Ավելի քան 150 տարի սմոքինգը եղել է տղամարդկանց մշտական ուղեկիցը։ Այն ի սկզբանե հորինվել է տնային օգտագործման համար՝ ընկերների և հարազատների նեղ շրջանակում: Այսօր այն դարձել է ավանդական դասական հանդերձանք, որն օգտագործվում է կարևոր արարողությունների և միջոցառումների ժամանակ:
Սմոքինգի մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել նշանավոր դերձակ Հենրի Փուլի պատվերների գրքում. 1865 թվականին այդ դերձակը պարտավորվել էր կոստյում կարել Ուելսի արքայազնի համար, որը հետագայում դարձավ թագավոր: Այդ հագուստի բուն սմոքինգ անվանումը սովորաբար վերագրվում է սըր Բենջամին Դիզրայելիին, որը երկու անգամ ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։
Սմոքինգի հայտնվելուն անուղղակիորեն օգնել է Բրիտանական Կայսրության վարած գաղութային քաղաքականությունը, որն այն ժամանակ քիչ հայտնի բույսը` ծխախոտը, նոր աշխարհից բերել էր Եվրոպա, և որը շատ արագ ձեռք էր բերել նախանձելի ժողովրդականություն արիստոկրատական համայնքի շրջանում։ Հաշվի առնելով հյուրեր ընդունելու՝ տներում տիրող էթիկետի խիստ կանոններն ու նորմերը, անգամ ստեղծվել էին ծխելու համար նախատեսված սենյակներ։ Հենց այդ կարիքների համար էլ անհրաժեշտ էր ստեղծել հագուստի հատուկ տեսակ, որը արիստոկրատները կհագնեին նախքան ծխելու սենյակ գնալը և այնտեղ մնալիս, որպեսզի կանխեն ծխախոտի հոտի և ծխի տարածումը այլ սենյակներ: Առաջ իսկական ջենթլմենի ամբողջական հավաքածուն բաղկացած էր երեք տարրից. նուրբ կոշիկներ՝ զարդարված ասեղնագործությամբ, խալաթ՝ կարված մետաքսից, թավշից կամ ֆլանելից, ծխելու գլխարկ, որը, ինչպես կոշիկները, զարդարված էր ասեղնագործությամբ։ Հետո դրան էլ ավելացավ սմոքինգը:
Ի տարբերություն անհարմար, մեծածավալ ֆրակների, սմոքինգը հարմարավետ էր և միայն ծխելու համար նախատեսված կոստյումից բավականին արագ վերածվեց արարողակարգային հանդերձանքի։ Նոր աշխարհում սմոքինգ կրելու նորաձևությունը հայտնվել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ Նյու Յորքի հայտնի Սմոքինգ ակումբի սեփականատեր, ծխախոտի մագնատ Պիեռ Լորիլարդի։ Շատ արագ ամբողջ ամերիկյան վերնախավը սկսեց հայտնվել նմանատիպ հագուստով:
150 տարվա ընթացքում սմոքինգը բազմիցս փոխել է իր տեսքը։ Այսօր կա սահմանված պահանջների ցանկ, որը պետք է խստորեն պահպանել։ Տաբատը պատրաստվում է առանց գոտի կրելու հնարավորության: Բաց երանգի սմոքինգը շատ հազվադեպ երևույթ է, որը կիրառվում է միայն տաք սեզոնին և հարսանիքների ժամանակ, սևը այդ հանդերձանքի համար ունիվերսալ գույնն է: Ինչ վերաբերում է զարդերին, ապա սմոքինգ կրող տղամարդը կարող է իրեն թույլ տալ միայն մատանիներ։ Ժամացույցը պետք է լինի միայն գրպանի: Բաճկոնի նյութը բուրդն է։ Սմոքինգի հետ կրում են մետաքսե գոտի կամ սև ժիլետ։ Վերնաշապիկը՝ սպիտակ, բամբակից, հազվադեպ՝ մետաքսից։ Թիթեռնիկ փողկապը՝ բրդի ու մետաքսի համադրությամբ, ընդ որում՝ այն նախապես կապելը համարվում է վատ նշան։
Ի սկզբանե սմոքինգը նախատեսված էր որպես բացառապես տղամարդկանց հագուստ, բայց այսօր այն օգտագործում են նաև կանայք։ Կանանց սմոքինգի մոդելները շատ են տարբերվում տղամարդկանցինից։ Նրանք տարբեր կտրվածքներ, ուրվագծեր ունեն, փոխարենը չունեն կրելու խիստ կանոններ։ Այդ հագուստը դարձել է էլեգանտ հավելում կանանց հանդերձանքի բազմազանության մեջ:
Սմոքինգը պահպանում է իր նշանակությունը նաև 21-րդ դարում։ Նույնիսկ դրա գոյության ընթացքում կազմված մեծ թվով կանոնները չեն խանգարում այն կրել քաղաքական գործիչներին, դերասաններին և մարդկանց, ովքեր մտածում են իրենց արտաքինի մասին: Այդ կոստյումի խստությունը և, միևնույն ժամանակ, նրբագեղությունը գրգռում է դիզայներների միտքը, ովքեր նախանձելի օրինաչափությամբ ստեղծում են սմոքինգի նոր հավաքածուներ։
Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Գետնի վրա առկա են բազմաթիվ հետևանքներ, բռնկվել է մի քանի հրդեհ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում:
«Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են 2 բազմաբնակարան և 3 մասնավոր տների, ուսումնական հաստատության, կոմերցիոն շենքի օդափոխության և լուսամուտների ապակիները, գազատար խողովակը (կենսապահովման գործառույթները չեն տուժել), գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստները, մթերային խանութը և Ozon-ի պահեստը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Սլյուսարը:
Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը նույնպես հայտնել է տարածաշրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հերթական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականներն ու շարժական կրակային խմբերը ողջ գիշեր աշխատել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։
«Այս պահին ընթանում է հարձակման հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրում։ Ամենակարևորը՝ զոհեր չկան։ Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում (կոտրվել են ապակիները)։ Աշխատում է օպերատիվ շտաբը»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է պաշտոնյան։
«Շատ աշխույժ, ընկերասեր տղա էր Հակոբս։ Յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբի մայրիկը՝ տիկին Խաթունան։ Հակոբը ծնունդով Շիրակի մարզից է՝ Բենիամին գյուղից։ Մինչև յոթերորդ դասարանը հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Երբ հարցնում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն անկեղծանում է՝ խաղերը որդուն ավելի հետաքրքիր էին, քան դպրոցն ու դասերը։ «Քույրերն իրեն շատ էին օգնում դասերի հարցում։ Հիմա ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ Հակոբս տուն էր գալիս ու ասում, թե քույրերից ամեն մեկը որ առարկայի տնային աշխատանքը պետք է կատարի։ Ուսուցիչներն էլ գիտեին, որ քույրիկներն իրեն շատ են օգնում դասերի հարցում։ Յուրահատուկ սիրելի առարկա Հակոբս չուներ։ Ֆուտբոլն էր շատ սիրում, սպորտի հանդեպ հետաքրքրություն ուներ»։ Ուսմանը հաջորդել է աշխատանքը։ Հայրիկի կորստից հետո Հակոբն ավագ եղբոր հետ աշխատանքի է անցել։ Ընտանիքում հինգ երեխա են՝ երեք աղջիկ և երկու տղա։ Հակոբը տան կրտսերն է։ «Բոլորն իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, հոգ տանում իր մասին»։
Այնպես է ստացվել, որ Հակոբի եղբոր ծառայության ժամանակահատվածը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ «Հակոբիս 18-ամյակը լրացավ, իրեն ասացի՝ վերադառնանք, որ մեկնես ծառայության։ Տղաս այդ ժամանակ չցանկացավ մեկնել ծառայության, գուցե Քառօրյա պատերազմից հետո ինչ-որ պատմություններ էր լսել, դրանք դեր խաղացին իր որոշման հարցում, հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչու։ Այդ ժամանակ, կարծես, որոշել էր, որ չի ցանկանում ծառայել։ Բայց որոշ ժամանակ հետո միտքը փոխեց ու մեզ ասաց՝ ես գնում եմ Հայաստան՝ ծառայելու։ Հակոբս իր տարիքայինների հետ չմեկնեց ծառայության, հետո արդեն, երբ ուներ հնարավորություն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու և այնտեղ մնալու, մտափոխվեց և վերադարձավ հայրենիք»։
2019 թվականի հունվարի 31-ին Հակոբը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ գոհ էր ծառայությունից։ Ե՛վ սնունդից էր գոհ, և՛ մնացյալ ամեն ինչից։ Բնականաբար, մենք էլ ամեն ինչ իրեն ուղարկում էինք, դժգոհելու առիթներ չուներ։ Ընթացքում պարգևատրվել էր, սակայն իր փաստաթղթերն այդպես էլ չկարողացա գտնել։ Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Մեր մի զրույցն եմ հիշում։ Երբ բանակ էր գնում, ասաց. «Մա՛մ, ես էլ երեխա չեմ ունենա»: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց։ Գուցե մտքով ինչ-որ բան էր անցել։ Ես այդ հարցի պատասխանը ևս չունեմ»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս Մատաղիսի դիրքերում է եղել։ Մինչև հոկտեմբերի 5-ը Հակոբս ինձ զանգել է։ Բոլորիս հետ՝ իմ, քույրերի հետ այդ օրն է խոսել։ Հոկտեմբերի 6-ին խոսել է հորեղբոր տղայի հետ, այդ օրը զանգել է փեսայիս ու ասել. «Հո՛վ, վերջ, սա վերջն է»։ Երբ այդ օրերին շատ անհանգիստ իրեն էինք զանգահարում, որ պատերազմ է, զգույշ լինի, նա մեզ հանգստացնում էր. «Մա՛մ, ապահով տեղում ենք, պատերազմի մեջ չենք, մեզ ոչ մի բան չի լինի»։ Բայց նա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, Թալիշ-Մատաղիսն էլ առաջինն է հարվածներն ընդունել»։
Հակոբն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում ԱԹՍ-ի հարվածից։ «Այդ օրերին մեր գյուղապետարանում Բենիամինից ևս մեկ զինծառայողի՝ Սամվելի զոհվելու մասին էին իմացել։ Մենք իրենց հետ բարեկամական կապեր ունենք։ Գնացել էին, որ Սամվելին գտնեին, համակարգիչը միացրել էին, որ նկարները նայեին, առաջինն իմ տղայի նկարն էր եղել։ Այդպես էլ իմացանք, որ տղաս զոհվել է։ Իր զոհվելու վայրը Մատաղիսն է, բայց ասում են, որ նրան Մարտակերտից են գտել։ Հոկտեմբերի 10-ին տղաս արդեն տանն էր։ Երկու օր անց նրա հուղարկավորությունն էր։ Հիմա հայրիկի կողքին է»։
Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողը թոռներս դարձան։ Ինը թոռնիկ ունեմ»։
Հ. Գ. – Հակոբ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բենիամին գյուղի գերեզմանատանը։
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» թիվ 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 հազար դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ 2026 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026 թվականի հոկտեմբերի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կազմում է 18 միլիոն դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Մի քանի օր շարունակ Հայաստանում անցկացվում էր «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքը: Այն գուցե լավ բան է, գուցե երկրին ինչ-որ բան տալիս է. չենք վիճում, ավելին՝ սա քննարկելու միտք չունենք, որովհետև ասելիքը դրա մասին չէ, թեպետ այս հարցում կան տարբեր կարծիքներ: Հարցն այն է, որ նույնիսկ նման միջոցառումների ժամանակ է երևում, թե որքան վատ են ամեն ինչ կազմակերպում օրվա իշխանությունները և ինչքան «թքած ունեն» ժողովրդի վրա:
Բան այն է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները Սևանում լողում էին կամ Սևանի ափին «կյանքն էին վայելում», Սևանի մայրուղին պարզապես կաթվածահար էր: Մեր լրագրողը ականատես է եղել, թե ինչպես Սևանի թերակղզուց երկկողմանի մոտ 5-6 կմ մեքենաները մնացել մի քանի ժամ. ոչ թե սովորական խցանում կամ դանդաղ երթևեկություն է եղել, այլ պարզապես անշարժ կանգնած են եղել: Թե ինչ կարծիք ունեին քաղաքացիները իշխանությունների, նրանց կազմակերպած հեծանվավազքի մասին, այստեղ, բնականաբար չենք մեջբերի: Եթե քաղաքային երթևեկության մեջ դեռ հնարավոր է գտնել այլընտրանքային ճանապարհներ, հետադարձ անել, ապա մայրուղու վրա, հատկապես Գագարինից հետո մինչև թերակղզի հատվածում պարզապես հետադարձի հնարավորություն էլ չկա:
