Blog

  • Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»

    Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև նոր ձևավորված Ազգային ժողովը դեռ ամբողջությամբ չի սկսել իր աշխատանքը և դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, արդեն գործընթացներ են սկսվել պատգամավորների նկատմամբ։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս օրերին աշխատում է ընդդիմադիր երկու պատգամավորների վերաբերյալ միջնորդությունների վերջնական փաթեթների վրա և մտադիր է դրանք ներկայացնել արդեն նոր ձևավորված խորհրդարանին։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։

    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու միջնորդությունների վրա աշխատանքն արդեն ավարտական փուլում է։ Մեր զրուցակիցների պնդմամբ՝ դատախազությունում փաստաթղթերի նախապատրաստման հիմնական աշխատանքներն արդեն իրականացվել են, և նախատեսվում է, որ դրանք կներկայացվեն Ազգային ժողովին՝ վերջինիս լիարժեք ձևավորումից հետո։

    Թե հատկապես ինչ իրավական հիմքերով են պատրաստվում ներկայացվել այդ միջնորդությունները, ինչ քրեական վարույթների շրջանակում են դրանք կազմվում և ինչ գործողություններ են նախատեսվում պատգամավորների նկատմամբ, առայժմ պաշտոնապես չի հրապարակվում։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունների առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ խնդրելով պարզաբանել, արդյոք իսկապես նման միջնորդություններ են նախապատրաստվում, որոնք են դրանց իրավական հիմքերը և ինչ փուլում են գտնվում գործընթացները։

    Սակայն դատախազությունից մեզ հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր։

    «Ժողովուրդ»-ն արդեն գրավոր ուղարկել է իր հարցադրումները ՀՀ գլխավոր դատախազություն և պատրաստ է ամբողջությամբ հրապարակել ստացված պատասխանը՝ այն ստանալուն պես։

    Մինչ այդ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հրապարակային ելույթներում կոշտ գնահատականներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ նրանցից մի քանիսին բնորոշելով որպես «եռագլուխ պատերազմի կուսակցություններ»։ Այդ քաղաքական գնահատականներին հետևել են իրավական ռեպրեսիաներն ու բանտարկությունները։

    Փաստորեն, դրանք շարունակվելու են. Փաշինյանը, ըստ ներկայացված պնդումների, մտադիր է իր ընդդիմախոսներին հերթով բանտ ուղարկել»։

  • Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»



    Տնտեսություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման մեջ։


    Ներկայում օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգը սահմանված է կառավարության թիվ 751Ն որոշմամբ։ Գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50 հազար դրամ)։ Գործընթացի կազմակերպումը ներկայում իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։ Հայաստանի գործող շեմը (մոտ 120 եվրոյին համարժեք) ավելի բարձր է, քան բազմաթիվ մրցակից զբոսաշրջային ուղղություններում կիրառվող շեմերը, ինչն էապես սահմանափակում է համակարգի հասանելիությունն ու արդյունավետությունը։ Գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել նվազագույն շեմը, ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել, ապահովել գործընթացի թվայնացում և արագացում։ Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։


    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավում՝ մանրածախ առևտրի ոլորտի ակտիվացման, ՓՄՁ-ների ներգրավվածության բարձրացման, զբոսաշրջիկների ծախսերի աճի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային և առևտրային գրավչության բարձրացման միջոցով։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Ամերիկյան ճարտարագիտական ընկերությունն ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

    Ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական AECOM ընկերությունն ուսումնասիրել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (ԹՐԻՓՓ) տեղանքը։ 

    Այդ մասին հուլիսի 10-ին տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

    «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

    2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է «Թրամփի ուղի» կամ TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։

  • Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» մարզական համալիրում խոշոր…

    Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» մարզական համալիրում խոշոր…

  • Պատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան

    «Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք խնդիր ունենք պատրաստվելու այն իրավիճակին, որ արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մեկ շուկայից անհամաչափ կախում չունենանք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հավելելով, որ եթե մենք դեպի տասնյակ շուկաներ որևէ բան ենք արտահանում, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող ազդել մեր շուկայի վրա։

    Նրա խոսքով՝ ամեն ինչի պարագայում պետք է գործել այդ տրամաբանությամբ։ «Եվ սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- շեշտել է նա։

  • «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել



    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են ընտրելու, եւ չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել: Իսկ առաջադրման վերջնաժամկետը նախօրեին էր։

    Ըստ տեղեկությունների՝ առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանի մասին էլ են խոսում, թեպետ նա 2 օր առաջ համառորեն հերքեց, որ չի առաջադրվելու։ Ինքը՝ Քոչարյանը, օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարություններ արեց: Մոտավորապես հայտնեց, որ եթե այդ պաշտոնի թեկնածության հարցը լուծվի խմբակցությունում, ինքը կառաջադրվի։ Հայտնի է, որ հարցը խմբակցությունում չի որոշվելու, այլ՝ ՔՊ վարչությունում: Մտերիմների կարծիքով, Քոչարյանը չի առաջադրվել՝ համարելով, որ կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը, նախապատվությունը կտա կուսակցականներին, իսկ ինքն անկուսակցական է։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video)

    «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video)

  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին

    Մեղադրյալի աթոռին է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը, գրում է «Լուրեր»-ը։

    Նա, մի քանի հոգու հետ հանցակցությամբ, Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1,3 հեկտար հողատարածքի։ Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը:

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»



    Վերլուծական


    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։

    Այդ ճնշումներն արտահայտվում են նաև ունեցվածքը, սեփականությունը խլելու միջոցով, որոնցից ամենաթարմ ու խոշոր դեպքերից է ՀԷՑ-ի «պետականացումը», իսկ հիմա էլ նույնը կատարվում է «Արարատցեմենտի» հետ։ Այս օրերին զուգահեռ ստուգումներ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում։ Որոշ ժամանակ առաջ էլ, կհիշեք, նման ստուգումներ էին իրականացվում «Տաշիր» ընկերությունների խմբում: Այն, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ մեկը չի էլ կասկածում: Բայց հավել յալ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում հարկայինի կողմից եղել են պլանային ստուգումներ վերոնշյալ ընկերություններում, և… խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ «վերստուգումն» ու ինչ-որ բաներ «հայտնաբերելն» ինքնին փաստում է այս գործընթացի քաղաքական ուղղվածության և մեկ անձի հրահանգները ամեն գնով կատարելու ձգտման մասին։

    Այս ամենը պարզ ու հասկանալի է: Սակայն հարցն այն է, որ քաղաքական մոտիվացիայով նման գործողությունները նաև տնտեսական լուրջ հետևանքներ են ունենում։ Ընդ որում, ոչ միայն տվյալ ընկերությունների կամ գործիչների համար, այլ երկրի ու ժողովրդի: Առաջին հերթին խնդիրը վստահության պակասի խորացումն է, ինչի արդյունքում ներդրողներն ու գործարարները շահագրգռված չեն լինի գործ սկսել կամ բիզնեսը զարգացնել Հայաստանում, քանի որ ոչ ոք վստահ չէ, որ «մի պայծառ օր» մեկ անձի քմահաճույքով խնդիրներ չեն ստեղծվի իր գործունեության համար։ Մյուս կողմից էլ՝ նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից: Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ «բաներ կանեն», կարող են ազատվել աշխատանքից։

    Վերջապես՝ ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Պատահական չէ, որ սեփականության իրավունքը ժամանակակից իրավական պետության և ազատ տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այն ոչ միայն սահմանադրական կարգավորում է կամ իրավական նորմ, այլև հասարակության, տնտեսության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության առանցքային չափանիշ։ Այն երկրներում, որտեղ քաղաքացին վստահ է, որ իր օրինական ճանապարհով ձեռք բերված գույքը պաշտպանված է օրենքով, ձևավորվում է ներդրումային առողջ միջավայր, ընդլայնվում է գործարար ակտիվությունը, մեծանում է աշխատատեղերի թիվը և ամրապնդվում է սոցիալական կայունությունը։ Իսկ այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը սկսում է կախված լինել քաղաքական իրողություններից, իշխանությունների վերաբերմունքից կամ ընտրովի իրավակիրառությունից, առաջանում են խորքային ռիսկեր, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն առանձին անձանց, այլ ամբողջ պետության տնտեսական, իրավական և քաղաքական համակարգի վրա։ Հենց այս համատեքստում սեփականության իրավունքի ապահովման թեման դառնում է առավել քան արդիական, հատկապես այն պայմաններում, երբ հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի ընկալում, որ յուրաքանչյուրի սեփականությունը կարող է հայտնվել բռնագանձման կամ այլ միջամտությունների վտանգի ներքո։

    Սեփականության անձեռնմխելիության սկզբունքը պատմականորեն ձևավորվել է այն համոզմունքից, որ պետությունը պետք է լինի ոչ թե սեփականության սպառնալիքը, այլ դրա երաշխավորը։ Եթե գործարարը կամ հասարակ քաղաքացին վստահ չէ, որ վաղը չի զրկվելու իր ունեցվածքից կամ ստիպված չի լինելու տարիներով դատարաններում պաշտպանել իր սեփականությունը, ապա նա չի պատրաստվի երկարաժամկետ ներդրումներ կատարել, արտադրություն զարգացնել, նոր ձեռնարկություններ հիմնել կամ ընդլայնել իր տնտեսական գործունեությունը։

    Մյուս կողմից՝ երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ օրենքը գործում է ոչ բոլորի նկատմամբ նույն չափանիշներով, այլ տարբեր կերպ՝ կախված անձից կամ քաղաքական իրավիճակից, ապա դա հարվածում է արդարության և արդարադատության նկատմամբ վստահությանը։ Ընտրովի արդարադատությունը նույնիսկ կարող է ավելի վտանգավոր լինել, քան բազմաթիվ առանձին իրավական սխալներ։ Եթե քաղաքացին սկսում է մտածել, որ օրենքի կիրառման հավանականությունը կախված է ոչ թե իր գործողություններից, այլ քաղաքական դիրքորոշումից, ապա իրավական անվտանգությունն աստիճանաբար փոխարինվում է քաղաքական սեգրեգացիայով։

    Արդյունքում առաջանում է նաև մեկ այլ վտանգավոր երևույթ։ Յուրաքանչյուր գործարար, ներդրող կամ պարզապես որոշակի սեփականություն ունեցող քաղաքացի սկսում է գնահատել ոչ միայն շուկայի տնտեսական ռիսկերը, այլ նաև քաղաքական ռիսկերը։ Կապիտալը, ի տարբերություն բազմաթիվ այլ ռեսուրսների, չափազանց զգայուն է ոչ միայն անորոշության, այլև առարկայական ռիսկերի նկատմամբ։ Այն միշտ շարժվում է այնտեղ, որտեղ առավել կանխատեսելի են խաղի կանոնները։ Ոչ մի գործարար չի ցանկանա տարիներով ստեղծված բիզնեսը պահել այնպիսի միջավայրում, որտեղ մշտապես առկա է սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության վտանգի զգացողություն։ Նույնիսկ եթե այդ վտանգը երբևէ չիրականանա, դրա գոյության մասին ընկալումն արդեն բավական է ներդրումային ծրագրերը վերանայելու, կապիտալի մի մասը դուրս բերելու կամ նոր ներդրումներից հրաժարվելու համար։

    Սա արդեն միայն առանձին քաղաքացիների խնդիր չէ։ Սա դառնում է ազգային տնտեսության խնդիր։ Կապիտալի արտահոսքը նշանակում է նոր արտադրությունների չստեղծում, նոր աշխատատեղերի բացակայություն, հարկային մուտքերի նվազում, արտահանման հնարավորությունների սահմանափակում և տնտեսական աճի դանդաղում։ Երկարաժամկետ հեռանկարում նման գործընթացները կարող են հանգեցնել երկրի մրցունակության նվազման, քանի որ միջազգային ներդրողները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակին և դատական համակարգի անկախությանը։

    Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ տարիներ առաջ քաղաքական հռետորաբանության մեջ հաճախ օգտագործվում էր «փայ մտնելու» արտահայտությունը՝ քննադատելով բիզնեսի նկատմամբ ապօրինի ազդեցության որոշակի մեխանիզմները։ Սակայն այսօր հանրային քննարկումներում հաճախ հնչում են գնահատականներ, որ ձևավորվող միջավայրը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ տնտեսվարողները կրկին սկսում են մտածել, թե իրենց գործունեության անվտանգությունը կախված է ոչ միայն օրենքից, այլ նաև քաղաքական հարաբերություններից։ Եթե նման ընկալումը խորանում է, ապա այն դառնում է տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ, որովհետև ցանկացած բիզնես առաջին հերթին պահանջում է կանխատեսելիություն։

    Ժամանակակից աշխարհում երկրների միջև մրցակցությունն ընթանում է ոչ միայն հարկային դրույքաչափերի կամ աշխատուժի արժեքի շուրջ։ Ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում իրավական ինստիտուտների որակը, դատարանների անկախությունը, սեփականության պաշտպանության արդյունավետությունը և պետական կառավարման կանխատեսելիությունը։ Այն երկրները, որոնք կարողանում են ստեղծել վստահելի իրավական միջավայր, ներգրավում են միջազգային կապիտալ, զարգացնում են նորարարությունը և ապահովում երկարաժամկետ տնտեսական աճ։ Իսկ այն երկրները, որտեղ ներդրողները տեսնում են իրավական կամ քաղաքական անորոշություն, աստիճանաբար կորցնում են մրցունակությունը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում։

    Սեփականության իրավունքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, եթե այն չի հիմնավորվում բացառապես օրենքով, համաչափությամբ և անկախ դատական վերահսկողությամբ, կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր։ Վտանգը միայն կոնկրետ գործով պայմանավորված հետևանքները չեն։ Առավել վտանգավոր է այն ազդակը, որը փոխանցվում է հասարակությանը, գործարարներին և միջազգային ներդրողներին։ Այդ ազդակը կարող է լինել այն, որ սեփականությունը բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կարող են կախված լինել քաղաքական իրողություններից ու իշխանության քմահաճույքից։ Մեր դեպքում՝ բացառապես մեկ անձի քմահաճույքից:

    Նման ընկալումը երկարաժամկետ առումով շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան ցանկացած առանձին տնտեսական կամ ֆինանսական կորուստ։ Հետևաբար, սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձանց շահերի պաշտպանության միջոց, այլ որպես պետական անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության պահպանման ռազմավարական պայման։

    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում