Category: YN.am

  • Կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը՝ բանակում գրանցված մահվան դեպքի մասին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնել է, որ բանակում գրանցված վերջին մահվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։

    «Ես արդեն կայացրել եմ որոշում, որի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություն, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում նույնպես կունենանք կադրային փոփոխություն։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և կգանք հետևությունների։ Այո, պետք է լինի անհատական պատասխանատվություն»,- նշել է Փաշինյանը։

    Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

  • Եղանակը Հայաստանում. Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

    Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 11-16-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

    Երևան քաղաքում`

    Օգոստոսի 12-16-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 12-16-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

  • Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը վարչապետի աշխատակազմին 8 կետից բաղկացած հարցում էր ուղարկել՝ պարզելու հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի իրական օրակարգն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։

    Մեզ հետաքրքրում էր՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել զրույցը, քննարկվե՞լ են ընտրությունները, նոր իշխանության ձևավորումը, հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը, ինչպես նաև ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները։

    Առանձին հարցրել էինք նաև՝ ի՞նչ պատասխան է տվել Պուտինը Փաշինյանի բարձրացրած խնդրին, խոստացե՞լ է որևէ կոնկրետ քայլ կամ հանձնարարական, և ի՞նչ ապրանքների արտահանման մասին է խոսքը։

    Վարչապետի աշխատակազմի պատասխանը, սակայն, այս հարցերին չի տալիս։ Փոխարենը մեզ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում արդեն անդրադարձել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասներին։

    Այսինքն՝ վարչապետի աշխատակազմը 8 կոնկրետ հարցերի պատասխանելու փոխարեն լրագրողին ուղղորդում է վարչապետի՝ ավելի վաղ հրապարակային հայտարարությանը, որտեղ չկային մեր հարցերի պատասխանները։

    Հատկապես ուշագրավ է, որ մենք հարցրել էինք ոչ թե ընդհանուր գնահատականների, այլ կոնկրետ պայմանավորվածությունների, Պուտինի դիրքորոշումների և հնարավոր քայլերի մասին։

    Իսկ ռուսական շուկայում հայկական արտադրանքի սահմանափակումների թեման այս պահին պարզապես դիվանագիտական դետալ չէ։ Դա կենսական հարց է ՀՀ տնտեսության համար»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Էրդողանը ցանկանում է տարածաշրջանի բոլոր երկրներին միավորել մեկ համաձայնագրի շրջանակում

    Մեր տեսլականն այն է, որ վերջնական արդյունքում, եթե դա հնարավոր լինի, Մեքքայի համաձայնագրի շրջանակում միավորենք տարածաշրջանի բոլոր երկրները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

    «Այս համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Դրա միակ նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև մեր ժողովուրդների բարեկեցության խթանումն է։

    Մենք մեզ վրա ենք վերցրել պատմական պատասխանատվություն՝ նպաստելու մեր տարածաշրջանում կայունությանը։

    Համաձայնագրի գլխավոր նպատակը զսպման ուժեղացումն է։ Այն բաց է բոլոր եղբայրական ժողովուրդների համար»,- հավաստիացրել է Էրդողանը։

  • Օգոստոսի 12-ի աստղագուշակը

    Խոյ: Հեշտությամբ հաջողության հասնելու հույսեր չփայփայեք: Այսօր ձեր մտահաղացումները միշտ չէ, որ հավանության կարժանանան: Ամենահետաքրքիր գաղափարնենրն անգամ կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք
  • Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին

    Բուլղարացի գուշակ Վանգային վերագրվող կանխատեսումները 2026 թվականին կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում, գրել է Daily Mail-ը։

    Նրա հետևորդների խոսքով՝ այս տարվա հինգ կանխատեսումներից երկուսն արդեն, իբր թե, իրականացել են, սակայն ևս երեքը՝ առավել մտահոգիչները, պետք է իրականանան մինչև տարվա վերջ։

    Մասնավորապես, Վանգայի կողմնակիցները նրա կանխատեսումների հետ են կապում բնական աղետների մի շարք և արհեստական բանականության արագ տարածումը, որն աստիճանաբար մարդկանց փոխարինում է աշխատաշուկայում։

    Միևնույն ժամանակ, երեք ենթադրյալ իրադարձությունները, որոնք դեռ տեղի չեն ունեցել, զգալիորեն ավելի դրամատիկ տեսք ունեն։ Դրանց թվում են՝ հսկայական տիեզերանավի հայտնվելը և մարդկության առաջին շփումն արտաերկրային քաղաքակրթության հետ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և իշխանափոխությունը Ռուսաստանում։

    Վանգան, որը մահացել է 1996 թվականին, իբր թե կանխատեսել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում, Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետը, արքայադուստր Դիանայի մահը, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամին և COVID-19 համավարակը։ Սակայն այս պնդումների հուսալի հաստատումներ չկան։

    Գուշակն իր կանխատեսումների մասին գրավոր գրառումներ չի թողել։ Նրան վերագրվող մարգարեությունների մեծ մասը գրի են առել հարազատներն ու հետևորդները միայն նրա մահից հետո և հետագայում դրանք մեկնաբանել են իրենք։ Այդ պատճառով անհնար է հավաստիորեն պարզել, թե կոնկրետ որ արտահայտություններն են իսկապես պատկանել Վանգային և արդյոք դրանք արվել են մինչև այն իրադարձությունները, որոնց այսօր դրանք վերագրում են։

    2026 թվականի ենթադրյալ կանխատեսումներից մեկը վերաբերում էր լայնածավալ բնական աղետներին։ Վանգայի հետևորդները դա կապում են մարտին Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում ուժեղ շոգի, անտառային հրդեհների, ջրհեղեղների և փոթորիկների հետ։ Ընդ որում, կանխատեսումը չէր պարունակում աղետների կոնկրետ ժամկետներ, վայրեր կամ բնույթ, իսկ նման երևույթներ տեղի են ունենում ամեն տարի։

    Երկրորդ կանխատեսումը կապում են աշխատաշուկայում մարդկանց մեքենաներով լայնածավալ փոխարինման հետ։ Սակայն արհեստական բանականության զարգացումը սկսվել է 2026 թվականից շատ առաջ, իսկ պարզել, թե կոնկրետ երբ է Վանգան, իբր թե, արել նման կանխատեսում և ինչ է նա իրականում ասել, անհնար է։

    Մնացած ամենաանսովոր կանխատեսումներից մեկը համարվում է արտաերկրային կյանքի հետ ենթադրյալ շփումը։ Տարածված մեկնաբանության համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերին հսկայական տիեզերանավը պետք է մտնի Երկրի մթնոլորտ։ Այս մարգարեության նկատմամբ հետաքրքրությունն ուժեղացել է ամերիկյան իշխանությունների կողմից չբացահայտված անոմալ երևույթների մասին գաղտնազերծված նյութերի հրապարակման ֆոնին։ Սակայն չբացահայտված օբյեկտների առկայությունն ինքնին արտաերկրային նավերի գոյության ապացույց չէ․ նման երևույթները կարող են բացատրվել անօդաչու սարքերով, օդապարիկներով, ինքնաթիռներով, արբանյակներով, մթնոլորտային երևույթներով կամ սենսորների սխալներով։

    Ավելի մտահոգիչ կանխատեսումը վերաբերում է երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբին։ Դրա մեկնաբանությունների համաձայն՝ Չինաստանը, իբր թե, կփորձի գրավել Թայվանը, որից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը կվերածվի ուղիղ ռազմական հակամարտության։ Օգոստոսի 7-ի դրությամբ այս իրադարձություններից ոչ մեկը տեղի չի ունեցել։

    Վերջապես, Վանգայի կողմնակիցները նրան վերագրում են մինչև 2026 թվականի վերջը Ռուսաստանի ղեկավարության փոփոխության մասին կանխատեսում։ Ըստ այս վարկածի՝ Վլադիմիր Պուտինը պետք է կորցնի իշխանությունը և իր տեղը զիջի նոր առաջնորդի։

    Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մոտալուտ հրաժարականի հրապարակային նշաններ չկան։ Նրա առողջության և քաղաքական ապագայի մասին բազմաթիվ լուրեր շրջանառվում են արդեն երկար տարիներ, սակայն մինչ այժմ չեն հանգեցրել իշխանափոխության։

    Փորձագետներն ու հետազոտողները զգուշացնում են, որ Վանգայի մարգարեությունները հուսալի ապացուցողական հիմք չունեն։ Այն պնդումները, թե նա, իբր թե, կանխատեսել է տեղի ունեցած իրադարձությունների մինչև 85 տոկոսը, նույնպես անկախ հաստատում չեն ստացել։

  • Անցյալ տարի ամերիկյան զորքերը Եմենում սպանել են 153 խաղաղ բնակչի

    2025 թվականին ամերիկյան զորքերը Եմենում զինյալների դեմ իրականացված երեք հարձակման ընթացքում սպանել են 153 խաղաղ բնակչի և վիրավորել ևս 243 մարդու։ Այդ մասին նշվում է Պենտագոնի զեկույցում։

    Նշվում է, որ ապրիլի 6-ին Եմենի մայրաքաղաքի մոտ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ապրիլի 17-ին Ռաս-Իսա նավահանգստի մոտ զոհվել է 80 մարդ, իսկ ապրիլի 28-ին Սաադայի մոտ՝ ևս 68։

    Սա դարձել է Թրամփի վարչակազմի առաջին հրապարակային ընդունումը պաշտոնը ստանձնելուց ի վեր, որ զինվորականները հակամարտության ընթացքում զգալի վնաս են հասցրել խաղաղ բնակչությանը։

  • Ռուբիոն չի բացառել, որ ԱՄՆ ռազմական բազաների վերևում թռչում են անհայտ թռչող օբյեկտներ

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «մարդիկ իսկապես կարծում են, թե մենք ինչ-որ բան թաքցնում ենք անհայտ թռչող օբյեկտների վերաբերյալ, բայց եթե մենք իմանայինք, ԱՄՆ նախագահն անմիջապես կբարձրաձայներ այդ թեման և ցույց կտար լուսանկարներ ու տեսանյութեր», հաղորդում է News Nation-ը։

    «Ես չգիտեմ, թե ովքեր են դրանք, ես չգիտեմ, թե ինչ են դրանք, բայց մեր ռազմական բազաների վերևում ինչ-որ օբյեկտներ են թռչում, և դրանք մեզ չեն պատկանում, ուստի պետք է պարզենք դա», — հավելել է նա։

  • Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է․ Ալիև

    Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

    Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը: Նա «նախազգուշացրել է» Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ կապված Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նրա խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։

    Միաժամանակ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից «պարզ է դարձել», որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։

  • ԱՄՆ-ը խոստացել է, որ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ Կուբայում «անդառնալի փոփոխություններ» կլինեն

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն է հայտնել, որ մինչև Դոնալդ Թրամփը լքի իր պաշտոնը, Կուբան կմտնի փոփոխությունների անդառնալի ուղի, հաղորդում է Brussels Signal-ը։

    Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կուբան կարող է կրկնել Վենեսուելայի ճակատագիրը, Ռուբիոն հայտարարել է, որ վարչակազմի լիազորությունների ժամկետի ավարտին կղզին «կմտնի դեպի բոլորովին այլ ապագա տանող անդառնալի ուղի»։

    Նա նշել է, որ 70 տարի գոյություն ունեցած համակարգը հնարավոր չէ քանդել մեկ գիշերվա ընթացքում՝ հավելելով, որ նախ պետք է տեղի ունենա անցումային շրջան։

    Ռուբիոն մատնանշել է կոմունիզմի անկումից հետո Արևելյան Եվրոպան, որտեղ, նրա խոսքով, երկրներին երեքից հինգ տարի է պահանջվել՝ դառնալու այն, ինչ այսօր են, և որպես ամենավառ օրինակ նշել է Լեհաստանը։