Ինչպես պարզվեց սոցցանցերից, նույն վիճակն է եղել նաև նախորդ օրը՝ Լռու և Տավուշի մարզերի միջպետական ու համայնքային ճանապարհներին: Սևանի մայրուղում նման վիճակ կրկնվել է նաև կիրակի օրը: Իհարկե, ՆԳՆ-ն գուցե իրավունք ունի պնդել, որ ապահովել է մրցաշարի անվտանգությունը: Սակայն հարցն այն է, որ այդ ամենը կարելի էր կազմակերպել այնպես, որ մարդկանց հնարավորինս քիչ նեղություն տան. օրինակ՝ Սևանի մայրուղու երթևեկությունը կարելի էր կազմակերպել հերթագայությամբ՝ միակողմանի սկզբունքով: Այնինչ, ստացվել է այնպես, որ ժամեր շարունակ միջպետական մի քանի կարևոր ճանապարհներ պարզապես կաթվածահար են եղել՝ բոլոր հետևանքներով:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դեսպանների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցերն Արցախի բռնազավթված տարածքներ վաղուց պարբերական բնույթ են կրում և դարձել են Բաքվի քաղաքական գործիքակազմի ամենաակտիվ մեխանիզմներից մեկը։ Օրերս էլ տեղի ունեցավ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հերթական մեծամասշտաբ այցը դեպի Արցախի տարածքներ. ի դեպ, դա արդեն 22-րդ նման այցն էր 2020 թվականից ի վեր։ Այս թիվն ինքնին խոսուն է. այն վկայում է ոչ թե պատահական միջոցառումների, այլ խորապես մտածված, պլանավորված և համակարգված քարոզչական արշավի մասին ։
Այցին մասնակցում էին շուրջ 150 դիվանագետներ և ներկայացուցիչներ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Դեսպաններն այցելել են Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ և Քարվաճառ՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին։ Երբ մենք խոսում ենք այս թվերի և աշխարհագրության մասին, պետք է հասկանանք, որ դրանք պատահականության արդյունք չեն։ Ադրբեջանը ներդրումներ է կատարում ոչ միայն ճանապարհների, օդանավակայանների և շենքերի կառուցման մեջ, այլև, թերևս առաջին հերթին, պատմության վերագրման, յուրացման, ինքնության վերաձևակերպման և այդ ամենի միջազգային լեգիտիմացման մեջ։
Ադրբեջանն այսպիսի այցերով մի շարք փոխկապակցված նպատակներ է հետապնդում, որոնցից յուրաքանչյուրը զգույշ, չափակշռված է և ծառայում է ընդհանուր ռազմավարությանը։ Առաջին և հիմնական նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ օտարերկրյա պետությունները դե ֆակտո ընդունում են Ադրբեջանի վերահսկողությունը Արցախի ամբողջ տարածքի նկատմամբ։ Սա դիվանագիտական պրակտիկայի հին, բայց միշտ արդյունավետ մեթոդ է. երբ տասնյակ պետությունների դեսպանները ֆիզիկապես ներկա են գտնվում որևէ տարածքում՝ որպես որևէ պետության հյուրեր, քաղաքական իմաստ ունի՝ անկախ նրանից, թե այդ պետությունների պաշտոնական դիրքորոշումն ինչպիսինն է։ Ներկայությունը, կարծես, հավանության նշան է։ Յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր ձեռքսեղմում, յուրաքանչյուր մատնանշում ենթակառուցվածքի օբյեկտի վրա դառնում է նյութ, որը հետագայում օգտագործվում է միջազգային հարթակներում՝ որպես «իբր» ընդունվածության ապացույց։
Երկրորդ նպատակը դիվանագետներին ներկայացնելն է իրենց կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, նոր մզկիթների կառուցումը և մշակութային վերափոխումները։ Այստեղ էլ երևում է խորամանկության բարձր աստիճանը։ Ադրբեջանական կողմը չի ներկայացնում իրավիճակն այնպես, ինչպես կա, այլ կառուցում է պատում-հորինվածք, որի համաձայն, տարածաշրջանում ընթանում է «վերածնունդ», «զարգացում» և «մշակութային հարստացում», իսկ այդ «պատումի» մեջ հայկական բնիկ բնակչությունը, հայկական եկեղեցիները, խաչքարերն ու մշակութային շերտը կա՛մ բացակայում են, կա՛մ վերագրվում են այլ ժողովուրդների։ Այդպիսով, Ադրբեջանը ցանկանում է լեգիտիմացնել իր կողմից Արցախի բռնազավթումը՝ այն մատուցելով ոչ թե որպես ուժի կիրառման և բնակչության բռնագաղթի արդյունք, այլ որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»՝ կցելով դրան մշակութային և քաղաքակրթական առաքելության կեղծ պատկերացում։
Արժե հիշել, որ ավելի վաղ՝ հատկապես 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը կազմակերպում էր առաջին դիվանագիտական այցերը դեպի Շուշի, զարգացավ մեծ քաղաքական սկանդալ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները բազմիցս դեմ են արտահայտվել և հրաժարվել մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված պաշտոնական ուղևորություններին դեպի Շուշի։ Որոշ այցերից հրաժարվել էր նաև Ռուսաստանի դեսպանը։ Այս փաստը չափազանց կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ միջազգային հանրության զգալի մասը (առնվազն սկզբնական շրջանում) գիտակցում էր այս այցերի քաղաքական բնույթը և չէր ցանկանում դառնալ Բաքվի քարոզչական խաղի գործիք։
Սակայն ժամանակի ընթացքում տեղի ունեցավ նուրբ փոփոխություն. դիվանագիտական դիմադրությունը թուլացավ, բոյկոտի գիծը խզվեց, և այսօր արդեն 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են այցերին, որոնցից մի քանի տարի առաջ հրաժարվում էին աշխարհի առաջատար պետությունների դեսպանները։ Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց։ Թերևս փոխվեց այն, որ Ադրբեջանը հետևողականորեն և համակարգված կերպով շարունակեց իր աշխատանքը, իսկ հայկական կողմի դիմադրությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքը գործնականում դադարեցին գոյություն ունենալ։ Դիվանագիտության մեջ վակուումը երբեք չի մնում վակուում. այն լցվում է ավելի ակտիվ ու ավելի նպատակաուղղված կողմի «ձեռքով», և այսօր մենք հենց սրա ականատեսն ենք։
Հատկապես ցայտուն է այդ աշխատանքի բովանդակային կողմը։ Այս անգամ Գանձասարում ունեցած իր ելույթում Հիքմեթ Հաջիևը վանքը հռչակեց որպես «Կովկասյան Աղվանքի» մշակութային ժառանգություն։ Նա հայտարարեց, թե իբր հայկական կողմն անցած տարիներին «ձևափոխել է» հուշարձանի իրական տեսքը։ Այստեղ մենք հանդիպում ենք ադրբեջանական պատմական քարոզչության ամենախորունկ և ամենավտանգավոր հատվածին։ Գանձասարը, որը հայկական ճարտարապետության բացառիկ մարգարիտներից է, որի արձանագրությունները, խաչքարերն ու շինարարական շերտը դարեր շարունակ փաստել են իր հայկական ծագումը, հանկարծակի հայտարարվում է «աղվանական»։
Այս մեթոդը նորություն չէ. այն կիրառվել է տասնամյակներ շարունակ Նախիջևանի հին Ջուղայի խաչքարերի, Արցախի հարյուրավոր եկեղեցիների ու վանական համալիրների նկատմամբ։ Եվ դրա տրամաբանությունը պարզ է. եթե հնարավոր չէ ժխտել հուշարձանի գոյությունը, ապա պետք է փոխել նրա պատկանելությունը։ Սա մշակութային յուրացման դասական սխեմա է, որն ուղղված է ապագայի համար իրավական և պատմական «հիմքեր» ստեղծելուն։ Վաղը չէ մյուս օրը հարց է ծագելու, թե ո՞ւմ է պատկանում այս ժառանգությունը, իսկ Բաքուն արդեն պատրաստված պատասխան կունենա, որը տարիներ շարունակ արմատավորվել է դիվանագետների, լրագրողների և միջազգային կարծիք ձևավորողների գիտակցության մեջ։ Դեպքը, սակայն, հասնում է անգամ ծայրահեղ աբսուրդի։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, Հաջիևը դիվանագետներին է ներկայացրել թանգարանային վերատպության մի գիրք (մուլ յաժ), որի դատարկ էջերը փորձել է մատուցել որպես «հայերի կողմից պատմությունը կեղծելու» կամ «պատմություն չունենալու» ապացույց։
Ադրբեջանի այսպիսի կեղծարարության դեմ կան առանձին մասնագետների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների և համացանցային ակտիվիստների ջանքերը, սակայն դրանք չեն կարող փոխարինել պետության ռեսուրսին, պետության դիվանագիտական ապարատին, պետության համակարգված ռազմավարությանը։ Հայ պատմաբանները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի այս քաղաքականությունը։ Նրանք ահազանգում են, որ Բաքուն պետական մակարդակով փորձում է ջնջել Արցախի հայկական հետքը՝ եկեղեցիները ներկայացնելով աղվանական, իսկ մյուս կոթողները, օրինակ՝ Շուշիի պատմական գերեզմանատունը կամ Ստեփանակերտի տաճարը, հիմնովին ավերելով։ Այս ահազանգերը հիմնավորված են, փաստարկված են և արձանագրված են բազմաթիվ լուսանկարներով, արբանյակային պատկերներով և դիտորդական զեկույցներով։ Սակայն ահազանգը, որն արձագանք չի ստանում պետական մակարդակով, չի վերածվում միջազգային քաղաքական նախաձեռնության, չի հասնում միջազգային դատարաններ, չի դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Եվրոպայի խորհրդի հաստատական օրակարգ, մնում է օդում կախված ձայն, որը աստիճանաբար խլանում է։
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ որպես պետություն։ ՀՀ իշխանությունների կողմից պետական մակարդակով ոչ մի նախաձեռնողականություն, հակադարձում չկա. միայն ԱԺ նախագահը «ձեռքի հետ» մի ձևակերպում արեց, այն էլ՝ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց այդ թեմայով։ Չնայած, ավելի լավ էր՝ դա էլ չասեր, այնքան լղոզված ու վախեցած էր պատասխանը. «Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»: Ու վերջ, մնացյալը քար լռություն են պահում: Ավելին, մինչ Ադրբեջանում դեսպաններին վերցրած պտտեցնում են Արցախի բռնազավթված տարածքներում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հեծանվավազքով կամ Սևանում լողալով են զբաղված։ Այս հակադրությունը ոչ թե հռետորական հնարք է, այլ իրականության դառն արտացոլանք, երբ պետության բարձրագույն ղեկավարության հանրային օրակարգում ինքնության, ժառանգության և պատմական իրավունքի հարցերը բացակայում են։
Իսկ երբ դրանք փոխարինվում են մասնավոր հանգստի ու ներքաղաքական գործընթացների պատկերներով, դա ուղիղ ազդանշան է, որ այս հարցերն այլևս առաջնահերթություն չեն։ Այստեղ անհրաժեշտ է ավելի խոր ու լայն հայացք գցել խնդրի վրա, քանի որ խոսքը միայն ընթացիկ իշխանությունների գործունեության կամ անգործության մասին չէ, այլև Հայաստանի պետական մտածողության կառուցվածքային թերության մասին։
Հայկական կողմն իր ունեցած հարուստ ժառանգությունը և պատմական եղելությունները չի կարողանում ներկայացնել, իսկ Ադրբեջանը ոչ միայն հորինելով է զբաղված, այլև հորինածը ներկայացնելով։
Հայաստանյան ցեմենտի շուկան գտնվում է վերափոխումների փուլում, որտեղ միահյուսված են շինարարական բումի առաջացրած բարձր պահանջարկը, տեղական արտադրության հզորությունները և վերջին խոշոր վերաբաշխումները:
Շուկայի հզորությունները և կառուցվածքը
1.Արարատցեմենտ. Հանդիսանում է տեղական շուկայի բացարձակ առաջատարը՝ ապահովելով տեղական արտադրության մոտ 75–80%-ը:
2. Հրազդան Ցեմենտ. Գործարանը երկար տարիներ գտնվում էր անգործության և սնանկացման գործընթացների մեջ (հատկապես 2022 թվականից հետո), ինչի պատճառով արտադրական ողջ բեռը ընկած էր «Արարատցեմենտի» և Իրանից ներկրվող ցեմենտի/կլինկերի վրա:
3. Ներկրում. Իրանական էժան ցեմենտի ներհոսքը զսպելու նպատակով պետությունը կիրառում է պաշտպանիչ տուրքեր, ինչը տեղական արտադրողներին թույլ է տալիս պահպանել գնային բարձր մակարդակ:
Նարեկ Նալբանդյանի կողմից «Հրազդան ցեմենտի» ձեռքբերումը
2026 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ «88» սուպերմարկետների ցանցի և այլ ակտիվների սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը:
Գործարքի նպատակը. Հայտարարվել է լայնածավալ ներդրումային ծրագրի մեկնարկի և գործարանի վերագործարկման մասին:
Տնտեսական ազդեցությունը. Եթե գործարանը վերագործարկվի, շուկայում կվերանա «Արարատցեմենտի» մենաշնորհային/օլիգոպոլ դիրքը, ինչը կարող է մեծացնել առաջարկը և ավելացնել տեղական արտադրանքի ծավալները:
Գների թանկացումների պատճառները
Ցեմենտի գների աճը պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով.
Շինարարական բում. Երևանում և մարզերում բնակելի ու ենթակառուցվածքային ակտիվ շինարարությունը պահպանում է ցեմենտի բարձր պահանջարկ:
Էներգակիրների թանկացում. Ցեմենտի արտադրությունը էներգատար գործընթաց է, և գազի ու էլեկտրաէներգիայի ինքնարժեքի աճը անմիջականորեն ազդում է վերջնական գնի վրա:
Լոգիստիկա և ներկրման տուրքեր. Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանված պաշտպանիչ տուրքերը սահմանափակում են էժան այլընտրանքը, ինչն արտադրողներին հնարավորություն է տալիս բարձրացնել տեղական արտադրանքի գները:
Ակնկալվում է, որ «Հրազդան ցեմենտի» վերագործարկումից հետո առաջարկի ավելացումը կարող է որոշակիորեն կայունացնել գները շուկայում:
Այս պահին ցեմենտի նկատմամբ կա մեծ պահանջարկ և գինը մեկ ամսվա ընթացքում քսան տոկոսով աճել է, բայց կառավարությունն իրանական կլինկերի վրա կիրառվող տուրքը չի փոխում։Ինչու՞։ Դրա համար է նարեկ Նալբանդյանը սրանց սենց կեղծ ներվայնացնում՞։ Բեմադրում են ահավոր զայրութ, զայրութի տակ իբր ընկածը չի փախնում, իրավապահները ավտոմեքենան ձևի համար խուզարկում են , բայց ցեմենտի խոշոր գործարանը դառնում է 888 )))))։ Հըն՞։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը մտահոգություն է հայտնել հնարավոր դիստոպիկ սցենարի վերաբերյալ, եթե մեկ անձը կամ ընկերությունը օգտագործի չափազանց հզոր արհեստական բանականություն՝ իր աշխարհայացքը ուրիշներին պարտադրելու համար։
«Եթե չափազանց հզոր արհեստական բանականությունն օգտագործվի միայն մեկ անձի կամ ընկերության կողմից՝ իր աշխարհայացքը ուրիշներին պարտադրելու համար, արդյունքները կարող են չափազանց հակաուտոպիստական լինել», – գրել է Ալտմանը X սոցիալական ցանցի իր էջում։
OpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է նաև մեկ այլ սցենարից, որ մարդկությունը կարող է կորցնել ապագայի նկատմամբ վերահսկողությունը, որը հետո արհեստական բանականությունը կգրավի։ Ալտմանը կարծում է, որ որպեսզի արհեստական բանականությունը միշտ ծառայի մարդկանց, անվտանգության միջոցառումները միշտ պետք է գերազանցեն արհեստական բանականության մոդելների զարգացմանը։
ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները։
Հայաստանը 2026 թվականին FIBA EuroBasket մրցաշարերում ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։ Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։
2026 թվականին ՖԻԲԱ-ի տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։
Հիշեցնենք նաև, որ 2026 թվականին մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունն ընդունել էր Հայաստանը, և հենց Հայաստանի Մ16 հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող: