Category: YN.am

  • Երբ և որտեղ տեղի կունենա «Եվրատեսիլ-2027» մրցույթը

    «Եվրատեսիլ-2027» երգի մրցույթը կանցկացվի 2027 թվականի մայիսի 12-15-ը Բուլղարիայի Սևծովյան ափին՝ Բուրգասում։ Դրա մասին հայտնել են Եվրոպական հեռարձակողների միությունը և Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը, փոխանցում է BBC-ն։

    Այս տարվա մայիսին «Եվրատեսիլը» անցկացվել էր Վիեննայում։ Հաղթել էր բուլղարացի երգչուհի Դարան՝ «Bangaranga» վառ պարային հիթով։ Սա այս մրցույթում երկրի առաջին հաղթանակն է։

  • Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրերից մեկըՖրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրերից մեկը

    Օգոստոսի 13-ը Ֆրանսիայում դիտարկումների պատմության ընթացքում գրանցված «ամենաշոգ օրերից մեկն է եղել»՝ զիջելով միայն այն օրերին, երբ սահմանվել են բացարձակ ռեկորդներ՝ 2003 թվականի օգոստոսին, 2019 թվականի հուլիսին և 2025 թվականի հունիսին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը։

     

    Ծառայության տվյալներով՝ հինգշաբթի Ֆրանսիայի 30 օդերևութաբանական կայաններում նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների միջին ցուցանիշը կազմել է 28,8 աստիճան։ Բացի այդ, նախորդ օրը գրանցվել են «ամսական մի քանի ռեկորդներ», մասնավորապես՝ Նանտում, Ռեննում և Պուատիեում։ Արդեշ դեպարտամենտում օրվա ընթացքում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի։

     

    Ուրբաթ օրը հանրապետության եվրոպական հատվածի 96 դեպարտամենտներից 75-ում հայտարարվել է վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակը։

  • Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ

    Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում են լրատվամիջոցները։

    Նա հավելել է, թե մտադիր չէ ներողություն խնդրել այն բանի համար, որ ԱՄՆ քաղաքացիները ստիպված են բենզինի համար «մի փոքր ավելի թանկ» վճարել։

    «Ես ճիշտ եմ վարվել։ Շատ չար երկիրը չի կարող միջուկային զենք ունենալ»,- նշել է Թրամփը։

    Նա վստահեցրել է նաև, որ զինծառայողների ընտանիքների անդամները մտահոգված են Մերձավոր Արևելքում գտնվող USS Abraham Lincoln ավիակրի հետ կապված իրավիճակով։

  • Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ալ-Ահլիի կազմում առաջին խաղում

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տպավորիչ նորամուտ է նշել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում։

     

    Առաջնության 2026/2027 մրցաշրջանի անդրանիկ տուրում Սպերցյանի նոր ակումբը՝ «Ալ-Ահլին», Էր Ռիյադի «Արքայազն Ֆեյսալ բին Ֆահդ» մարզադաշտում մրցում է «Ալ Դիրիայի» հետ։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր իր թիմի մեկնարկային կազմում և արդեն առաջին խաղակեսում աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։

    Հանդիպման 25-րդ րոպեին Սպերցյանը գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր անդրանիկ գոլը սաուդյան ակումբի մարզաշապիկով։

     

    Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» նախկին ավագի տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել էր հուլիսի 7-ին: Սպերցյանը ռուսական ակումբի ակադեմիայի սան է, որի հիմնական կազմում հանդես էր գալիս 2021 թվականից՝ անցկացրած 185 խաղում դառնալով 58 գոլի և 50 արդյունավետ փոխանցման հեղինակ։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խմբակցությունում կրքերը հատկապես թեժացել են երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո, որի կենտրոնում հայտնվել էր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

    Երեկ ԱԺ ամբիոնից իր ելույթի ավարտին Ղազարյանը օգտագործել է վիրավորական բնույթի բառապաշար, ապա լքել նիստերի դահլիճը։

    Դրանից հետո խորհրդարանում իրավիճակը լարվել է, և միջադեպին արձագանքել են նաև նրա խմբակցության պատգամավորները։ Ղազարյանի՝ դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո նրա հետևից դուրս է եկել նաև ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը և փորձել Ղազարյանի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, ինչից հետո միջադեպը վերածվել է լուրջ լարվածության, իսկ որոշ պահերի՝ նաև քաշքշոցի ու ծեծկռտուքի։

    Ակնհայտորեն միջադեպի ընթացքում առավել ակտիվ դերակատարում է ունեցել հենց Վահե Ղալումյանը։

    Դեպքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, խիստ զրույց է ունեցել Էդգար Ղազարյանի և խմբակցության մյուս ներկայացուցիչների հետ։ Կարապետյանը հորդորել է պահպանել խորհրդարանում սահմանված կանոնները և չգնալ այնպիսի գործողությունների, որոնք կարող են նոր լարվածության առիթ դառնալ։

    Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել։ Որոշ ժամանակ անց Էդգար Ղազարյանը, առանց խմբակցության անդամներին տեղեկացնելու, վերցրել է իր պայուսակն ու լքել Ազգային ժողովի շենքը։

    Այս պահին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում Ղազարյանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այսօր խմբակցությունը պետք է հավաքվի՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Խմբակցության ներսում կարծիքները տարբեր են։ Մի մասը կարծում է, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և պահպանի իր դիրքը խմբակցության կազմում։ Մյուսները առավել կոշտ դիրքորոշում ունեն և կարծում են, որ պատգամավորն արդեն պետք է վայր դնի մանդատը, քանի որ նրա շուրջ վերջին շրջանում պարբերաբար առաջանում են լարվածության և տարաձայնությունների իրավիճակներ։

    Վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, կախված է լինելու խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Այս պահին, սակայն, Կարապետյանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։

    Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության օրակարգում այլ կարևոր հարցեր էլ կան։ Շարունակվում են քննարկումները Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների՝ Եվրոպական ինտեգրման հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ։

    Տարբեր փուլերում շրջանառվել են մի քանի անուններ, այդ թվում՝ Արեգա Հովսեփյանի, Դավիթ Ղազինյանի և Մամիկոն Ասլանյանի։ Սակայն այս պահին վերջնական որոշում դեռ չկա, և առաջիկայում խմբակցությունը պետք է քննարկի ու հաստատի իր առաջադրումները այդ պաշտոններում։

    Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն այս պահի դրությամբ մտադիր է չընտրել «Ուժեղ Հայաստան»-ի կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը։ Այդ դեպքում «Ուժեղ Հայաստանը» ստիպված կլինի կրկին քննարկել և առաջադրել նոր թեկնածու։

    Այսպիսով, նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից դեռ կարճ ժամանակ անց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում միանգամից մի քանի հարց է կուտակվել՝ ներքին կարգապահությունից և Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից մինչև մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների հարցը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն: Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջեւանում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակցել են նաեւ Հայկ եւ Վահե Ղալումյանները: Խնջույքը տեղի է ունեցել Իջեւանի ռեստորաններից մեկում»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ հարուցված քրեական գործով։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատարանից պահանջել և ստացել է սպանված հոգևոր հովիվ Սողոմ Վլասյանի հեռախոսը։ Մեզ հասած տեղեկությունների՝ հեռախոսի մեջ առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի և վերջինիցս հաղորդություն ստացած անձանց մասով։

    Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենով սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանքը կիրառվեց։ Ըստ ՔԿ-ի՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ն՝ Արգամ Աբրահամյանը, կասկածել է, որ իր կինը՝ Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Սողոմոն Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։ Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։

    Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

    Հավելենք, որ Գեղամ Հակոբյանի մասով գործը 2024 թվականից դատարանում է, և դա է պատճառը, որ նախաքննական մարմինը սպանվածի հեռախոսը պահանջել է դատարանից»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կենտրոնական Ասիայի միանգամից չորս երկրում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել

    Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։

    Մասնավորապես, Բիշքեկի տարբեր շրջանների բնակիչները սկսել են բողոքել լույսի անջատումներից և էլեկտրամատակարարման խափանումներից։

    Բացի այդ, Ղազախստանում՝ միանգամից Ալմաթիի չորս շրջաններում և Ալմաթիի մարզի տասը շրջաններում, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ։

