Author: Balance2

  • Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ մեղադրելով Վաշինգտոնին մրցաշարը սեփական արտաքին քաղաքական նպատակներին ծառայեցնելու մեջ։ 

    Նախագահը պնդել է, որ ամերիկյան կողմը դրսևորում է կանոնների խախտման, մրցակիցների նկատմամբ ճնշումների, խոչընդոտների ստեղծման և խաբեության վարքագիծ, ինչը բնորոշ է նրա ավանդական քաղաքականությանը։

    «ԱՄՆ կառավարության վարքագիծը որպես Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչ հետևում է նրա ծանոթ արտաքին քաղաքականությանը՝ կանոնների խախտում, մրցակիցներին ահաբեկում, խոչընդոտներ ստեղծել և խաբեություն։ Իրանը մերժում է նման խաղերը։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները»,- գրել է Փեզեշքիանը X-ի իր էջում։

  • «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության 106 թեկնածու դիմել է ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկ

    «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության 106 թեկնածու դիմել է ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկ

  • ԿԸՀ-ն քննարկում է պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

    ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունները

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով դատախազի կողմից ներկայացվել է երկու միջնորդություն։ Դրանք վերաբերում են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։ Քանի որ թեկնածուներն օրենքով օժտված են անձեռնմխելիությամբ, իրավական գործընթացը պահանջում է ԿԸՀ պաշտոնական թույլտվությունը։

  • Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է



    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը:

    Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):


    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

    Նախագահ Վահագն Խաչատուրյան – Պարոն վարչապետ, ուրախ եմ այս հանդիպման համար: Մենք առիթներ ունեցել ենք խոսել ընտրություններից, իհարկե, շատ անգամ ենք խոսել, բայց շատ կարևոր է այսպես պաշտոնական, հրապարակային խոսել, որ նաև այս ֆորմատով մեր գնահատականները ներկայացվի։

    Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման առիթով, որովհետև այն, ինչ 2021 թվականին էր, դրանից հետո բոլորը, կներեք, որ այդպես եմ ասում, բայց բոլոր դեպքերում մտածում են, որ հերթական արտահերթ է, ոչ թե հերթական է լինելու, այլ արտահերթ ընտրություններ են լինելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ իշխանությունը հստակ մոտեցումներ ունի, ծրագիր ունի, նպատակներ ունի և դրանք իրականացնում է, քաղաքական ինստիտուտներն ու պետական ինստիտուտներն աշխատում են, և մենք եկել ենք հերթական ընտրությունների հանգրվանին, որը շատ կարևոր էր:

    Այս առումով, 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։ Պիտի սա էլ գնահատենք, և այդ առումով շատ կարևոր էր նաև, որ մեր քաղաքացիներն ականջալուր եղան և ակտիվ մասնակցություն ունեցան: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին քաղաքական այն ուժին, որնը այսօր մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Այս առումով, ուզում եմ շնորհավորել Ձեզ անձամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ արժանացան մեր քաղաքացիների վստահությանը և մեծամասնության ձայնի իրավունքով այսօր ձևավորվել է Ազգային ժողով, որը նաև կառաջնորդի մեզ առաջիկա հինգ տարիներին:

    Բայց մի կարևոր հանգամանքի եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև ինքս երկար ժամանակ հասարակություն-իշխանություն հարաբերություններով զուտ գիտական մակարդակով զբաղվում էի և ուզում էի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում և ինչպես է իրագործվում։ Տվյալ դեպքում այս ընտրությունները դրա արդյունքն էին, որ դա մի կողմից հինգ տարվա աշխատանքների գնահատականն էր, մյուս կողմից՝ այն սպասելիքների գնահատականները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր ժողովրդին այս նախընտրական քարոզարշավի ժամանակ։

    Եվ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների կողմից քվեներ է ստացել, որով առաջնորդվելու է Կառավարությունը, ձևավորվող իշխանությունը, որն ուղղորդելու է մեզ դեպի այնպիսի մի ապագա, որտեղ մենք, այսինքն՝ քվեարկողները վստահ են, որ Հայաստանում ունենալու ենք ավելի անվտանգ միջավայր, իսկապես բարեկեցիկ երկիր ենք դառնալու, և այդ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են, իրականություն են դառնալու:

    Վերջին հանգամանքը՝ սա էլ եմ ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, շնորհավորանքների համար և ուրախ եմ այս հանդիպման առիթով։

    Այո, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ և «Քաղաքացիական պայմանագիր»–ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե, ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։

    Իհարկե, միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե, սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կա Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

    Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

    Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

    Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե, մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։

    Իհարկե, խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն: Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչն, իհարկե, շատ կարևոր է:

    Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած՝ ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ։

  • Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին

    Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին

  • Պետդուման խuտացրել է Ռուսաստանում աշխատելու համար միգրանտներին ներկայացվող պահանջները

    Պետդումայի պատգամավորները հուլիսի 8-ի նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են կառավարական փոփոխություններ, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում աշխատանքային միգրանտների համար։

    Փոփոխությունները կատարվում են «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում։ Մասնավորապես, աշխատանքային միգրանտների եկամտի մակարդակը կվերահսկվի լիազորված գերատեսչությունների կողմից, և միգրանտները պարտավոր կլինեն ապահովել իրենց և Ռուսաստանում բնակվող ընտանիքի անդամներին՝ ոչ պակաս, քան տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույնի չափով։ Խախտման դեպքում օտարերկրացիներին չեն երկարաձգի արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը, և նրանք պետք է հարազատների հետ միասին լքեն Ռուսաստանը։

    Միգրանտների երեխաները Ռուսաստանում կկարողանան մնալ միայն ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով և եկամտահարկի (НДФЛ) կանխավճարը վճարելու պայմանով։ 18 տարին լրանալուց հետո միգրանտների երեխաները պետք է լքեն երկիրը կամ դիմեն արտոնագիր ստանալու համար։

    «Ձևավորվել է իրավական հիմք, որը թույլ կտա Ներքին գործերի նախարարությանը և այլ գերատեսչություններին արդյունավետորեն իրականացնել միգրացիոն քաղաքականությունը՝ ի շահ երկրի, մեր քաղաքացիների, և կարգուկանոն հաստատել», – ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

    Լիագումար նիստում նա հայտնել է, որ 2024 թվականից ի վեր Դուման այս ոլորտում ընդունել է 30 դաշնային օրենք, որոնցից 21-ը նախաձեռնել են պատգամավորները։ Նա խոստացել է, որ աշխատանքը կշարունակվի։

  • Իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին․ Նազիկ Ավդալյանը՝ Ծառուկյանի ձերբակալման մասին

    Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը.

    «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։

    Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի, և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»։

  • «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին





    Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

    «Իրանի կառավարության հրավերի շրջանակում Թեհրանում քննարկումներ էին լինում տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ։

    Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ իրանական կողմն անդրադարձավ Հայաստանի կառավարության վարքագծին՝ նշելով, թե իրենց համար տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ սիրախաղ, Թրիփ և այլն։

    «Ի՞նչ վեկտորներ ունի ձեր Փաշինյանը»,- հարցը ինձ ուղղեց իրանցի փորձագետը։

    «Մեր Փաշինյանը․․․»,- այսքանը հազիվ էի հասցրել արտասանել, երբ քննարկմանը մասնակից թուրք քաղաքագետներից մեկը տեղից արձագանքեց, թե․ «Yok, arkadas, o sizin Pasinyan degil, o bizim Pasinyan’dir!» (չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է)։

    Եզակի դեպքերից էր, որ ստիպված էի համաձայնել թուրքերի հետ։ Ասացի, որ ես ընդհանրապես թուրքերին զիջելու հակում չունեմ, բայց սա այն դեպքերից է, որ մեծ ուրախությամբ կզիջեմ։ Դրան թուրք գործիչն արձագանքեց․

    «11-րդ դարում այս տարածաշրջանում հայտնվելուց հետո թուրքերը արդեն 1000 տարի այստեղ են, բայց այդ 1000 տարվա մեջ կարող ենք 3 մեծ գործիչների անուն տալ, որոնք ճակատագրական փոփոխություն են բերել թուրքերի կյանքում։ Առաջինը Սելջուկն էր, որ Ալթայից թուրքերի նախնիներին բերեց այստեղ, երկրորդը Քեմալ Աթաթուրքն էր, որ ստեղծեց թուրքական հանրապետություն, ժողովրդին զարգացման ճանապարհի վրա դրեց, և երրորդը Նիկոլ Փաշինյանն է, որը գետնի վրա հիմք դրեց պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը՝ հանձնելով Արցախը և փաստացի ցամաքային կապ ստեղծելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, շուտով միջանցքի կարգավիճակով կհանձնի նաև Սյունիքը, և մեծ Թուրքիայի համար կբացվեն դարպասները դեպի Ռուսաստանի հարավ, դեպի Չեչնիա, Դաղստան, դեպի Ղազախտան ու բնականաբար՝ Ալթայ։ Հայաստանն այդ ճանապարհին մեծ ոսկոր էր, և ավելի քան 100 տարի թուրքերը չէին կարողանում կուլ տալ այդ ոսկորը։ Փաշինյանը ջարդեց այդ ոսկորը։ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թուրքերի՛ Փաշինյանը»։

    Ծանր լռություն իջավ քննարկման մասնակիցների վրա, իսկ քիչ անց իրանցիներից մեկը բարձրաձայն ցավակցեց հայ ազգին»։



    դիտվել է 758 անգամ

  • Վասիլիս Մարագոս. Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում

    Հայաստանը գտնվում է իր ժամանակակից պատմության շրջադարձային կետում՝ ձգտելով վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դիրքը, խորացնել կապերը Եվրոպական միության հետ եւ հաղթահարել աճող տարածաշրջանային եւ ներքին մարտահրավերները։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի համար պահի նշանակությունը դուրս է դիվանագիտության սահմաններից։

     

    «Հայաստանը կարեւոր ուղերձ հղեց Եվրոպային»,- ասել է նա եվրոպական երեք լրատվամիջոցներին տված բացառիկ հարցազրույցում։

     

    – Վերջերս Դուք հայտարարեցիք, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ավելի է մոտենում իր եվրոպական ապագային, թեկուզ որոշ ոլորտներում։ Եվ ինչպե՞ս է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին հզորացնել իր տնտեսությունը եւ նվազեցնել Ռուսաստանից նախկինում ունեցած կախվածության հետ կապված հնարավոր ռիսկերը:

     

    – Մենք մեկնարկել ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործընթաց՝ բոլոր ասպարեզներում։ Սա առաջադրանք էր, որը Եվրոպական խորհրդի շրջանակում մեզ տրվել էր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից։ Ելնելով դրանից՝ մենք ակտիվ համագործակցել ենք Հայաստանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող ենք անել միասին։ Դա արդեն հանգեցրել է նրան, որ վերջին երեք տարում մենք մի քանի առաջատար նախագծեր ենք սկսել Հայաստանի հետ։

    Լուսանկարը` EU

    Մեր կողմից օգտագործվող հիմնական գործիքը 270 միլիոն եվրո բյուջեով Դիմակայունության եւ աճի ծրագիրն է։ Այս մասին հայտարարվել է 2024 թվականի ապրիլին եւ այժմ այն մոտ է իրականացմանը։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը տնտեսական ոլորտում, էներգետիկայի ասպարեզում, հասարակության մեջ, ինչպես նաեւ ամրապնդել մասնավոր հատվածին եւ ենթակառուցվածքներին ուղղված աջակցությունը։

     

    – Ի՞նչ գործնական նշանակություն ունի այն Հայաստանի տնտեսության համար։

     

    – Առեւտրի եւ էներգետիկայի առնչությամբ կարող եմ հիշատակել մեր ուշադրության կենտրոնում գտնվող որոշ ոլորտներ։ Առաջինն աջակցությունն է արտադրանքի եվրոպական ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ է տալիս հայկական արտադրանքն ու ապրանքները դուրս բերել նոր շուկաներ:

     

    Հայաստանի տնտեսական եւ առեւտրային քաղաքականության նպատակներից մեկը ներդրումների եւ առեւտրի դիվերսիֆիկացիան է, եւ ԵՄ աջակցությունը կենտրոնանում է այս երկուսի վրա։

     

    Այնպես չէ, որ մենք դեմ ենք կոնկրետ հարաբերությունների։ Իհարկե, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որի մասին դուք նշեցիք, մենք համագործակցում ենք Հայաստանի հետ՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։

     

    Այսպիսով, սա իրականում կոչված է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների նկատմամբ սահմանված միջոցառումների պահպանմանը, եւ Հայաստանը խիստ հավատարիմ է դրան։ Դեռեւս կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դա երկկողմ համագործակցության շատ կարեւոր ոլորտ է։

     

    Սակայն Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր շուկաները, որպեսզի վստահ լինի, որ, օրինակ, որոշակի առեւտրային հարաբերություններում գերկախվածության դրսեւորում չկա: Եվ այստեղ մենք նույնպես օգնում ենք նրանց։

     

    – Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ։

     

    Միայն անցյալ տարի մենք տեխնիկական օգնության միջոցով խորհրդատվություն ենք տրամադրել ավելի քան 40 ձեռնարկությունների՝ այլ շուկաներ արտահանելու վերաբերյալ։ Այս ընկերությունները կարող են մեծացնել իրենց արտահանումը ԵՄ։

    Լուսանկարը` EU

    Սա ցույց է տալիս, որ ներուժ կա, բայց նաեւ ներդրումներ են պահանջվում։

     

    – Ի՞նչ աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին:

     

    – Բոլորովին վերջերս մենք երաշխիքային համաձայնագիր ստորագրեցինք Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերի հետ։

     

    Մենք համագործակցում ենք բանկային հատվածի հետ՝ մասնավոր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի կողմից մասնավոր հատվածին տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 330 միլիոն եվրո։ Ստեղծվել է ավելի քան 27,000 աշխատատեղ։

     

    Այսպիսով, գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։

     

    Եվ, բնականաբար, վերջնական արդյունքը կախված է նաեւ հայ ժողովրդի նորարարական եւ ձեռնարկատիրական ոգուց։

     

    – Էներգետիկ անվտանգությունը շարունակում է լինել Հայաստանի հիմնական խոցելիություններից մեկը: Ի՞նչ է անում ԵՄ-ն այս ոլորտում:

     

    – Էներգետիկայի ոլորտում մեր ներդրումների հիմնական ուղղություններից մեկը փոխկապակցվածությունն է, որի շրջանակում շատ կարեւոր ընթացիկ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը՝ ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր ներդրումով։ Այն ուղղված է Վրաստանի հետ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանից արտահանել վերականգնվող էներգիա։

    Լուսանկարը` EU

    Այս ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարվել Վրաստան հասնելու համար, քանի որ, ինչպես գիտեք, սա միակ բաց սահմանն է դեպի Արեւմուտք։

     

    Հաջորդիվ, իհարկե, այլ շուկաներն են, մասնավորապես՝ «Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությունը, որին Հայաստանը հավակնում է մասնակցել։ Այն դեռեւս չի կառուցվել։ Այն կկապի Հարավային Կովկասը ԵՄ-ի հետ եւ ունի ներուժ՝ նպաստելու հավակնոտ կանաչ նպատակների իրականացմանը՝ հնարավորություն տալով Հարավային Կովկասից արտահանել կանաչ էներգիա։

     

    – Հայ պաշտոնյաները հաճախ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ որպես ռազմավարական կարեւորություն ունեցող հարցի մասին: Արդյոք ԵՄ-ն իրատեսակա՞ն է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների եւ տրանսպորտային կապերի բացումը առաջիկա տարիներին:

     

    – Իհարկե: Բացարձակ իրատեսական:

     

    – Արդյոք ԵՄ-ն ինչ-որ դեր ունի՞ այդ գործընթացում։

     

    ԵՄ-ն որեւէ դեր չունի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցություններում։ Սակայն ԵՄ-ն շատ կարեւոր դեր ունի միջտարածաշրջանային ավելի լայն փոխկապակցվածության ապահովման գործում։

     

    Հետագայում կլինեն նաեւ կապակցվածության ֆորումներ, որոնց կմասնակցի Հայաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրներ։

     

    Այսպիսով, այս գործընթացը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաեւ Հայաստանը՝ որպես հանգույց, Միջին միջանցքի մնացած մասի հետ կապելու մասին է։ Ավելի շատ գործընկերների ներգրավվածությունը ստեղծում է փոխկախվածություն, բայց նաեւ՝ ավելի մեծ անկախություն։

     

    Անշուշտ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ տեղական համայնքների համար։

     

    Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աջակցել ենք սահմանի երկու կողմերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ առեւտրի պալատների միջեւ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր ֆինանսական գործիքները նաեւ ներդրումները խթանելու համար՝ ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում:

     

    ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի կարեւոր արդյունքներից մեկն այն հայտարարությունն էր, որ մենք աշխատելու ենք երեք սահմանային անցակետերի կառուցման վրա։ Դրանցից մեկը Ադրբեջանի հետ սահմանին է՝ հարավում։

    Լուսանկարը` EU

    Մյուս երկուսն առնչվում են հայ-թուրքական սահմանին։ Մեկը գտնվում է Մարգարայում, որտեղ արդեն իսկ գոյություն ունեն որոշակի ենթակառուցվածքներ, բայց մենք պատրաստ ենք աջակցել դրա ընդլայնմանը։ Երկրորդն Ախուրիկն է, որը նախատեսվում է դարձնել Կարսի եւ Գյումրիի միջեւ նոր սահմանային անցակետ։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք այժմ գտնվում են միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մշակման փուլում։

     

    – Արդյո՞ք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը խորհրդանշական նշանակություն ունեին Հայաստանի միջազգային դիրքորոշման համար։

     

    – Այո՛։ Առաջին անգամ մասնակցություն ունեցանք նաեւ Կանադայի կողմից։ Դա եւս կարեւոր ազդանշան էր։

     

    Կարծում եմ, որ այստեղ մենք ուղերձ հղեցինք հայ հանրությանը՝ համերաշխության եւ աջակցության ուղերձ։ Բայց ես նաեւ կարծում եմ, որ հայ հանրությունն ու Հայաստանի ներկայացուցիչները եւս ուղերձ են փոխանցել Եվրոպային առ այն, որ Հայաստանն այստեղ է, Հայաստանը կա, Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում։

     

    Եվ ես առավել քան վստահ եմ, որ ժողովրդավարությունը հենց այն է, երբ քաղաքական առաջնորդները քննարկում են քաղաքացիների մտքում եղած հարցերը։

     

    Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ

     

    Հարցազրույցը՝ https://euneighbourseast.eu/ նախագծի