Author: Balance2

  • «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում նա Եկատերինբուրգում մասնակցեց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և շուրջ մեկուկես ժամ տևած առանձնազրույց ունեցավ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հայաստանյան փորձագիտական և քաղաքական դաշտում բուռն քննարկումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։

    Այս հանդիպման և դրա հնարավոր հետևանքների շուրջ ներկայում ամենատարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ են հնչում, սակայն վերլուծական շրջանակների գերակշիռ մասը հակված չէ այս ամենի մեջ տեսնել լոկ սովորական տնտեսական բաղադրիչ կամ պարզ ցուցահանդեսային մասնակցություն։ Ընդհակառակը, շատերի բնորոշմամբ, Եկատերինբուրգ մեկնելու իրական նպատակը քաղաքական առևտրի հերթական փորձն էր և յուրօրինակ «օստապբենդերություն», որտեղ գործող իշխանությունը փորձում է իրարամերժ խաղերի ու դիվանագիտական մանիպուլ յացիաների միջոցով սեփական քաղաքական գոյատևման հարցերը լուծել։ Քննադատները շեշտում են, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից ընդունելության ձևաչափն ու Կրեմլի հետ ուղիղ երկխոսության բացակայությունն արդեն իսկ հստակ ապացույց են, որ պաշտոնական Մոսկվան այլևս չի տրվում նման էժանագին քաղաքական հնարքներին, և տնտեսական հարթակներում կայացող քննարկումները չեն կարող քողարկել անվտանգային ու ռազմավարական ոլորտներում առկա լրջագույն անդունդը։

    Այս ամենի համատեքստում իրավիճակին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, որը «Փաստի» հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը՝ այն որակելով երկդիմի ու պետության համար վտանգավոր։

    Գեներալի ձևակերպմամբ, Փաշինյանի այցը Ռուսաստան ոչ թե պլանավորված, հավասարակշռված պետական քաղաքականության արդյունք էր, այլ ստիպված ու վախեցած քայլ, քանի որ նա մեկնել էր այնտեղ՝ այլևս ելք չունենալու պատճառով, երբ Արևմուտքից ստացվող խոստումները չեն իրականանում, իսկ տնտեսական ու անվտանգային իրականությունը ստիպում է հետ նայել դեպի Ռուսաստան։

    Այս այցը ևս մեկ անգամ ի ցույց դրեց գործող քաղաքականության սնանկությունը, քանի որ չի կարելի հակառուսական հիստերիա հրահրել երկրի ներսում, փորձել դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո վազել ՌԴ՝ հարցեր լուծելու։ Գեներալ-մայորը շեշտել է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է խաղալ երկու ճակատով՝ հույս ունենալով խաբել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, սակայն նման աշխարհաքաղաքական առևտուրը կործանարար է Հայաստանի պես փոքր երկրի համար, որն ունի անվտանգային լուրջ խնդիրներ։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ով է իրենց դիմաց նստած, և այնտեղ չեն հավատում Փաշինյանի ժպիտներին կամ հավաստիացումներին, քանի որ երբ ցերեկը Արևմուտքի ներկայացուցիչների հետ քննարկվում է ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, իսկ երեկոյան մեկնում են Ռուսաստան ու խոսում համագործակցությունից, դա ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքական տգիտություն։ Անդրադառնալով հանդիպման տնտեսական կողմին՝ նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ, և Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ փոքր տնտեսական սահմանափակումները կարող են կոլապսի ենթարկել Հայաստանի տնտեսությունը, ինչն էլ նրան ստիպում է ժամանակ առ ժամանակ մեկնել ՌԴ։ Սակայն ամենամեծ ձախողումը վերաբերում է անվտանգության ոլորտին, քանի որ վարած քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրել է իր ռազմավարական դաշնակցի լիարժեք վստահությունը, բայց փոխարենը Արևմուտքից այդպես էլ չի ստացել անվտանգության իրական, գործնական երաշխիքներ։ Գեներալը եզրափակել է միտքը՝ նշելով, որ քանի դեռ Հայաստանում իրականացվում է անկանխատեսելի և արկածախնդիր արտաքին քաղաքականություն, երկիրը շարունակելու է մնալ հարվածների տակ, իսկ ռուսաստանյան վերջին այցը որևէ բեկումնային արդյունք չի տվել և չէր էլ կարող տալ, քանի որ գործող վարչախմբի նկատմամբ վստահությունը սպառված է բոլոր կողմերից։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Քանի օր է՝ Հայաստանում ակտիվորեն ֆաշիստական թեզ է շրջանառվում․ Ռուբեն Մելիքյան

    Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները․ սոցցանցի իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

    «Նախ, վերլուծենք այս թեզը տրամաբանության դիրքերից։ «Ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են մարդու հիմնարար իրավունքները։ Ուստի «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է։

    Այժմ վերլուծենք այս թեզը բարոյականության դիրքերից։ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ու էական չէ, թե ո՛րն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շահը (բոլշևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի։ Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան։

    Անցնենք թեզի իրավական կողմին։ Այն օրը, երբ մեր երկրում իրավապահ համակարգը դուրս գա կախյալ վիճակից, նույն օրն այդ թեզն ակտիվորեն շրջանառողները կարող են մեղադրվել, օրինակ, սահմանադրական կարգի տապալման կոչի համար, քանի որ նրանց ասածը փաստացի նշանակում է դադարեցնել Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը («Հայաստանի Հանրապետությունը […] իրավական պետություն է»)՝ կեղծ հակադրություն ստեծելով նույն հոդվածում ամրագրված մեկ այլ դրույթի հետ («Հայաստանի Հանրապետությունը […] ժողովրդավարական […] պետություն է»)։

    Ուշադիր լինենք և արձանագրենք այդ ֆաշիստական թեզն ակտիվորեն շրջանառողներին։ Հուշեմ մի քանի բանալի բառեր՝ «Պուտին», «ինքնաշխանություն», «Կրեմլ», «ռսաստրուկ»»,- նշում է նա։

     

     

     

  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

    Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյան հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում չի ցանկացել շարունակել գործունեությունը նոր կազմավորվելիք կառավարության կազմում։

    Նա անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին. «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք․ լուծումներ կլինեն»,- ասել է վարչապետը և հավելել, որ այդ մասին կտեղեկացնեն։

  • «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից


    Մամուլի տեսություն



    «Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարան անցած ընդդիմադիրների մոտ պարզվում է՝լուսաբացները բավական թեժ են։ Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես «ուժեղների» թիմում մեծ մասը Նարեկ Կարապետյանի` «մանդատը տոմս է դեպի կալանավայր» հայտարարությունից հետո հրաժարվում են մանդատներից։

    Ընդ որում՝ մանդատներից հրաժարվում են թիմի քիչ թե շատ փորձառություն ունեցող անձինք»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



  • Եվրախորհրդարանը 1974 թվականի Կիպրոսի թուրքական ներխուժումը պատերազմական հանցանք է ճանաչել | Քաղաքականություն

    Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել 1974 թվականի Կիպրոսի թուրքական ներխուժումը պատերազմական հանցանք ճանաչելով։

    Տեղեկատվության համաձայն՝ Եվրախորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի կողմից ներկայացված բանաձևը փաստագրում է սեռական և սոցիալական բռնության տարբեր ձևեր, որոնց ենթարկվել են Կիպրոսի կանայք։ 

    Եվրախորհրդարանը դատապարտում է թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային մասի շարունակվող օկուպացիան, կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, փոխհատուցում վճարել և աջակցություն ցուցաբերել տուժածներին։

  • Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»





    Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ այդ փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետ է, տեղը չի գտնում, չգիտի էլ՝ ինչ պետք է անի, ինչպես անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է՝ փաստորեն էս քարտեզն էլ իրենց սրտով չի, տեսնեմ էլ ոնց խեղեմ, իր օգտին փոխեմ, էլ ինչ անեմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

     «Այդ փաստաբանության ճանապարհին հորինվում են ամենապրիմիտիվ ու անհեթեթ «մուտիտները», թե բա սա չտանք, սա չեն տա։ Հանձնված ո՞ր հողակտորի դիմաց եք դու բան ստացել Ադրբեջանից, ինչ տվել եք, փոխարենը դրա հազարապատիկ մեծացած ախորժակն եք ստացել։ Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց ազգային նոր նպատակն է»։ Նա չի տեսնում, որ Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունները գրեթե էլ չեն օգտագործում «Հայաստան» բառը, երբ Հայաստանի մասին են խոսում, հորինել են իրենց տված նոր անունը՝ զավթողական նկրտումներ ունեցող, ու դա են կիրառում։ Իսկ զավեշտն ու անհեթեթությունն այն է, որ Ալիևի հորինովի տերմինը, դրա ներքո դրվող քարտեզն իր մասշտաբներով ավելի մեծ է, քան «Քանդենք պետությունը» կուսակցության կողմից շարունակ փոփոխվող ՀՀ քարտեզը։

    Բացեք, փաստաբաններով կարդացեք Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիս ամսվա 80 հոդվածները՝ այդ թվում պաշտոնյաների հայտարարությունները։ Չնայած՝ չէ, մի կարդացեք, դրանից հետո միգուցե ավելի ակտիվ սկսեք փաստաբանություն անել՝ հակառակորդի օգտին, քանի որ, ոնց նայում եմ, ձեր ուղեղում գերակա են հենց ադրբեջանական խոսույթները, դուք դրանցով եք առաջնորդվում։

    Այդուհանդերձ՝ Ալիևին տված ձեր անվերջ, անթիվ խոստումների հաշիվը բավական է իմ երկրի, իմ պետության, իմ ազգային արժանապատվության հաշվին փակեք։ Ձեզ այդ քվեն չէին տվել ոչ 2018-ին, ոչ 2021-ին, ոչ էլ առավել ևս՝ 2026-ին, երբ հարկադրված էիք ընտրություններ կեղծել՝ իշխանություն պահելու համար։ Դուք Հայաստանը ադրբեջանական մոդելով ու կամքով խեղելու քվե չունեք»,-գրել է նա։




    դիտվել է 322 անգամ

  • Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը

    Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը արդեն պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։

    Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

    Արզաքանցյանն ու Ռոտենբերգը միասին ապրել են 8 տարի, մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։

  • Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»



    Վերլուծական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Այս օրերին ինտենսիվ քննարկվում է, թե ով այլևս նախարար չի լինի, ով կդառնա նախարարական «բաղձալի» աթոռի տեր, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ով «խաղից դուրս» կմնա և այլն: Նախորդ համարում ներկայացրել էինք նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի մանրամասները: Իսկ ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու կառավարությունը:


    Նախ՝ նշենք, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սա նշանակում է, որ օգոստոսի 3-ին կնշանակվի վարչապետ:


    Ճիշտ է, Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, սակայն կարծում ենք՝ այդ գործընթացը կտևի առավելագույնը 2-3 օր: «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան»,-գրված է Սահմանադրության մեջ: Հաշվի առնելով նախկին փորձը, որ գործող նախագահը վարչապետի կողմից առաջարկ ստանալուն պես րոպեների ընթացքում ստորագրում է համապատասխան հրամանագրերը, ապա պետք է ենթադրել, որ կառավարությունը ձևավորված կլինի առավելագույնը մինչև օգոստոսի 8-ը:

    Ըստ Սահմանադրության, կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դժվար է ասել՝ ինչ ժամկետներում կներկայացվի կառավարության ծրագիրը, արդյո՞ք կսպասեն մինչև քսանօրյա ժամկետը: Եթե այդպես լինի, ապա կստացվի, որ կառավարության ծրագրի քննարկումները տեղի կունենան օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել սաուդացի գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, որի ընթացքում քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումներից հետո տարածաշրջանային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

    Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

    Հեռախոսազրույցը Թեհրանի և տարածաշրջանի երկրների միջև շարունակական դիվանագիտական ​​շփումների մաս էր կազմում։