Category: Orer

  • «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը

    «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը:

    Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին…

  • ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.

    tass.ru–ն «ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով այցելել է Բաքու, ապա՝ Երևան։ Այս շրջագայության առանձնահատկությունը Բրյուսելի կողմից երկու երկրների նկատմամբ ցուցաբերած հակադիր մոտեցումներն են. եթե Երևանի նկատմամբ հռետորաբանությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների ընդհանուր գաղափարի վրա, ապա Բաքվի հետ համագործակցությունը որոշվում է գործնական շահերով։

    ԵՄ-ի համար կայուն վառելիքի մատակարարման ապահովման և նոր տրանսպորտային ուղիների կառուցման խնդիրները շատ ավելի կարևոր են, քան Ադրբեջանի իշխանությունների հետ գաղափարախոսական տարաձայնությունները։ Երևան կատարած այցն ուներ հիմնարարապես այլ նպատակ, այն է՝ ցույց տալ քաղաքական աջակցություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։ Սակայն ավելի լայն համատեքստում այցը նաև նպատակ ուներ առաջարկել միջոցառումներ Հայաստանի տնտեսության՝ Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու համար։ Երևանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Հայաստանի համար աննախադեպ քայլերի մասին։ Բրյուսելն առաջարկել է արտակարգ անմաքս միջոցառումներ մտցնել դեպի ԵՄ հայկական ապրանքների արտահանման 80 %-ի համար։ Ֆոն դեր Լայենը նաև հաստատել է վերջին՝ 18 միլիոն եվրոյի տրանշի հատկացումը՝ որպես հունիսին հաստատված 52 միլիոն եվրոյի տնտեսական աջակցության փաթեթի մաս։ Այս միջոցները նախատեսվում է օգտագործել հայկական բիզնեսը եվրոպական չափանիշներին հարմարեցնելու և արտահանման խթանման գործակալություն ստեղծելու համար։ Կողմերը նաև քննարկել են վիզային ռեժիմի հետագա ազատականացման հարցը. Երևանը հույս ունի մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ լիովին անվիզա կարգավիճակի հասնել։ Ավելին, Բրյուսելը խոստացել է տեխնիկական օգնություն և ներդրումներ էներգետիկայի ոլորտը դիվերսիֆիկացնելու և (կրկին) ռուսական ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու համար։

    Այս շրջագայության պահը՝ 2026 թվականի հուլիսի սկիզբ, բացատրվում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի միաժամանակյա փոփոխությամբ երեք հիմնական ոլորտում։ Առաջին հերթին անհրաժեշտ է Փաշինյանի ընտրական հաջողության ամրապնդում: Նաև անհրաժեշտ են տնտեսական մանևրներ։ Երևանի քաղաքական շրջադարձը և ՀԱՊԿ-ից փաստացի դուրս գալը համընկել է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական խնդիրների սրման հետ։ Ավանդական ռուսական շուկայի կորուստը լուրջ հարված է Հայաստանի համար, բայց այդ ճգնաժամը հրահրվել է հենց Երևանի և Բրյուսելի կողմից, և այժմ Եվրամիությունը փորձում է փոխհատուցել այդ քաղաքականության հետևանքները՝ շտապ կերպով մտցնելով անմաքս ռեժիմ։

    Կարևոր է նաև խաղաղության համաձայնագրի իրականացումը։ Բաքվում և Երևանում ակտիվություն ցուցաբերելով՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ձգտում է ապահովել Բրյուսելի կարգավիճակը՝ որպես խաղաղության հաստատման և ստեղծվող ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ Միջին միջանցքի նախագծի, հիմնական ֆինանսական օպերատոր և հովանավոր։

    Այնուամենայնիվ, իրական տնտեսական ցուցանիշների առումով Բրյուսելի կողմից հայտարարված օգնության ու առևտրի ծավալները բավականին համեստ են թվում։ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2025 թվականին հասել է ռեկորդային 4,7 միլիոն տոննայի, և նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը այն կհասնի տարեկան 10 միլիոն տոննայի։ Սակայն, Համաշխարհային բանկի գնահատականներով, որպեսզի տարածաշրջանը ցամաքային տարանցումից ստանա զգալի եկամուտներ, այդ ծավալը պետք է աճի մինչև տարեկան առնվազն 30-40 միլիոն տոննայի։ Ներկայում կովկասյան ենթակառուցվածքները ֆիզիկապես պատրաստ չեն նման բեռի, իսկ դրանց արդիականացմանն ուղղված ներդրումները բավականին նշանակալի չեն։ Նույնիսկ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ (TRIPP նախագիծ) Կասպյան երթուղին դժվար թե կարողանա գնի առումով մրցակցել Ռուսաստանի միջով անցնող Հյուսիսային միջանցքի հետ։

