր բնօրրանի ոչնչացումը, վաղն այլևս ոչ մի «կանաչ» ֆորում ի վիճակի չի լինելու վերականգնել կորցրած հայրենիքն ու նրա վիրավոր բնությունը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս





    Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

    «Հանդիպմանը Էնրիկո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը, հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։ Նորին Սրբությունը հավելեց, որ հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները։

    Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ խոսեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում արդյունավոր գործակցության մասին՝ ընդգծելով, որ այս այցը ևս եղբայրական այդ կապերի վկայությունն է։ Նորին Սրբությունը կարևորեց այսօրինակ ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։

    Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, արդի ժամանակներում Հայոց Եկեղեցու հոգևոր-կրթական առաքելությանը»,- նշված է հաղորդագրությունում։




    դիտվել է 138 անգամ


    Լրահոս


    Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը



    Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը



    Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է



    «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը



    Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am



    Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին



    Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով



    Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց



    Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները



    Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից



    Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե



    Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն»



    Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը



    Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ



    Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել



    ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)




    Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video)



    «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video)



    Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video)



    Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video)



    Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին



    Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video)



    Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը



    «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video)



    ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե





    Armat Media-ի տեղեկություններով` «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե:

     Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:




    դիտվել է 115 անգամ


    Լրահոս


    Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը



    Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը



    Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է



    «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը



    Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am



    Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին



    Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով



    Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց



    Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները



    Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից



    Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե



    Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն»



    Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը



    Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ



    Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել



    ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)




    Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video)



    «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video)



    Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video)



    Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video)



    Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին



    Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video)



    Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը



    «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video)



    ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը