Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Այսօր Բալաջարի կայարանից կուղարկվեն պրոպանով 14 վագոն և պարարտանյութերով 5 վագոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ընթացող Եվրոբասկետ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականը մարզիչ Նարեկ Կապուշյանի գլխավորությամբ 4 անընդմեջ հաղթանակ է տարել խմբային փուլում և 100-տոկոսանոց արդյունքով B խմբից դուրս եկել կիսաեզրափակիչ:
Խմբային փուլի վերջին խաղում մեր թիմը մրցել է Մոնակոյի հավաքականի հետ և հաղթել 110:78 հաշվով:
Մոնակո Մ16 – Հայաստան Մ16 հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է՝
33 միավոր
3 ռեբաունդ
8 արդյունավետ փոխանցում
Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանին մրցելու է A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Մոլդովայի Մ16 հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում (Մանանդյան 41):
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ, որի 2-րդ հավելվածով հաստատված կարգի դրույթների համաձայն, 2018 թվականից սկսած իրականացվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացը։ Ըստ նախագծի հիմնավորման, վերջին տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման ու հստակեցման, մասնավորապես՝ շատ հաճախ համայնքներից ներկայացվում են մեծ թվով ու ծավալով սուբվենցիոն փաթեթներ, որոնք ուսումնասիրվում, քննարկվում են ոլորտային գերատեսչություններում, հանձնաժողովի նիստերում, սակայն իրականում համայնքներն ի վիճակի չեն լինում այդ ծրագրերն իրականացնել՝ ֆինանսական միջոցների ոչ ճիշտ պլանավորման և համակարգման կարողությունների բացակայության առումներով։ Վերջին տարիների ընթացքում բացահայտվել են դեպքեր, որ սուբվենցիոն ծրագրով կառուցվել կամ հիմնանորոգվել են օբյեկտներ, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարության ավարտի փաստագրումը բավականին երկար ժամկետներով երակարաձգվել է և դրանք չեն շահագործվել երկար ժամանակ։ Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում առկա են դեպքեր, որ համայնքները, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերը ամբողջությամբ չեն կատարում կարգի 4-րդ հավելվածով սահմանված մշտադիտարկման դրույթները, ինչը բացասական ազդեցություն է ունենում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների որակի և պայմանագրերով սահմանված ժամկետների վրա։ Նախորդ տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առկա են բավականին մեծ թվով դեպքեր, երբ շինարարական կազմակերպությունը ներկայացնում է կատարողական ակտերը, սակայն դրանց հետագա գործողությունները՝ պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով ինչ-ինչ պատճառներով ձգձգում են համայնքների կամ մարզպետարանների աշխատակազմերը, ինչը բերում է շինարարական աշխատանքների ընթացքի դանդաղեցմանն ու շինարարական կազմակերպությունների ֆինանսական ոչ կայունությանը։ Դրա հետ մեկտեղ առկա են դեպքեր, երբ համայնքային բյուջեից և պետական բյուջեից համաֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվում է, բայց շինարարության ավարտի փաստագրումը, հետևաբար և օբյեկտի շահագործումը ձգձգվում է բավականին երկար ժամանակ։ Միաժամանակ, կարևորելով հանրապետությունում սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի ապահովումը, ինչպես նաև արվեստի, գեղարվեստի ու երաժշտական ուղղությունների զարգացումը՝ անհրաժեշտություն է առաջանում առանձնացնել մարզադպրոցների, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկական ստեղծագործության կենտրոնների կառուցման ուղղությունը՝ որպես առանձին ուղղություն, ինչպես նաև առանձնացնել բնակելի շենքերի բակային տարածքների ուղղությունը, քանի որ այն շատ ժամանակ ընթանում է ճանապարհների հիմնանորոգման հետ։ Կարևորելով հանրապետությունում թափոնների կառավարման բարելավման ուղղությունը, այդ թվում՝ գործող աղբավայրերից շրջակա միջավայրին ու մարդկանց առողջության վրա բացասական ազդեցությունների նվազեցումը, առաջարկվում է կարգում ներառել նաև այդ ուղղությամբ չափաբաժիններ։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրերի իրագործելիության և արդյունավետության բարձրացման նպատակով սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, եթե համայնքում առկա են նախորդող երկու տարվա ընթացքում ոչ բավարար ֆինանսական միջոցների կամ այլ չհիմնավորված պատճառներով հաստատված, սակայն չիրականացված սուբվենցիոն ծրագրեր։ Երկրորդ՝ համայնքում առկա են սուբվենցիոն ծրագրով նախորդող տարիներին նախատեսված և իրականացված աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում ավարտված օբյեկտը շահագործման չհանձնված դեպքեր։ Առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ աշխատանքի ընդունման, թերությունները շտկելու համար, ինչպես նաև տարբեր օբյեկտների կառուցման համար համաֆինանսավորման չափաբաժինները։ Առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարի առնվազն 5 տոկոսը չի հատկացվում՝ մինչև օբյեկտի ավարտական ակտի հաստատումը։
«Սարգիսս շատ աշխույժ էր, չարաճճի։ Մեր շատախոսն էր, անթիվ հարցեր էր տալիս։ Բոլորն իրեն շատ էին սիրում, մեր շրջապատում այնպիսի մարդ չկա, ում սրտում Սաքս մի յուրահատուկ տեղ չունենա», «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսի մայրիկը՝ տիկին Անահիտը։
Սարգիսը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ է սովորել։ «Սաքս շատ սիրուն էր նկարում։ Դպրոցում կազմակերպվող բոլոր մրցույթներին մասնակցել է, արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Հաճախել է մարմնամարզության, հիփ-հոփի ու բրեյք դանսի։ Հայաստանի մասշտաբով մասնակցել է մի շարք մրցույթների, իրենց խումբն արժանացել է բազմաթիվ մրցանակների»։
Սարգիսը ցանկանում էր կրթությունը շարունակել դիզայնի ուղղությամբ։ «Բարձր դասարաններում իրեն նկարչությունը շատ հետաքրքիր էր։ Ունի բրոշյուրների տիպի ալբոմներ, որտեղ հետաքրքիր նկարներ է պատկերել։ Նույնիսկ մի նկար ունի, որ շատ ենք նմանեցնում պատերազմի պատկերներին։ Ինքնուրույն սովորել էր նաև թղթից արձանիկներ պատրաստել։ Իր ստեղծած արձանիկները մեծ խնամքով պահպանում եմ։ Քանդակագործություն, նկարչություն. այդ ուղղությամբ բավականին զարգացած էին իր կարողությունները։ Անպայման ուզում էր դիզայնի բաժնում սովորել։ Շատ էր ցանկանում իր ննջասենյակի կահույքը գծագրել, հավաքել։ Իր այդ ցանկությունն էլ կիսատ մնաց»։
Սարգիսը որոշում է ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Հանձնում է քննությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով Սարգիսին չի հաջողվում ընդունվել քոլեջ։ Դրա փոխարեն ընդունվում է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի Ծրագրավորման ֆակուլտետ: Սովորում է երկուսուկես տարի, ուսումը կիսատ թողնում և 2019 թվականի հունվարի 30-ին մեկնում ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Ապրիլ յան պատերազմից հետո տղայիս մեջ մի միտք էր մտել՝ պետք է շուտ գնամ, ծառայեմ, հետ գամ։ Անգամ ինձ համոզում էր. «Մա՛մ, գնամ, դիմում գրեմ, շուտ մեկնեմ ծառայության»։ Իրեն միշտ ասել եմ՝ քո ժամանակին կմեկնես բանակ։ Շատ սիրով էր ծառայում։ Հրետանավոր էր, սկզբում ականանետի նշանառու էր, հետո հաշվարկող դարձավ։ Պատերազմի ժամանակ նա չպետք է այլևս նշանառու լիներ, դա նշանակում է, որ առաջնագծից հեռու էր լինելու, բայց քանի որ իրենց անձնակազմը թվով քիչ էր, շատերը նորակոչիկներ էին և դեռ չէին հասցրել մասնագիտանալ նշանառուի գործում, Սարգիսս այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև պատերազմի սկսվելն ամեն երեկո տղաս պարտադիր պետք է ինձ զանգեր։ Գիտեր, որ անհանգիստ եմ, գոնե երեկոյան իր ձայնը պետք է լսեմ։ Այդ օրերին իր համար քաղցր էի պատրաստել, որ ուղարկեի։ Այնքան մեծ դժվարությամբ էի համոզում, որ իրեն ինչ-որ բան ուղարկեմ։ Սաքիս նաև հարցրեցի՝ քեզ ի՞նչ է պետք, որ դա էլ ուղարկեմ։ «Մամ, տանից լվացքի փոշի կուղարկես։ Շորերս լվանամ, մեր տան հոտը զգամ»։ Իր կոկիկությամբ, մաքրությամբ միշտ է աչքի ընկել։ Պայուսակը դասավորեցի, որ պայմանավորվենք, կիրակի օրն այն իրեն ուղարկեմ։ Բայց կիրակի առավոտյան իրենից նամակ, իսկ հետո զանգ ստացա։ Երբ զանգահարում էր, անջատում էի, հետ զանգում։ Այս անգամ նա չսպասեց իմ զանգին, նորից զանգեց։ Ինձ ասաց. «Մա՛մ, դուրս ենք գնում, չանհանգստանաս, հիմա իրերս մի ուղարկի, մի քանի օրից կասեմ, թե երբ ուղարկես»։ Դեռ տեղյակ չէի, որ արդեն պատերազմ է սկսվել։ Հետո նաև ուրիշի հեռախոսից նամակ գրեց ինձ, որ չանհանգստանամ, ինձ հետ կապ կպահի։ Փորձում էր՝ եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ երկու օրը մեկ զանգահարել։ Իր հրամանատարի հետ ևս կապ էինք պահում։ Ինձ հավատացնում էր, որ ապահով տեղում է, պատերազմից հեռու։ «Մա՛մ, մենք շատ կապված ենք, եթե դու շատ անհանգստանաս, դա ինձ կարող է փոխանցվել, անընդհատ լարված կլինեմ»։ Եվ 44 օրվա ընթացքում մենք փորձեցինք իրար միայն դրական էմոցիաներ փոխանցել։ Առաջին օրվանից նա թեժ մարտերի մեջ է եղել։ Տղաները պատմում են՝ երբ կրակահերթեր էին սկսում, թաքստոցներում էինք լինում, Սաքը սկսում էր մեզ ինչ-որ պատմություններ պատմել, մեզ ծանր վիճակից դուրս բերել։ Ուզում էր նաև հոգեբանություն սովորել։ Ընկերներից մեկի հետ կիսվել էր. «Կցանկանամ հոգեբան լինել և անչափահաս դատապարտյալների հետ աշխատել։ Եթե նրանք սխալվել են, չի նշանակում, որ դա իրենց կյանքի վրա պետք է բիծ թողնի»։ Անսահման բարի էր, ընկերասեր, բոլորին ձեռք էր մեկնում դժվար պահերին։ Անգամ մեր՝ իրենից բավականին տարիքով մեծ բարեկամներին է խորհուրդներով օգնել։
Մինչև նոյեմբերի 1-ը տղաները տարբեր տեղերում են եղել։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են Կարմիր շուկա։ Հեռախոսով Սաքս մեզ իր տեղանքը երբեք չի ասել։ Նոյեմբերի 1-ին զանգահարեց՝ տեղափոխվում ենք։ Խնդրեցի, որ հուշի, թե ուր է տեղափոխվում։ Տեղանքի անունն այսպես հուշեց։ «Մա՛մ, ո՞րն է մեր դրոշի առաջին գույնը, ո՞ւր ենք մենք Կայարանի տարածքում հաճախ գնում, մա՛մ, տատիի ծննդավայրը ո՞րն է»։ Իմ մայրիկը Մարտունիից է։ Այդպես իմացա, որ նա Մարտունու Կարմիր շուկայում է։ Այդ օրերն իրենց համար ավելի լարված են եղել։ Հետո իմացանք, որ սննդի խնդիր են ունեցել, Արցախի ՄՈԲ-ը չի գնացել իրենց փոխարինելու։ Պատմություններն այնքան շատ են, երբեմն անգամ չես ցանկանում շատ բան իմանալ, որ ավելի մեծ ցավ չապրես»։
Սարգիսը զոհվել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո։ «Ահավոր վիճակ է եղել։ Պատմում են՝ անթիվ անօդաչուներ են եղել, գիշերը երկինքն այնքան լուսավոր է եղել, ինչպես ցերեկը կլիներ։ Իրենց թաքստոցները բավականին փոքր են եղել։ Իրենց ականանետին և՛ մոտ, և՛ հեռու թաքստոցներ են ունեցել։ Տղաները պատմում են՝ լինում էր, որ գիշերները Սարգիսն այդ հեռու թաքստոցն էր գնում։ Այդ օրը հոգնած է եղել, որոշել է մոտ թաքստոցում մնալ։ Տղաները որքան էլ իրեն համոզել են, այդ հեռու թաքստոցը չի գնացել։ Հինգ հոգով՝ իրենց հրամանատարը և չորս զինվորը, զոհվել են»։ Սարգիսը շուտ է տուն «վերադարձել»։
Ապրելու ուժի մասին։ «Հոգեպես ծանր վիճակում էի։ Նա իմ միակ զավակն էր։ Բայց իմ հարազատների ջերմությունը և ուշադրությունն ինձ շատ օգնեց։ Ամեն պահի կողքիս են եղել։ Հորաքրոջ թոռնիկը՝ Դավիթը, այդ ժամանակ երկու տարեկան էր, անընդհատ ինձ հետ զրուցում էր։ Երեխա էր, բայց կարծես զգար ինչ-որ բան։ Նա ինձ ևս դուրս բերեց ծանր վիճակից։ Իսկ հետո ծնվեց Արեգս։ Նա լցրեց մեր կյանքը, մեր օրը, բայց, իհարկե, Սաքիս բացը միշտ ենք զգում»։
Հ. Գ. – Սարգիս Թոմբուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։
ng.ru–ն «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հիմնական օրենքի փոփոխություններին: Նրա խոսքով, ժամանակակից Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը Սահմանադրության և ժողովրդի կամքի միջև եղած անհամապատասխանությունն է: «2024 թվականից ի վեր որդեգրված քաղաքականությամբ կառավարությունը և իշխող մեծամասնությունը հենց այդ բացն են լուծում», ասել է Փաշինյանը, սակայն կոնկրետ չի նշել, որ առաջիկա մի քանի տարիներին հանրապետությունում հանրաքվե կանցկացվի:
Այնինչ, խորհրդարանի կազմը հակառակն է վկայում: Նախ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն երաշխավորում, որ Փաշինյանը կհաջողի հանրաքվեում: Երկրորդ՝ խորհրդարանական ընդդիմությունն ունի բավարար ձայներ հանրաքվեի կազմակերպումը խոչընդոտելու համար: «Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության և իշխանության տերը լինելու արտահայտությունը։ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության և իշխանության տերն է, և այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ», բացատրել է Փաշինյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես որոշել է անտարբեր չլինել։
«Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին… Մեր ընդհանուր առաքելությունն է, որպեսզի Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ՝ արտացոլելով հասարակության հասունությունը, պետության զարգացման ընթացքը և ապագայի հանդեպ մեր հավաքական տեսլականը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրության օրվա նախօրեին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Արդյունքում, ԱԺ կմտնի միայն երեք կուսակցություն. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը»: Փաշինյանի հակառակորդները հույս ունեին, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» նույնպես տեղ կստանա խորհրդարանում: Այդ դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձայներ չէր ունենա իր սեփական մարդկանց նշանակելու կառավարության կարևոր այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի անդամները և Կենտրոնական բանկի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նախորդ խորհրդարանը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար ձայներ ուներ Սահմանադրության նույնիսկ որոշ հոդվածներ փոփոխելու համար, կարողացավ սահմանափակել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները մինչև վերջնական լուծարումը: Մասնավորապես, քվեարկելու հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր ընտրություններից առաջ վերջին 730 օրերից առնվազն 366-ը մշտապես բնակվել են հանրապետությունում։ Բացի այդ, մեկնելուց առաջ պատգամավորները արգելեցին ընտրակաշառք ստանալու կամ դրա միջնորդ լինելու մեջ մեղադրվող անձանց մասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ ընտրարշավի ընթացքում գործող կառավարության կողմնակիցները պնդում էին, որ Կարապետյանն, իբր, գնել է Ռուսաստանում գտնվող 100 հազար հայ ընտրողի ձայները և մտադիր է նրանց բերել երկիր ընտրությունների օրը։
Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը վստահ է, որ նոր խորհրդարանում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը կլինի ամենալարվածը ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մի կողմից՝ դա պայմանավորված է հասարակության ներսում կուտակված հակասություններով, մյուս կողմից՝ միջազգային լարված իրավիճակով։ «Ճգնաժամի նշաններից մեկը «Բարգավաճ Հայաստանի»՝ խորհրդարան մուտք գործելու մերժումն էր։ Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերը ամրապնդելու համար։ Փաշինյանը մեծ ջանքեր կգործադրի հանրաքվեի անցկացման համար, բայց նրա համար դժվար կլինի դրա համար իր կողմը գրավել հինգ ընդդիմադիր պատգամավորի»,ng.ru-ի հետ զրույցում ասել է Միքայել յանը։
Հայաստանի կիրառական քաղաքագիտության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը նույնպես կարծում է, որ գալիք տարիները կարող են մարտահրավերներով լի լինել։ «Հեղափոխական եռանդը կշարունակվի ներքին քաղաքականության մեջ։ Իշխանությունները կփորձեն ամբողջությամբ իրենց ենթարկեցնել մնացած բոլոր ինստիտուտները և թուլացնել ընդդիմությանը, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլերի արդյունքը պարզ լինի։ Սա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն կոնկրետ անհատներ, բիզնեսներ, ընդդիմադիր մտածողությամբ մտավորականներ և Եկեղեցին։ Եթե իշխող կուսակցության աջակցությունը նվազի, մենք կարող ենք չհասնել 2031 թվականի հերթական ընտրություններին, այլ ականատես կլինենք արտահերթ ընտրությունների։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, երբ ներքին լեգիտիմությունը նվազում է, իշխող վերնախավը անցնում է ավելի ավտորիտար ռեժիմի, ինչը թույլ է տալիս ոչ միայն պահպանել իշխանությունը, այլ նաև վերականգնել դիրքերը ընտրությունների միջոցով», – ասել է Մելքոնյանը ng.ru-ի հետ զրույցում։