    Դուշանբեում և Տաջիկստանի տարբեր շրջաններում նույնպես հաղորդել են, որ որոշ շրջաններում լույսն անջատվել է։

    Էլեկտրամատակարարման խափանումներ առաջացել են նաև Ուզբեկստանում։

  • ԶԼՄ-ներ․ Թուրքիայի С-400 համակարգերը Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանցելու բանակցությունները փակուղի են մտել

    Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանցելու վերաբերյալ բանակցությունները՝ ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների ապաշրջափակման դիմաց, փակուղի են մտել։ Այս մասին հայտնել է Semafor-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

    Անցյալ ամիս սկսված քննարկումները՝ ՆԱՏՕ առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիա այցի ֆոնին, դիտարկվում էին որպես Անկարայի կողմից ամերիկյան կործանիչների գնման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու միջոց։ Սակայն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը կանգ է առել։

    Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Թուրքիային ինքնաթիռներ վաճառելու ծրագրերը մնում են սառեցված՝ դրանց հրապարակային հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց, ինչի հետևանքով Կոնգրեսը կանգնած է ՆԱՏՕ դաշնակցի և Իսրայելի շահերի միջև մանևրելու անհրաժեշտության առաջ։

    Հիմնական խոչընդոտը С-400 համալիրների ճակատագիրն է

    Գայթակղության քարը ամերիկյան պատժամիջոցային օրենսդրության պահանջներն են։ Օրենքի համաձայն՝ F-35 կործանիչներին հասանելիություն ստանալու համար (որոնցից վեց միավորն արդեն վճարել է Թուրքիան, սակայն դրանք մնում են ԱՄՆ-ում՝ 2019 թվականին երկիրը ծրագրից դուրս մնալուց հետո) Անկարան պետք է լիովին ազատվի ռուսական С-400 համալիրներից։

    Բացի համակարգերը երրորդ կողմերին ամբողջությամբ վաճառելուց (մասնավորապես՝ ԱՄԷ-ին), քննարկվել է նաև դրանք պարզապես անջատելու տարբերակը։ Սակայն վերջին տարբերակը սպառնում է խորացնել լարվածությունը Վաշինգտոնի օրենսդիրների հետ, որոնք պնդում են սպառազինության ամբողջական օտարման վրա։

    Էմիրությունների հետ բանակցությունների դանդաղման ճշգրիտ պատճառները պարզ չեն, սակայն գործոններից մեկը կարող է լինել այն, որ С-400-ների տիրապետումն ինքնաբերաբար կփակի հենց Էմիրությունների համար ապագայում ամերիկյան F-35-ներ ձեռք բերելու հնարավորությունը։

    Կարծիքներ ամերիկյան Կոնգրեսում

    Օրենսդիրները շարունակում են թերահավատորեն վերաբերվել գործարքի հեռանկարներին։

    «Ես չեմ կարծում, որ նրանք պետք է ստանան F-35, եթե իսկական գործընկեր չեն… քանի դեռ նրանց մոտ կան С-400-ներ, նրանք չեն կարող ունենալ F-35-ներ»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ռիք Սքոթը։

    Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը հաստատել է, որ այս պահին գործընթացը սառեցված է. «Լսեք, այս պահին նրանք չեն ազատվել С-400-ներից, ուստի ամեն ինչ մեռյալ կետում է»։

    Իրավիճակը բարդանում է նաև արտաքին քաղաքական գործոններով. Թրամփի՝ հնարավոր գործարքը հայտարարելուց անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ Թուրքիային F-35-ների վաճառքը կարող է «քանդել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում»։

    Չնայած հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի հավատարմությանը Թրամփի բազմաթիվ նախաձեռնություններին՝ նրա երկրորդ ժամկետի ընթացքում, կործանիչների հնարավոր վաճառքը վտանգում է բախվել կոշտ հակազդեցության՝ Իսրայելի դաշնակիցների դիրքորոշումների և ռուսական ռազմական տեխնոլոգիաների դեմ պատժամիջոցների խիստ պահպանման կողմնակիցների պատճառով։

  • ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը ևս ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատցել է զբաղեցրած պաշտոնից։

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։

    Անահիտ Շիրինյանն ինքն է ցանկացել հեռանալ, քանի որ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից։

    Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար է նշանակվել Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։