Blog

  • Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել





    Հուլիսի 9-ին տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից։

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:




    դիտվել է 94 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

    ՄԱՍ 1

    Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև մի շարք թվային պնդումներ՝ այս անգամ արդեն ՀՀ-ում, Ռուսաստանում և աշխարհում բնակվող հայերի թվի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության մասին։

    «Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ստուգել հաղորդման ընթացքում ներկայացված պնդումները։ Այս հոդվածում ուսումնասիրել ենք, թե որքանով են իրականությանը համապատասխանում հաղորդման մասնակիցների հայտարարությունները հայ բնակչության թվաքանակի, ՀՀ–Ադրբեջան առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումների վերաբերյալ։

    Նախորդ հրապարակումը — Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում

    Պնդում 5

    Հաղորդման ընթացքում (46:20-46։45րոպե) մասնակիցները պնդում են, որ Ռուսաստանում ապրում է 2.5–3 մլն հայ, Հայաստանում՝ 3.1 մլն, իսկ հայկական սփյուռքի թվաքանակը կազմում է 15–20 մլն։

    Փաստերի ստուգումը․ Ռուսաստանում ապրող հայերի պաշտոնական թիվը 947 հազար է

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի վերաբերյալ պնդումը և արձանագրել, որ այն պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ Միաժամանակ հարկ է նշել, որ Ռուսաստանի իշխանությունները բնակչության ազգային կազմի վերաբերյալ ընթացիկ վիճակագրություն չեն հրապարակում, ուստի այս հարցի պաշտոնական աղբյուրը մարդահամարի տվյալներն են։
    Ռուսաստանում բնակվող քաղաքացիների ազգային պատկանելիությանը վերաբերող հիմնական վիճակագրությունը հիմնված է մարդահամարների արդյունքների վրա։ Վերջին և ամենաթարմ մարդահամարն այդ երկրում անցկացվել է 2020–2021 թվականներին, իսկ արդյունքները հրապարակվել են 2022 թվականին։ «Բնակչության ազգային կազմը» բաժնում ներկայացված են այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների տվյալները։

    Ըստ այդ տվյալների՝ ՌԴ-ում ապրող հայերի թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 947 հազար մարդ (մոտ 510 հազար տղամարդ և 435 հազար կին)։

    Հետևաբար, պնդումը, թե Ռուսաստանում ապրում է 2.5–3 մլն հայ, պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ 

    Այս թեմային FIP-ն անդրադաձել էր նաև այս տարվա մայիսին։

    ՀՀ մշտական բնակչության թիվը

    ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ հնչած՝ 3.1 մլն բնակչության մասին պնդումը համապատասխանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներին։

    Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 100.1 հազար մարդ։ Հետևաբար, ՀՀ-ում 3.1 մլն մշտական բնակչության մասին պնդումը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը։

    Աշխարհում ապրող հայերի թիվը

    Հաղորդման մասնակիցների պնդմամբ՝ աշխարհում հայկական սփյուռքի թվաքանակը կազմում է 15–20 միլիոն։

    Փաստերի ստուգումը․ պնդման մեջ ներկայացված թվերը չեն համապատասխանում հասանելի պաշտոնական և հեղինակավոր աղբյուրների գնահատականներին

    ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքի 2023 թվականի հունիսի 5-ի արխիվացված տարբերակում նշվում է, որ, ըստ գնահատականների, աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 միլիոն հայ։

    Սա հայկական սփյուռքի թվաքանակի վերաբերյալ հասանելի վերջին պաշտոնական գնահատականներից է։

    Միաժամանակ, վերջին տարիներին  տարբեր   աղբյուրներ, այդ թվում՝ «ՍիվիլՆեթը», ներկայացրել  են առավել բարձր  ցուցանիշ՝ նշելով, որ աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 8–10 միլիոն հայ։

    Հետևաբար, հաղորդման մեջ հնչած՝ 15–20 միլիոն հայի մասին պնդումը չի հաստատվում  պաշտոնական վիճակագրությամբ և չի համապատասխանում հեղինակավոր աղբյուրներում ներկայացված գնահատականներին։

     Պնդում 6

     

    Հաղորդման մասնակից լրագրող Արկադի Խուդաբաշևը նշել է. «Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Սյունիքով անցնող այս միջանցքի դիմաց կստանա ադրբեջանական գազ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջերս հրապարակել էին վիճակագրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սկսված ապրանքաշրջանառության վերաբերյալ։ Ըստ դրա՝ Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 11 կամ 12 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանը Ադրբեջան՝ մոտ 9–10 հազար դոլարի ապրանք»։ (17։15-17։35 րոպե–խմբ․)

    Փաստերի ստուգումը․ ներկայացված թվերը ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությամբ չեն հաստատվում

    Ըստ ՀՀ մաքսային վիճակագրության՝ 2025 թվականին Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 1 215.1 տոննա նավթամթերք (ԱՏԳ ԱԱ 2710)՝ 873.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով։ 2024 թվականին նույն ապրանքախմբով ներմուծում չի արձանագրվել։

    2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 3.6 մլն լիտր նավթամթերք՝ 2 մլն 45.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, ինչպես նաև 5 398.1 տոննա նավթամթերք՝ 4 մլն 302.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Այսպիսով, 2025 թվականի և 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ մաքսային վիճակագրությամբ Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը զգալիորեն պակաս է Խուդաբաշևի նշած 11–12 մլն ԱՄՆ դոլարից։

    Միաժամանակ,  մաքսային վիճակագրության 2024 և 2025 թվականների տարեկան տվյալներում, ինչպես նաև 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներում Հայաստանից Ադրբեջան արտահանման ցուցանիշներ առկա չեն։

    Հետևաբար, Խուդաբաշևի ներկայացրած թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությանը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հաղորդման ընթացքում չի նշվում, թե որ աղբյուրի կամ որ երկրի վիճակագրության հիման վրա են ներկայացվել այդ տվյալները։

    Պնդում 7

    Հասարակական գործիչ Միկա Բադալյանը նշել է. «Ինչ վերաբերում է փոխանցումներին, միայն Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի  ՀՆԱ-ի գրեթե 8%-ը»։ (31:20–31:35)

    Փաստերի ստուգումը․ պնդման մեջ ներկայացված ցուցանիշը պաշտոնական տվյալներով չի հաստատվում

    ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ բանկերի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով Հայաստան մուտք է եղել 3 մլրդ 878.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 749.9 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 3 մլրդ 128.4 մլն ԱՄՆ դոլար։

    Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29,2 մլրդ դոլար։ 

    Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան մուտք եղած փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի շուրջ 13.3%-ը, այլ ոչ թե հաղորդման ընթացքում նշված՝ «գրեթե 8%-ը»։

    Միաժամանակ, եթե դիտարկվի զուտ ներհոսքը՝ հաշվի առնելով նաև Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումները, ապա այն կազմել է 3 մլրդ 128.4 մլն ԱՄՆ դոլար, կամ ՀՆԱ-ի շուրջ 10.7%-ը, ինչը նույնպես չի համապատասխանում հաղորդման ընթացքում նշված գնահատականին։

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած վերոնշյալ թվային և փաստական պնդումների մեծ մասը չի  համապատասխանում  պաշտոնական տվյալներին։

     Մասնավորապես, պաշտոնական վիճակագրությամբ չեն հաստատվում Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի, աշխարհում հայկական սփյուռքի ընդհանուր թվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների՝ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժնի վերաբերյալ ներկայացված գնահատականները։ 

     

    Գայանե Մարկոսյան

     

     

  • ՆԳՆ-ն զգուշացնում է

    Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

    «Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։

    Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

    • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,- ասվում է հաղորդագրությունում։

    The post ՆԳՆ-ն զգուշացնում է appeared first on Սյունիք ՀԸ.

  • «Ինչի համար են ինձ մեղադրում` ես այդպես էլ չհասկացա». Սամվել Կարապետյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

    «13 ամիս առաջ ինձ առաջադրվեցին 3 մեղադրանքներ, մեկը` մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որը ես համարում եմ դատախազի ու քննիչի կողմից իրավունքի ոտնահարում»,-դատարանում այսօր հայտարարեց գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիրքորոշում հայտնելով իր նկատմամբ կիրառված տնային կալանքը ևս 3 ամսով երկարացնելու դատախազի միջնորդության վերաբերյալ։


  • «Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը



    Lifestyle


    Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը: Նա օրվա առթիվ Ինստագրամում ֆոտոշարք է հրապարակել անկողնուց:

    Դերասանուհուն ինստագրամյան իր էջում շնորհավորել են գործընկերները՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու արտիստները:

    «Իմ անուշ ու աննման Մարջան, շնորհավորում եմ ու մաղթում եմ լիքը, փառահեղ դերեր ու մեր երազած հայրենիքը»,- գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը:

    «Իմ տաղանդավոր, խելագար, սիրուն, շքեղ, թանկ ու հարազատ: Տաղանդիդ չափ երջանիկ լինես, իմ խենթ ու խելառ տարիների ընկեր: Ապրես, որ ծնվել ես, թե չէ չէի ունենա սիրելի դերասանուհի: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանք»,- գրել է դերասանուհի Անի Երանյանը:

    «Մարջան ջան, շքեղ կին ու ֆանտաստիկ արտիստ, գժվելիք ընկեր ու իսկական հայ, ծնունդդ շնորհավոր»,- գրել է դիրիժոր Վահե Բեգոյանը:

    «Ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն Մարջան»,- գրել է դերասանուհի Մագա Հարությունյանը: 






  • Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան



    Տնտեսություն





    Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Ես ամենօրյա թվերին հետևում եմ, կարող եմ ասել, որ Հայաստան ժամանող ուղևորների շատ մեծ ուղևորահոսքեր կան, այս օրերին ամեն օր համարյա 10,000-ից ավելի ուղևոր մուտ է գործում ՀՀ: Շուկայում էլ գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն, իահրկե 1-2 ապրանքատեսակի, օրինակ՝ վարդի և լոլիկի հետ կապված որոշակի գնանկում կա, բայց մնացած դեպքերում կարծես թե էական գնանկում չունենք»,- նշել է Փաշինյանը:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ անդրադառնալով գնանկմանը՝ շեշտեց, որ ապրանքատեսակներից միայն լոլիկի մասով է գնանկում տեղի ունեցել, իսկ ծաղիկի մասով արտահանումն ավելացել է, միայն երեկ 139,000 հատ արտահանում է եղել, հավելեց, ունեն որոշակի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ հարցը լուծելու:

    «Դեռևս հունիս ամսվա սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքները, թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակները։ Կառավարության այս որոշման նպատակն է ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների նկատմամբ, մենք մշտապես ականջալուր ենք շուկայի պահանջներին»,- ընդծել է Պապոյանը:




  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով:

    Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը և գրավ:

    Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

    tert.am

  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

     

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

     

    Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար:

  • Հանգիստ թողեք Նազիկ Ավդալյանին. Չեմպիոնը պարտավոր չէ քննություն հանձնել ամբոխի առաջ

    Հայաստանում կրկին գործի է դրվել հին, պարզունակ և շատ վտանգավոր հանրային մեխանիզմը. մարդը պետք է ոչ թե պարզապես դիրքորոշում ունենա, այլ պարտավոր է ունենալ հենց այն դիրքորոշումը, որը նրանից պահանջում է աղմկոտ, ագրեսիվ և ինքնակոչ ամբոխը։

    Այս անգամ թիրախում է հայտնվել Նազիկ Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մարդ, որը միջազգային հարթակներում բարձրացրել է ոչ միայն ծանրաձողը, այլև Հայաստանի դրոշը։ Մարզուհի, որի կենսագրության մեջ կա ցավ, վերադարձ, բնավորություն, կամք և արդյունք։

    Առիթը դարձավ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և դրան հաջորդած սպասումների ալիքը. իբր այն մարզիկները, որոնց տարիների ընթացքում աջակցել է Ծառուկյանը, որոնց խրախուսել է, նվերներ է տվել, մեծարել է, հիմա պարտավոր են դուրս գալ և ասել «ճիշտ» խոսքեր։

    Ոչ թե մարդկային, անկեղծ
    այլ հենց այն բառերը, որոնք կհագեցնեն հերթական բազմոցային տրիբունալի ախորժակը։

    Նազիկ Ավդալյանը ասաց այն, ինչ կարող էր ասել արժանապատիվ մարդը։ Նա չփորձեց իրեն ներկայացնել իրավաբան, քննիչ, դատավոր կամ քաղաքական մեկնաբան։ Նա ազնվորեն գրեց, որ կարող է խոսել սպորտի մասին, որովհետև դա իր կյանքն է, իր ոլորտը։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին չի կարող գնահատական տալ, եթե ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին։ Միևնույն ժամանակ նա մարդկային աջակցություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին, նրա տիկնոջը և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Եվ ի՞նչն է այստեղ սխալ։

    Ի՞նչ էին ուզում լսել բարոյականության այս նորաթուխ դատախազները։ Որ աշխարհի չեմպիոնը նետվե՞ր քաղաքական խրամատ։ Որ բոլորից բարձր գոռա՞ր։ Որ իր շնորհակալությունը ապացուցե՞ր հրապարակային հիստերիայով։ Որ մարզիկը, որն ամբողջ կյանքում խոսել է արդյունքով, հիմա սկսի արդարանալ այն մարդկանց առաջ, որոնց գլխավոր նվաճումը մեկնաբանություններում ճամարտակե՞լն է։

    Հենց սա է պահի ամենատհաճ և ամենամերժելի կողմը։

    Մարզիկին տրված նվերը նրա խղճի գնման գործարք չէ։ Տունը, պարգևը, աջակցությունը, մեցենատի ուշադրությունը չեմպիոնի նկատմամբ ցմահ պարտավորագիր չեն։ Դա արժանիքի ճանաչում է։ Դա հասարակության շնորհակալությունն է մարդուն, որը պատիվ է բերել երկրին։

    Եվ ցանկացած մեցենատի, ցանկացած գործարարի, ցանկացած սպորտային կառույցի ղեկավարի համար պետք է պատիվ լինի կանգնել Նազիկ Ավդալյանի նման մարզիկների կողքին։

    Որովհետև մեցենատը չէ, որ չեմպիոնին դարձնում է չեմպիոն։ Նա կարող է օգնել, աջակցել, պայմաններ ստեղծել, դուռ բացել։ Բայց մրցահարթակ դուրս է գալիս մարզիկը։ Ցավը տանում է մարզիկը։ Վնասվածքը հաղթահարում է մարզիկը։ Ծանրությունը բարձրացնում է մարզիկը։ Դրոշը բարձրացնում է մարզիկը։ Հիմնը լսում են բոլորը, հպարտանում են հայերը։

    Նազիկ Ավդալյանը ոչ ոքի պարտավոր չէ ապացուցել ո՛չ իր շնորհակալությունը, ո՛չ իր քաջությունը, ո՛չ իր մարդկայնությունը։ Նա արդեն ապացուցել է գլխավորը՝ իր ճանապարհով, իր կարիերայով, իր վերադարձով, իր հաղթանակով։

    Իսկ նրանք, ովքեր այսօր նրանից «ավելին» են պահանջում, թող նախ պատասխանեն մի պարզ հարցի. դուք ո՞վ եք և ի՞նչ եք արել։

    Ո՞ւր է ձեր աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ո՞ւր է ձեր բարձրացրած դրոշը։ Ո՞ւր է ձեր բերած պատիվը Հայաստանին։ Ո՞ւր է ձեր ցավը, որը տարել եք առանց տեսախցիկների և ծափահարությունների։ Ո՞ւր է ձեր հաղթանակը, որից հետո երկիրը կարող էր ասել՝ սա մեր մարզուհին է, մեր չեմպիոնը, մեր հպարտությունը։

    Չկա։

    Կա միայն աղմուկ։ Կա սոցիալահխն մանր եռուզեռ։ Կա ցանկություն՝ երևալու ամենահավատարիմը, ամենաբարձր գոռացողը, ամենա«սկզբունքայինը»։ Բայց դա սկզբունքայնություն չէ։ Դա հավատարմության էժան մրցույթ է, որտեղ ամեն մեկը փորձում է կանգնել սկանդալի կենտրոնին ավելի մոտ և գոռալ մյուսներից բարձր։

    Նորմալ հասարակությունում մարզիկին հարգում են ոչ միայն այն ժամանակ, երբ նա մեդալ է բերում։ Նրան հարգում են նաև այն ժամանակ, երբ նա քաղաքական կարգախոսի փոխարեն ընտրում է մարդկային ինտոնացիան։ Նրան հարգում են նաև այն ժամանակ, երբ նա չի ցանկանում իր անձնական վերաբերմունքը վերածել հրապարակային ներկայացման։

    Նազիկ Ավդալյանն ասաց բավարար։ Ավելին՝ նա ասաց արժանապատիվ։ Առանց հիստերիայի։ Առանց քաղաքական պաթոսի։ Առանց կեղծ խիզախության։ Մարդկային ձևով։

    Եվ եթե ինչ-որ մեկին դա քիչ է, խնդիրը Նազիկ Ավդալյանի մեջ չէ։ Խնդիրը նրանց մեջ է, ովքեր մարդկային շնորհակալությունը սովորել են չափել գոռոցի դեցիբելներով։

    Հանգիստ թողեք չեմպիոնին։

    Հայաստանը պետք է սովորի տարբերել այն մարզիկներին, որոնք փառք են բերել երկրին, մեկնաբանությունների այն փրփուրից, որը վեր է բարձրանում յուրաքանչյուր քաղաքական փոթորկի ժամանակ։

    Նազիկ Ավդալյանը Հայաստանի սպորտային պատվի մի մասն է։

    Իսկ նրա հասցեին հնչող հեյթը դիրքորոշում չէ։ Դա մանր, անշնորհակալ և ամոթալի տեսարան է:


    Թիվ 1 մեդիայի հիմնադիր Էդգար Բաբայան

  • Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի

    Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արայիկ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։