Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Ցուցանիշի մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խնդրել էր իրեն հետաձգել Իրանի վրա հարձակումը, սակայն ինքը չի համաձայնել։
«Սքոթը հիանալի ֆինանսիստ է. «Պարոն, գուցե սա հետո՞ անենք։ Չե՞ք կարծում, որ կարելի է մի փոքր սպասել», – հանրապետականների համագումարում ելույթ ունենալով՝ Բեսենթի խնդրանքը մեջբերել է Թրամփը։
Ամերիկայի առաջնորդը ընդգծել է, որ դա անհնար է։
«Ես ասացի՝ ոչ, որովհետև եթե մենք հիմա նրանց չհարվածենք, մեկ ամիս անց նրանք միջուկային զենք կստանան», – հավելել է Թրամփը։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե Իրանի վրա հատկապես որ հարձակման մասին է խոսքը։
Հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսին ամերիկացի զինվորականները Իրանի վրա իրականացրել են մի քանի շարք հարվածներ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդել էր, որ դա արվել է ի պատասխան Իրանի գործողությունների ընդդեմ առևտրային նավերի, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ բազաների վրա հարվածներով, փակել է Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
Այս ամենի ֆոնին օգոստոսի 19-ին Թրամփը հայտարարել է Իրանի տնտեսական մեկուսացմանն անցնելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։
Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։
Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։
Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է»։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:
Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել այն մարզերում, որտեղ համայնքապետերի ընտրություններ են սպասվում։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ և վերահսկող մարմիններին հանձնարարել է առավել ակտիվ աշխատել մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես տեղական իշխանությունների ու սեփական թիմի ներսում ընթացող գործընթացները, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների գործունեությունը։
Հատկապես խոշորացույցի տակ են ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները, կապերն ու հնարավոր պայմանավորվածությունները։ Ուսումնասիրվում են նաև ընտրական գործընթացներին առնչվող հնարավոր գործարքները, այդ թվում՝ ձայների բաժանման կամ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես խիստ է դրել հոկտեմբերի 25-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Իշխանության ներսում դրանք դիտարկվում են որպես կարևոր քաղաքական փորձություն, և վարչապետը ցանկանում է բացառել իր համար անցանկալի զարգացումները։
Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին մարզերում իրավապահների գործողությունները կտրուկ ակտիվանան, իսկ որոշ դեպքերում հանգեցնեն նաև ձերբակալությունների։ Թե որ մարզերում և ում շուրջ կարող են զարգացումներ լինել, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել մարզերի համայնքապետերի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հայտարարագրերը։
Փարամազյանը 2016 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ն աշխատել է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար։ 2017 թվականին ընտրվել, 2022-ին վերընտրվել է։ Նրա 2021 թվականի հայտարարագրում որպես եկամուտ նշված է 26 մլն 492 հազար 863 դրամ։ Դրանից 24 մլն դրամը Փարամազյանը ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ վարձակալության դիմաց, իսկ 2 մլն 492 հազար 863 դրամը՝ Քաջարանի համայնքապետարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
2021 թվականին նրա անունով եղել են երկու անշարժ գույք՝ Քաջարանում գտնվող հասարակական նշանակության շինություն և բնակարան։ Շինությունը ձեռք էր բերվել 2011 թվականին՝ գնման, իսկ բնակարանը՝ 2019 թվականին՝ նվիրատվության եղանակով։ Նույն ժամանակահատվածում Փարամազյանը հայտարարագրել էր 2019 թվականի Toyota մակնիշի ավտոմեքենա։
2021 թվականի տարեվերջին Փարամազյանի բանկային հաշիվներում առկա էր ընդհանուր 14 մլն 34 հազար 169 դրամ և 82 եվրո, մինչդեռ տարվա սկզբին հաշիվներում եղել էր 5 մլն 200 հազար 792 դրամ և 96 եվրո։ Կանխիկ գումարը տարվա սկզբի 400 հազար դրամից տարեվերջին նվազել էր մինչև 20 հազար դրամ։
Նույն հայտարարագրում նշված էր նաև, որ Փարամազյանը 100 տոկոս մասնակցություն ուներ «Տրամպ» ՍՊԸ-ում և 100 տոկոս մասնակցություն՝ «Մալիլու» ՍՊԸ-ում։ 2021 թվականի տարեվերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել էր 2 մլն 477 հազար 212 դրամ։
Այժմ՝ 2025 թվականի հայտարարագրում, Փարամազյանի հիմնական անշարժ գույքը չի փոխվել․ նրա անունով կրկին նշված են Քաջարանում գտնվող նույն հասարակական նշանակության շինությունն ու բնակարանը։ Նա շարունակում է ունենալ նաև 2019 թվականի Toyota ավտոմեքենան։
2025 թվականին, սակայն, նրա հայտարարագրած եկամուտը կազմել է 11 մլն 139 հազար 768 դրամ։ Դրանից 9 մլն 526 հազար 864 դրամը աշխատանքի վարձատրությունն է Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմից, իսկ 1 մլն 612 հազար 904 դրամը՝ ԶՊՄԿ-ից ստացված վարձակալական եկամուտը։
2025 թվականի տարեվերջին Փարամազյանի բանկային հաշիվներում առկա գումարը կազմել է ընդհանուր 14 մլն 460 հազար 706 դրամ, մինչդեռ տարվա սկզբին այն եղել է 13 մլն 918 հազար 289 դրամ։ Այսինքն՝ բանկային հաշիվների դրամական մնացորդը տարվա ընթացքում ավելացել է մոտ 542 հազար դրամով։ Կանխիկ գումարը, հակառակը, նվազել է՝ 220 հազարից հասնելով 120 հազար դրամի։
Այսպիսով, հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ 2021-ից 2025 թվականներին Փարամազյանի հայտարարագրած երկու անշարժ գույքն ու Toyota ավտոմեքենան պահպանվել են, իսկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները 2025 թվականի վերջին գրեթե նույն մակարդակի են եղել, ինչ 2021 թվականի վերջին»։
Հայաստանի քաղաքական խոսույթում վերջին տարիներին ամենաինտենսիվ քննարկվող թեմաներից մեկը Եվրամիության հետ մերձեցման հեռանկարն է, և այս թեմայի շուրջ ձևավորված հանրային սպասելիքներն ու իրականության միջև եղած անդունդը օրեցօր ավելի է խորանում։ Երկրի ղեկավարությունը համառորեն հայտարարում է եվրոպական ուղղվածության մասին, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստանում են արագ տեմպերով մտնել պաշտոնական բանակցային փուլ, սակայն Բրյուսելից հնչող ազդակները վկայում են բոլորովին այլ իրականության մասին։
Ամենաուշագրավ և ամենախոսուն փաստը վիզային ռեժիմի ազատականացման հարցում Եվրամիության դիրքորոշումն է։ Երբ ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ չափազանց վաղ է խոսել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին (թեկուզ նկատի ունենալով կոնկրետ թվական նշելը), սա ոչ թե տեխնիկական բնույթի մեկնաբանություն է, այլև քաղաքական ազդակ, որը պետք է ընկալել իր ամբողջ ծավալով։ Վիզայի ազատականացումը Եվրամիության հետ հարաբերությունների ամենահասարակ, ամենանախնական և համեմատաբար հեշտ իրագործվող քայլն է։ Սա այն գործիքն է, որով Եվրամիությունը պարգևատրում է առնվազն իրեն համակողմանիորեն լոյալ գործընկերներին կամ նրանց, որոնց օգտակար է համարում, և այն երբեք չի համարվել անդամակցության նախապայման կամ անդամակցության գործընթացի մաս։
Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան այս արտոնությունն ստացել են դեռևս այն ժամանակ, երբ անդամակցության հեռանկարի մասին լուրջ խոսք անգամ չկար։ Այսինքն, վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ այն նվազագույն զիջումն է, որն արվում է նույնիսկ առանց խորքային ռազմավարական պարտավորությունների։ Եթե Հայաստանի դեպքում նույնիսկ այս նվազագույն քայլի ժամկետների մասին (կրկնում ենք՝ թեկուզ կոնկրետ ինտերվալի մասին) խոսելը «չափազանց վաղ» է համարվում, ապա ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում այն պատրանքը, թե անդամակցության գործընթացը կարող է արագ սկսվել և հաջողությամբ ընթանալ։
Այստեղ անհրաժեշտ է հասկանալ Եվրամիության համայնքի որոշումներ կայացնելու ներքին մեխանիզմը, որն ակնհայտորեն անտեսվում է հայաստանյան հանրային քննարկումներում։ Եվրամիությունը միասնական քաղաքական դերակատար չէ, այլ քսանյոթ անդամ պետության համախումբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական շահերը, վետոյի իրավունքը և ներքին քաղաքական հաշվարկները։ Անդամակցության հարցում պահանջվում է բոլոր անդամների միաձայն համաձայնություն, և պատմությունն էլ ցույց է տվել, որ նույնիսկ մեկ երկրի առարկությունը բավարար է տասնամյակներով սառեցնելու թեկնածու երկրի հեռանկարները։ Թուրքիայի օրինակը ավելի քան խոսուն է. այդ երկիրը թեկնածուի կարգավիճակ ունի արդեն քառորդ դարից ավելի, սակայն անդամակցության իրական հեռանկարը գործնականում չկա։ Ուկրաինան, որին պատերազմի պայմաններում արտակարգ արագությամբ շնորհվեց թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, կանգնած է տասնամյակներ տևող բարեփոխումների ճանապարհի առաջ, և նույնիսկ նրա դեպքում մի շարք անդամ երկրներ բացահայտ դիմադրություն են ցույց տալիս ընդլայնմանը։
Այս ֆոնին Հայաստանի համար խոսել արագ անդամակցության մասին՝ նշանակում է անտեսել ոչ միայն Եվրամիության ներքին դինամիկան, այլև ընդլայնման նկատմամբ Բրյուսելում առկա աճող հոգնածությունը։ Եվրամիության ընդլայնման հոգնածությունը նոր նկատվող երևույթ է։ Վերջին երկու տասնամյակում ԵՄ-ն բախվել է ներքին լուրջ ճգնաժամերի՝ ֆինանսական ճգնաժամից մինչև Բրեքսիթ, միգրացիոն ճգնաժամից մինչև աջ պոպուլիզմի վերելք, և այս պայմաններում նոր անդամների ընդունումը՝ հատկապես տնտեսապես թույլ և ռազմավարականորեն անկայուն տարածաշրջանից, շատ անդամների համար ոչ թե ներդրում է, այլև լրացուցիչ բեռ։
Հայաստանը, որի տնտեսության ծավալը չափազանց փոքր է, որի արտահանման կառուցվածքը սահմանափակ է, և որը գտնվում է բարդ անվտանգային միջավայրում, Եվրամիության համար ներկայում չի ներկայացնում այն գրավչությունը, որը կարող է հաղթահարել ընդլայնման դիմադրությունը։ Ավելին, Հայաստանը չունի Եվրամիության հետ ցամաքային սահման, ինչը տեխնիկապես և իրավականորեն լուրջ հարցադրումներ է առաջացնում անդամակցության հնարավորության վերաբերյալ, քանի որ Եվրամիության պայմանագրերը ենթադրում են եվրոպական աշխարհագրական պատկանելություն, ու թեև այս չափանիշը պատմականորեն ճկուն է մեկնաբանվել, այնուամենայնիվ, այն լրացուցիչ խոչընդոտ է, որը պահանջում է բոլոր անդամների քաղաքական կամքը, ինչը ներկայումս բացակայում է։
Բացի իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտներից, կան նաև ռազմավարական և անվտանգային հանգամանքներ, որոնք անտեսելը ոչ միայն անիրատեսական է, այլև վտանգավոր։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում, որտեղ իր անվտանգության հիմնական մարտահրավերները պահանջում են անմիջական և գործնական լուծումներ, ոչ թե հեռավոր ապագայի ինտեգրացիոն նախագծեր, որոնք այդպես էլ կարող է իրականություն չդառնան։ Եվրամիությունը, ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, չի կարող և չի ցանկանում Հայաստանին տրամադրել անվտանգության երաշխիքներ։ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը ներկայացվում է որպես մերձեցման զգալի արդյունք, խորհրդանշական բնույթ ունի և չի կարող փոխարինել իրական անվտանգային համակարգին։
Այս պայմաններում երկրի ղեկավարության կողմից բոլոր ռազմավարական խաղաթղթերը դնելը եվրոպական ուղղվածության վրա՝ նշանակում է թուլացնել այլ ուղղություններով հարաբերությունները՝ առանց փոխհատուցում ստանալու։ Սա է հենց այն վտանգավոր սխալը, որի քարոզչությունը կարելի է բնութագրել որպես հեռավոր ապագայի համար ինչ-որ հավանական իրադարձության համար նախատեսված «լապշաներ», որոնց համար զոհասեղանին են դրվում ներկայի և մոտ ապագայի շահերը։
Այստեղ հարկ է առանձնացնել քաղաքական հռետորաբանության և պետական ռազմավարության տարբերությունը։ Երբ իշխանությունը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, այս հայտարարությունը կարող է ունենալ ներքին քաղաքական նպատակներ՝ ձևավորելու դրական օրակարգ, շեղելու ուշադրությունը սոցիալ-տնտեսական և անվտանգային կարևոր խնդիրներից, ստեղծելու առաջընթացի պատրանք։ Սակայն պետական ռազմավարությունը չի կարող հիմնվել հռետորաբանության վրա։ Իրական ռազմավարությունը պահանջում է սառը հաշվարկ՝ ի՞նչ է տալիս Եվրամիությունը այսօր, ի՞նչ կարող է տալ վաղը, և ի՞նչ գնով։ Վիզային ազատականացման հարցում Բրյուսելի դիրքորոշումը հստակ ցույց է տալիս, որ այսօր Եվրամիությունը պատրաստ չէ նույնիսկ նվազագույն զիջումների։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիայի գինը ներկայում անհամաչափ բարձր է կորսվող օգուտների համեմատ. պահանջվում են լուրջ զիջումներ աշխարհաքաղաքական դաշտում, հարաբերությունների սրում ավանդական գործընկերների հետ, տնտեսական կապերի վերակառուցում, իսկ փոխարենը առաջարկվում են միայն խոստումներ և խորհրդանշական ժեստեր։
Կարևոր է նաև հասկանալ, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և Եվրամիությանն անդամակցելը երկու տարբեր բաներ են։ Հայաստանը կարող է և պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ առևտրի, ներդրումների, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, քանի որ դա համապատասխանում է երկրի շահերին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն իսկ գործում է, լավ հիմք է այդ համագործակցության համար։ Սակայն այս համագործակցության խորացումը չի պահանջում անդամակցության հռետորաբանություն և երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման սրված փոփոխություն։
Խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ գործնական համագործակցությունը փոխարինվում է «իդեոլոգիական» նախագծով, երբ երկրի արտաքին քաղաքականությունը սկսում է կառուցվել ոչ թե շահերի հաշվարկի, այլև պատկերացումների և ակնկալիքների հիման վրա։
Անդամակցության գործընթացի իրատեսական գնահատականը պահանջում է նաև հասկանալ, թե ինչ փուլեր է ներառում այդ գործընթացը։ Նույնիսկ եթե Հայաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչը ներկայիս պայմաններում խիստ կասկածելի է, դրանից հետո սկսվում է տասնամյակներ տևող բարեփոխումների շրջան՝ օրենսդրության ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ, որը ներառում է հարյուրավոր օրենքների և կանոնակարգերի փոփոխություն, տնտեսության մրցունակության բարձրացում մինչև եվրոպական մակարդակ, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ ամրապնդում, դատական համակարգի արմատական բարեփոխում և այլն, և այլն։ Այս բոլորը պահանջում է հսկայական ռեսուրսներ, քաղաքական կայունություն և սոցիալական համերաշխություն, որոնք ներկայիս Հայաստանում խնդրահարույց են։ Իսկ ամենակարևորը՝ այս գործընթացի ավարտի երաշխիք չկա, քանի որ վերջնական որոշումը կախված է ոչ թե թեկնածու երկրի ջանքերից, այլև անդամ երկրների քաղաքական կամքից, որը կարող է փոխվել ցանկացած պահի ներքին քաղաքական զարգացումների արդյունքում։
Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարությունը շարունակում խթանել այն սպասելիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող իրականանալ կանխատեսելի ապագայում։ Պատասխանը, հավանաբար, ավելի շատ թաքնված է ներքին քաղաքական հաշվարկներում։
Եվրոպական ինտեգրացիայի թեման հարմար գործիք է հասարակության որոշակի շերտերի աջակցությունը պահպանելու, արևմտյան գործընկերների բարեհաճությունը ձեռք բերելու և արտաքին քաղաքականության ոլորտում «ձեռքբերումներ» ցուցադրելու համար։ Սակայն այս մոտեցումը կարճատև է ու վտանգավոր, քանի որ երբ սպասելիքները չիրականանան, ինչը անխուսափելի է, հասարակության հիասթափությունը կլինի համեմատաբար ավելի խորը, իսկ երկրի ռազմավարական դիրքերը՝ ավելի թույլ, քան եղել են գործընթացի սկզբում։
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է տելեգրամյան ալիքում։
Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։
Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքի ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ ընդգծելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան-Հայաստան հարաբերությունների կարևորությունը։
Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։
ՀԷՑ-ի խլման պրոցեսը նոր փուլ է տեղափոխվում: Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Այն, որ նախագծի հեղինակները պետք է փորձեին պատճառաբանել խլման գործընթացը, բնական է. օրինակ՝ կան այսպիսի պատճառաբանություններ. «օտարման նպատակը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ», «օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին» և այլն, գումարած՝ տեխնիկական ինչ-որ պատճառաբանություններ: Սակայն հենց «հիմնավորումներն» ինքնին վկայում են գործընթացի չհիմնավորվածության մասին: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշում էին մի քանի տնտեսագետներ, «պարզապես չկան հիմնավորումներ»: Չնայած, այլ տարբերակ լինել չէր կարող, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ ՀԷՑ-ի խլման այս պրոցեսը բացառապես քաղաքական է, ու նախագծի հեղինակները ստիպված են քաղաքական որոշման տակ ինչ-որ պատճառաբանություններ «դնել»: Արդյունքում թե՛ հիմնավորման մեջ, թե՛ հենց որոշմնան նախագծում կան ձևակերպումներ, որոնք, ինչպես նշեց տնտեսագետներից մեկը, մեղմ ասած, շարադրություն են հիշեցնում: Օրինակ՝ «սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին» (լո՞ւրջ), «օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում», «ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ», «բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը» և այլն:
Մի խոսքով, «բառերի շքերթ», որտեղ, սակայն, չկան ո՛չ տնտեսական, ո՛չ իրավական հիմքեր: Քաղաքական որոշման կյանքի կոչման զուտ քաղաքական փաստաթուղթ:
ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 52-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում և իրացնում է կեղծ օղի և կոնյակ։ Նա հրավիրվել է մարզային վարչություն և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 52-ամյա տղամարդու՝ Ղուկասյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են տարբեր մակնշումներով 144 շիշ կեղծ օղի, տարբեր տարողություններով 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, խցաններ, դատարկ շշեր և այլ պարագաներ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։