    Բրյուսելի կողմից Բաքվին և Երևանին որպես հակամարտության սցենարի այլընտրանք առաջարկվող տրամաբանությունն է կառուցել տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ակնկալելով, որ դա, ի վերջո, զգալի եկամուտներ կապահովի այդ երկրներին։ Սակայն այդ դիվիդենտները օբյեկտիվորեն համեստ կլինեն։ Դրանք անկարող են փոխարինել Ադրբեջանի նավթից և գազից ստացված եկամուտները կամ Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի հետ առևտրից ստացված հսկայական շահույթը։ Տրանսպորտային մայրուղիների զարգացումից «միլիարդավոր դոլարների օգուտների» մասին բարձրագոչ հայտարարությունները ներկայիս տնտեսական փաստերի արձանագրում չեն, այլ քաղաքական գործիք։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այս տարին հոբել յանական է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար։ Նոյեմբերի 5-ին նա նշելու է ծննդյան 75-ամյակը։ «ԱՐԱՐ» երգչախումբը, որը երկար տարիներ համագործակցում է կոմպոզիտորի հետ, որոշել է նշանավորել նրա հոբել յանը համերգային ծրագրով։ Երգչախմբի և կոմպոզիտորի բարեկամության և երկարատև համագործակցության մասին զրուցել ենք երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ Մելքումյանի հետ։ Նրա խոսքով, Երվանդ Երկանյանը մեր երաժշտական և հոգևոր մշակույթում առանցքային և կարևոր նշանակություն ունեցող կոմպոզիտոր է։ «Կարևոր է այս մասին խոսել և արձանագրել այս փաստը։ Սա բնավ արվեստագետին արված ինչ-որ հաճոյանքի խոսք կամ նրան շոյելու միջոց չէ։ Կարևոր է ճիշտ ժամանակին գնահատել այն արվեստագետին, որն ապրում է մեր կողքին։ Կազմակերպելու ենք համերգ՝ նվիրված Երվանդ Երկանյանի հոբել յանին, որն արժեքավոր կլինի նաև երգչախմբի գործունեության 14 տարվա ընթացքում։ Կոմպոզիտորի հետ վաղուց ձևավորվել է բարեկամական շփում և ընկերություն, որը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Ցանկանում ենք, որ համերգային երեկոն լինի նաև մեր ընկերության, բարեկամության ներկայացումը։ Նշեմ, որ կոմպոզիտորը մեր երգչախմբին նվիրել է մի շարք ստեղծագործություններ, որոնք համերգային երեկոն կդարձնեն էլ ավելի բացառիկ։ Նախատեսում ենք նաև հրատարակել գիրք, որտեղ կլինեն բոլոր այդ ստեղծագործությունները, և դրան կցել խտասալիկ, որտեղ կլինեն ստեղծագործությունների կատարումները։ Սրանք բարդ կազմակերպվող միջոցառումներ են, բայց ոգևորված ենք և լիահույս, որ հավուր պատշաճի կիրականացնենք այդ ամենը։ Միջոցառումները նախատեսված են աշնանը, այս պահին փորձերի ակտիվ փուլում ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։

    Հետաքրքրվում ենք՝ իսկ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ պարուրված այս բարեկամությունը։ Գոռ Մելքումյանն անկեղծանում է՝ հաճախ է ինքն իրեն նույն հարցը տալիս և չի գտնում այդ ջերմ բարեկամության սկզբնակետը։ «Մի օր ուղղակի սկսեցինք համաքայլ գնալ, կատարել իր ստեղծագործությունները, իրեն հրավիրել մեր համերգներին, շփվել, այցելել իրենց տուն։ Ի դեպ, նշեմ, որ պարոն Երկանյանը և նրա տիկինը՝ Աննա Արևշատյանը, շատ հյուրընկալ ընտանիք են։ Պարբերաբար այցելում ենք իրենց։ Մոտ 14 տարվա մեր ընկերության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը։ Երբ ասում եմ Երվանդ Երկանյան, մտքումս միանգամից հետևյալ բնութագրերն են հայտնվում՝ Մարդ, քաղաքացի, մտավորական և արվեստագետ։ Երբ խոսում ենք Երվանդ Երկանյան մարդու մասին, պետք է հաշվի առնենք նրա կյանքի, այսպես ասած, դրամատիկ կողմը։ Նա ունեցել է կյանքի և՛ լուսավոր, և՛ դժվար պահեր։ Հաճախ է լինում, որ կյանքի և՛ լուսավոր, և՛ բարդ ընթացքները մարդուն իջեցնում են բարձր նշաձողից, բայց նա իր կյանքի բոլոր փուլերում մնացել է հիանալի մարդ։ Քաղաքացու առումով կցանկանամ նշել, որ հաճախ մարդու մեջ ուղղակի ներառում ենք քաղաքացուն՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին այն կերպարն է, ով պետք է իր քաղաքացիական պարտքը, դիրքորոշումն ունենա պետության և իրեն շրջապատող այլ իրողությունների նկատմամբ։

    Երվանդ Երկանյանի պարագայում կասեմ, որ նա բացառիկ քաղաքացու օրինակ է ազնվության տեսանկյունից, նա մտահոգ է պետության ու հայրենիքի յուրաքանչ յուր խնդրով։ Նա այն մտավորականն է, ով շատ չի խոսում և ավելի շատ իր գործին է տրված, սա քաղաքացու և մարդու վերաբերմունքն է իրականությանը, որում ապրում ենք: Նա ուղղակի եզակի արվեստագետ է, մեծ ոգու և ներշնչանքի տեր մարդ, արվեստագետ, ով անսպառ լիցքերով լիցքավորված մեզ այլ՝ մետաֆիզիկ աշխարհներից կարծես անվերջ փոխանցում է նյութեր, որոնք այլ լեզվով ուղղակի թարգմանելի չեն։ Դա այն երաժշտության լեզուն է, որի մոգական վարպետն է կոմպոզիտորը»,-ասում է «ԱՐԱՐ»-ի խմբավարը։

    Մեր զրույցի ընթացքում նա ևս մեկ՝ իրենց երգչախմբի համար կարևոր հանգամանք է առանձնացնում։ «ԱՐԱՐ»-ը պետական երգչախումբ չէ, բայց այս հանգամանքը որևէ կերպ չի խանգարում կոմպոզիտոր Երկանյանին մշտապես լինել իրենց կողքին։ «Ունենք պետական լավ որակի երգչախմբեր, և կոմպոզիտորներն ու ստեղծագործողները հակված են հաճախ իրենց ստեղծագործությունները նվիրել այդպիսի խմբերին, որոնք համարվում են պրոֆեսիոնալ։ Սա խորհրդային տարիներից եկած ձևակերպում է, այն է՝ երբ խումբը պետական է և ֆինանսավորվող, նա պրոֆեսիոնալ է, երբ պետական կարգավիճակ չունի, կարծես ոչ պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ այս մտածելակերպը մեր իրականության մեջ չլինի։ Եթե արվեստագետների ազատ ստեղծագործող խումբը չունի պետական ֆինանսավորում, դեռ չի նշանակում, որ իր գործին վերաբերվում է ոչ պրոֆեսիոնալ, մեր երգչախմբի պարագայում՝ առավել ևս։ Մեր առաջին նշաձողը պրոֆեսիոնալիզմն է։ Մեր՝ պետական կարգավիճակ չունենալը որևէ կերպ չի խոչընդոտել և խանգարել կոմպոզիտորին մեզ հետ լինել մտերիմ և ջերմ։ Կցանկանայի սա տարածվեր մյուս ստեղծագործողների վրա, որովհետև սա առանձնակի ջերմություն և ոգևորություն է արթնացնում յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մոտ, ով նկատում է իր թիկունքում կանգնած մտավորականների աջակցությունը»։

    «ԱՐԱՐ»-ի երգացանկում մշտապես ներառված են կոմպոզիտորի երեսունից ավելի ստեղծագործություններ։ «Եղել են համերգներ, որոնց ընթացքում հնչել են միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, մեր գրեթե բոլոր համերգներին, եթե դրանք չունեն կոնկրետ ուղղվածություն, մշտապես հնչում են նրա ստեղծագործությունները։ Հուրախություն մեզ, մեր սիրելի կոմպոզիտորը վերջին տարիներին հատկապես գրեթե միշտ ներկա է մեր համերգներին։ Դա և՛ մեզ, և՛ իր համար է կարևոր։ Ցանկանում ենք, որ մեր բարեկամությունը շարունակվի երկար տարիներ։ Մաղթում ենք նրան քաջ առողջություն, որպեսզի կարողանանք դեռ երկար վայելել իր ներկայությունը»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը։

    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.

    «Ժորան մեր ընտանիքներում առաջին թոռնիկն էր։ Շատ գեղեցկադեմ էր, հրաշալի բնավորություն ուներ, իրեն բոլորն էին սիրում։ Մայրական ու հայրական կողմերի համար իսկական «կռվախնձոր» էր՝ այդ բառի լավագույն իմաստով, բոլորն ուզում էին իրենց մոտ տանել, պահել, սիրել։ Շատ հանգիստ տղա էր, երբեք չէր խոսում իր արածի և ունեցածի մասին։ Շատ հումորով էր, անգամ «Լավագույն հումորիստ» պատվոգրի էր արժանացել միջոցառման ժամանակ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Հերմինեն։

    Ժորան ծնվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց շատ լավ է սովորել «Եկեղեցու պատմություն» և ՆԶՊ առարկաները։ «Դասարանում իրեն բոլորն էին շատ սիրում և հարգում, միշտ շրջապատված էր ուշադրությամբ։ Վեցերորդ դասարանում արդեն ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի անդամ էր, ստացել է վկայագիր՝ որպես ակումբի կրտսեր սերժանտ։ Բոլոր միջոցառումներին այնքան սիրով էր մասնակցում՝ լինեին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները, թե զորահանդես։ Յոթերորդ դասարանից նա սկսեց դուդուկի դասերի հաճախել։ Հատկապես շատ էր սիրում նվագել «Սարի աղջիկը»»։

    Դպրոցն ավարտելուց հետո Ժորան զորակոչվում է Հայկական բանակ։ «Ամուսինս մեկնում էր արտագնա աշխատանքի։ Ժորաս հաճախ էր ասում. «Մա՛մ, պապային ասա, թող տուն գա, էլ չգնա Ռուսաստան»։ Մենք էլ էինք գնում-գալիս Ռուսաստան, բայց Ժորաս այդ երկրում ապրելու միտքը չէր ընդունում։ Հիշում եմ, որ վերջին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Ժո՛ր ջան, բանակից գաս, գնաս պապայի մոտ, մի քիչ օգնես, որ մեր բոլոր նպատակները կարողանանք իրականացնել, քեզ ամուսնացնենք։ Ինքն արձագանքեց. «Մա՛մ, երբեք Հայաստանից չեմ գնա»։ Երբ իրեն հակադարձում էի, որ այստեղ գործ չկա, ասում էր. «Մեքենաս կվաճառեմ, կենդանիներ կպահեմ, բայց երբեք Հայաստանից չեմ գնա»։ Դա էլ այն դեպքում, երբ մենք երբեք անասնապահությամբ չենք զբաղվել, նա նման բան չէր տեսել։ Այսինքն, իր համար անծանոթ մի բանով կզբաղվեր, բայց այլ երկրում ապրելու մասին չէր մտածում անգամ»։

    2019 թվականի հուլիսի 4-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Եղնիկներում, որոշ ժամանակ հետո տեղափոխվել է Մարտակերտի «Ինտերնատ» զորամասի 5-րդ գումարտակ։ Ժորան եղել է շտապօգնության մեքենայի վարորդը։ «Փոքրուց մեքենա վարելու հետ սեր ուներ, դպրոցական տարիներին արդեն մեքենա էր վարում։ Հայրիկս վարորդ էր, իրեն հետն ամենուր տարել է։ Ապրում ենք Մեղրաձոր գյուղում։ Այստեղ ոստիկաններ չկային, մեքենաներին չէին կանգնեցնում, սիրում էր նաև գյուղում մեքենա վարել։ Դպրոցն ավարտելու կապակցությամբ իրեն մեքենա էինք նվիրել։ Վարելն իր տարերքն էր։

    Ժորս միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի։ Բանակ զորակոչվելու հետ կապված ամեն բան ինքնուրույն է արել։ Միայն եկավ ու մեզ ասաց՝ այսինչ օրը գնում եմ բանակ։ Զանգեցի ամուսնուս, ասացի՝ ամսի չորսին մեր տղան բանակ է գնում։ Հունիսի 27-ին նա վերադարձավ Հայաստան, երկու օրվա մեջ կազմակերպել ենք իր մկրտությունը։ Ասացի արդեն, որ շատ էր սիրում «Եկեղեցու պատմություն» առարկան. միշտ նշում էր՝ մկրտված չեմ, չեմ կարողանում եկեղեցու խորան բարձրանալ։ Անընդհատ դա էր շեշտում։ Ամուսնուս խնդրեցի՝ արի մկրտությունը կազմակերպենք, թող Ժորը մկրտված գնա բանակ, հետո մի փորձանք չլինի, ու ամբողջ կյանքս ինձ չներեմ, որ որդուս չմկրտեցի։ Ամեն ինչ կազմակերպեցինք, մեր տղան մկրտվեց։ Մյուռոնից իրեն հանեցինք և նույն օրը զորակոչվեց ծառայության։ Շատ սիրված է եղել նաև ծառայության ժամանակ։ Բժիշկներն ու բուժքույրերն այնքան սիրով են իր մասին խոսում։ Նշում են՝ տագնապ էին հայտարարում, Ժորան արդեն կազմ ու պատրաստ էր։ Ինքն էլ էր միշտ ասում՝ ոնց որ մեր տանը լինեմ։ Երկու անգամ արձակուրդ եկավ, շատ էր փոխվել, սիրունացել էր, հասունացել, չնայած միշտ է կազմակերպված ու հասուն եղել»։

    Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը մեր գյուղում իր համար կառուցվող տան տանիքի կառուցման աշխատանքներն էինք ավարտում։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգահարեց. «Մա՛մ, պապան գումար է ուղարկել, համով բաներ եմ գնել, որ քո ծնունդը նշենք»։ Ինձ էլ կարծես հրահանգեց. «Առավոտյան քույրիկին կուղարկես, թող տորթ գնի»։ Ես էլ իրեն համոզում էի՝ բանակից կգաս, պապան էլ կգա, մյուս տարի մեր նոր տանը ծնունդս կնշենք։ Բարկացավ, ասաց, որ հեռախոսը փոխանցեմ քրոջը։ Նրան էլ հրահանգեց, որ առավոտյան ինձ համար տորթ գնի։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, աղջիկս գնաց տորթի հետևից, մեկ էլ լուր ստացանք, որ պատերազմ է սկսվել։ Առաջին պահին չեմ պատկերացրել, որ լուրջ բան է, քանի որ գիշերն էինք խոսել։ Սկսեցի իրեն զանգել, չէր պատասխանում։ Հետո արդեն իմացանք՝ երբ տագնապ է հայտարարվել, իրենց հրամանատարը հերթապահ յոթ վարորդներին հրահանգել է իջնել նկուղները, մինչև հասկանան, թե ինչ է կատարվում։ Այդ ժամանակ իրենց բուժմասին արդեն հարվածած են եղել։ Ժորն ասել է. «Չեմ կարող թաքնվել, տղե՛րք»։ Գլխարկը տվել է Արտակին ու ասել՝ բուժմասից տղերքին պետք է դուրս բերեմ։ Վիրավոր տղերքին մի կերպ իջեցրել է, պառկեցրել աստիճանների մոտ, որ չվնասվեն, ինքն էլ վազել է դեպի ավտոպարկ, որ մեքենան դուրս բերի։ Չհասած ավտոպարկ՝ մեր «Ուրալները» պայթեցրել են։ Հարվածի ալիքից մեր տղան այրվել էր»։

    Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում է անմահացել Ժորան։ Սեպտեմբերի 30-ին նա արդեն տանն էր։ Մայրիկն ասում է՝ բայց ես իմ որդուն չեմ տեսել։ «19 տարեկան էր, բայց հիշողություններն այնքան շատ են, որ կարծես 50 տարի է ապրել։ Գյուղում մարդ չկա, որ իրեն ջերմությամբ չհիշի, չափսոսի իր համար»։

    Ժորան քույր և եղբայր ուներ, երբ զորակոչվեց ծառայության, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Մարկը, ծնվեց պատերազմից հետո։ Ծանրագույն օրերից մեկում է տիկին Հերմինեն իմացել, որ բալիկի է սպասում։ Միասնական ու ամուր ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել, որ կարողանան դիմակայել անասելի ցավին։

    Ապրելու ուժի մասին։ «Առաջին հերթին ինձ ուժ տվեց ամուսինս։ Նա ինձ դուրս բերեց ծանր վիճակից։ Եվ, իհարկե, երեխաներս։ Բոլորս ծանր օրերի միջով ենք անցել, բայց փորձում ենք ամուր մնալ ոտքերի վրա։ Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր»։

    Հ. Գ. – Ժորա Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մեղրաձորի հուշարձան-պուրակում։

    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում